«Եթե «դեմ» քվեարկողներից ոմանք ընդդիմադիր են, ուրեմն ես ուզբեկ եմ». Ալեքսանդր Արզումանյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, որ իրեն քննադատելու իրավունքը պետք է վաստակել: Ինձ համար է անակնկալ, որ ոմանց համար անսպասելի է, քանի որ ես այս թեմայով բազմաթիվ ելույթներ եմ ունեցել։ Նաև բարեփոխումները դրական եմ գնահատել հենց իմ ելույթներում»,- ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՝ պատասխանելով դիտարկմանը ՝ սահմանադրական բարեփոխումների նախագծին «կողմ» քվեարկեցիք, ինչը, կարծես, շատերի համար անսպասելի էր, թեպետ ՀՀՇ-ն մասնակցում էր նախագծի բովանդակային քննարկումներին ու նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին։

Ալեքսանդր Արզումանյանը հիշեցնում է որ ՀՀՇ-ի ծրագրային դրույթներից է խորհրդարանական կառավարման մոդելին անցումը, եւ «ժառանգության» հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու ժամանակ նաեւ իբրեւ ծրագրային դրույթ ամրագրվեց խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, ինչը լավագույնս կարող է սպասարկել ժողովրդավարությանն անցումը եւ եվրոպական տիպի պետության կառուցումը։

«Սահմանադրության հայեցակարգը հրապարակելուց հետո ես նույնպես դրական եմ գնահատել ՝ ասելով, որ սատանան դետալների մեջ է. սպասենք տեքստին։ Տեքստի հետ մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, ու դա է պատճառը, որ գնացել ենք հանդիպման՝ հասկանալու համար իշխանությունների մտադրությունները։ Մեզ համար սկզբունքային է, որ գործող մեծամասնական համակարգը մեծագույն հնարավորություն է ընձեռում կեղծելու ընտրությունների արդյունքները»:

«Մենք մտադրություն չունենք մասնակցելու ինչ-որ քարոզարշավների, որեւէ մեկին կոչ չենք անելու, մենք նույնիսկ մեր կուսակցությունում չեմ կարծում՝ ինչ-որ որոշում ընդունենք։ Սենք լիբերալ ուժ ենք։ Այո, կուսակցությունն այսօր լիազորել է ինձ այդպիսի քվեարկությունով հանդես գալ, բայց շարքերն ազատ են ցանկացած ձևով քվեարկելու»,– ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իբրեւ ԵՏՄ-ի դեմ հանդես եկող կուսակցություն՝ այս բարեփոխումներն իրենց հնարավորություն են տալիս կամաց-կամաց ձերբազատվել ռուսական դիկտատից եւ ավելի ճկուն քաղաքականություն վարել ԵՏՄ-ի շրջանակներում, որը այսօր հանդես է գալիս որպես «դիկտատորների ակումբ».

Հետաքրքրվեցինք, այդ դեպքում ինչի՞ հիման վրա են «Ոչ»-ի կողմնակիցները հայտարարում, որ բարեփոխումների այս նախագծով Հայաստանը դառնում է ՌԴ-ի կցորդը։ «Եթե ուշադիր նայեք, այնտեղ բազմաթիվ ուժեր, որոնք մշտապես աչքի են ընկել ՌԴ-ից հրահանգներ ստանալու եւ այստեղ ռուսական գիծ քաշելու, բոլորը «Ոչ»–ի ճակատում են։ Եվ ինչպես ԵՄ Ասոցացման պայմանագրի ժամանակ Ռուսաստանի FSB-ից ստեղծված տարբեր տեսակ ծնողական կոմիտեներ խոսում էին նույնասեռականաթյան տարածման եւ այլ արժեքների կորստյան մասին, նույն տրամաբանությամբ հիմա խոսում են այն մասին, որ այս Սահմանադրությունը նույնասեռականների ամուսնության ճանապարհ է հարթում։ Կարծես Հայաստանում այլ խնդիր չկա, հիմնական շեշտադրումը դա է։ Դրանք սին են։ Ցավոք, չկա բանավեճ։ Երկու կողմից էլ կան լոզունգներ։ Ես դրանցից հոգնել եմ»,– ասաց Ալեքսանդր Արզումանյանը։

Ալեքսանդր Արզումանյանն ընդհանրապես նորճալ է նայում նրան, որ հանրաքվեն օգտագործելով՝ քաղաքական ուժերը փորձելու են այլ հարցեր աոաջ քաշել. «Ես ողջունում եմ, եւ եթե իրոք իշխանափոխության տանող ճանապարհ գտնեն իրենք, ես առաջիններից կլինեմ, որ կմասնակցեմ։ Բայց ես գտնում եւ, որ նաեւ պատասխանատվություն ենք կրում, մենք չենք կարող տարիներ շարունակ հասարակությանն ասել՝ ռեժիմը խուճապի մեջ է, մեկ օրից կտապալվի… 2008-ի համաժողովրդական շարժումը մենք հանգեցրեցինք, բերեցինք մի իրավիճակի, երբ սկսեցինք նախապատրաստվել 2013-ի խորհրդարանական ընտրություններին։ Նույն իրավիճակը հիմա է։ Եռյակներ-քառյակներ, տարբեր ձեւաչափեր փորձարկելուց եւ ֆիասկո ապրելուց հետո ինչ-որ ուժեր փորձելու են նոր ձեւաչափեր գտնել խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սա, թերեւս, լավ հնարավորություն է տալիս այդպիսի քարոզ անելու։ Բայց հերթական անգամ ժողովրդին հանել փողոց, ոչ մի բանի չհասնել ու հիասթափեցնել, կարծում եմ՝ ճիշտ ուղի չի լինի»։

Միաժամանակ մեր զրուցակիցը նկատում է, որ «Ոչ»–ի ճակատում բացարձակ տարբեր գաղափարական հոսանքներ ունեցող մարդիկ են, այնքան էլ պարզ չէ, թե ով ում է ներկայացնում։ Ավելին՝ կան մարդիկ, որոնք իրենցից բացի՝ որեւէ մեկին չեն ներկայացնում, եւ նորմալ չէ, որ թշնամական մթնոլորտ է ստեղծվում։ «Ամենաշատ «դեմ» խոսացողները փախան քվեարկությունից։ Ինչպես եւ ԵՏՄ-ի ժամանակ, մարդիկ չեկան քվեարկելու, հետո ասացին՝ եթե քվեարկեի, «դեմ» կլինեի։ Նույնը մենք տեսանք այս անգամ։ «Դեմ» քվեարկողների մեջ կան մարդիկ, որ եթե իրենք ընդդիմադիր են, ուրեմն ես ուզբեկ եմ»։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս