Քաղաքական կուլիսներում փորձում են գտնել Սերժ Սարգսյանի առաջադրած նոր գլուխկոտրուկի պատասխանը. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Վաշինգտոնից նոր գլուխկոտրուկ առաջադրեց, ու արդեն քանի օր է՝ քաղաքական կուլիսներում փորձում են գտնել դրա պատասխանը:
Իր ամերիկյան այցի ընթացքում Սարգսյանը, հիշեցնենք, «Քարնեգի» հիմնադրամում հայտարարել էր. «Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչեւ առաջնորդ դառնալը»: Հետաքրքիր է, որ մոտավորապես նույնաբովանդակ մի հայտարարություն էր արել նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ:
«Ամենեւին էլ այն մարդը չի լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ում մասին մտածում են»,- 2007-ի նախաշեմին՝ լրագրողների ամանորյա ընդունելության ժամանակ հայտարարել էր Քոչարյանը: Բայց եթե վերջինիս «գլուխկոտրուկը» լուծվեց անմիջապես, ու բոլորի համար պարզ էր, որ Քոչարյանը Սարգսյանին նկատի ունի, ապա Սարգսյանի դեպքում այլ է:
Այս ընթացքում նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվել՝ սկսած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, վերջացրած Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանով: Օհանյանի անունը, սակայն, որոշ ժամանակ անց դուրս եկավ շրջանառությունից: Նրա PR-ը սկսելուն պես նա իսկապես դժոխային օրեր ունեցավ: Նրա դեմ մեծ արշավ սկսվեց, ընդ որում, գրոհն ակնհայտորեն կազմակերպվում էր իշխանական մի թեւից: Այսպիսով, Օհանյանի հարցը փակվեց:
Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ մեկնելուց անմիջապես առաջ մի բավական ուշագրավ բան տեղի ունեցավ, որը վրիպել էր շատերի աչքից: Մյուռոնօրհնեքի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանը քաղաքական վերնախավի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա էր Վարագա Ս. Խաչի տոնին, որտեղ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ կատարվում էր Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը: Սերժ Սարգսյանի մի կողքին արարողության ողջ ընթացքում կանգնած էր նրա հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ կնոջ հետ, մյուս կողքին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ կնոջ հետ:
Մինչ այս Արկադի Ղուկասյանի անունը շրջանառվում էր որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաջորդ նախագահի թեկնածու: Ինքը՝ Ղուկասյանը, մեզ հետ զրույցում այդ կապակցությամբ ասել էր, թե հիմա ժամանակը չէ իր առաջադրման մասին խոսելու: Չի բացառվում, իհարկե, որ արարողակարգի սույն խախտումն իրականում կապ ունի Ղուկասյանի ԼՂՀ նախագահ դառնալու սցենարի հետ, բայց եւ չի բացառվում, որ դրանով Սարգսյանն իր թիմին մեսիջ է ուղարկել՝ կապված հայաստանյան զարգացումների հետ: Ամեն դեպքում, այս ցուցադրությունը դժվար է պատահական անվանել: Սարգսյանը դա արեց եւ անմիջապես էլ այնտեղից մեկնեց ԱՄՆ, որտեղից լսեցինք նրա վերոնշյալ հայտարարությունը Հայաստանի ապագա առաջնորդի մասին:
Հանրապետականի վերին օղակները խուսափում են որեւէ անուն նշել եւ մեկնաբանել Սերժ Սարգսյանի ասածը, մանավանդ որ, սահմանադրական փոփոխություններով երկրի կառավարման ողջ կառուցվածքը փոխվում է, ու դժվար է ասել՝ ՀՀ ապագա առաջնորդ ասելով, Սերժ Սարգսյանը հատկապես ինչ նկատի ունի՝ վարչապե՞տ, ԱԺ նախագա՞հ, թե ՀՀ նախագահ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: