ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում դադարեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն է տարածել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.
* * *
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը լսելով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և փաստաբան Նազելի Վարդանյանի բացատրությունները` Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ և ուսումնասիրելով ներկայացված նյութերը` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին 2013թ. դեկտեմբեր ամսվա որոշումը, քրեական գործով վարույթը կարճելու մասին 27.03.2015թ. որոշումը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին 01.09.2015թ. որոշումը, Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը` մեղադրանքը պարզաբանելու մասին, բողոքները` իրավունքի խախտումները վերացնելու մասին, պարզեց հետևյալը.
Որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի 01.09.2015թ. որոշմամբ քննիչը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով, այն բանի համար, որ նա, զբաղվելով փաստաբանական գործունեությամբ և հանդիսանալով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Գեղամյանի պաշտպանը, առանց նույն գործով տուժող Մարկոս Հովսեփյանի մոր` Տաթևիկ Հովսեփյանի համաձայնության ապօրինի հավաքել և լրատվության միջոցով տարածել Է վերջինիս վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ, այն Է` ապօրինի ձեռք բերելով Տաթևիկ Հովսեփյանի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ պարունակող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկված և որպես անձնական գաղտնիք դատարանի կողմից չհրապարակված 2013 թվականի օգոստոսի 13-ի թիվ 701 գրության պատճենը` 2013 թվականի սեպտեմբերի 18-ին «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «իմ արյունը չի վաճառվում» հաղորդման նկարահանման ժամանակ հաղորդավարի, հաղորդմանը հրավիրված հյուրերի և հանդիսատեսի ներկայությամբ, առանց Տաթևիկ Հովսեփյանի համաձայնության, տարածել Է նշված գրության բովանդակությունը` հրապարակելով, որ Տաթևիկ Հովսեփյանը տառապում Է հոգեկան հիվանդությամբ և նրա ցուցմունքը չէր կարող իրավական ուժ ունենալ:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ինչպես դատավարական փաստաթղթերում, այնպես էլ հանձնաժողովի նիստին բացատրություն տալով հայտնեց, որ Տաթևիկ Հովսեփյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը ստացել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանից, իսկ դատարանն էլ այդ փաստաթուղթը իր միջնորդության հիման վրա է պահանջել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից, այսինքն որպես դատավարության մասնակից, այդ փաստաթուղթն իրեն հասանելի է եղել: Բացի այդ, դատարանն իրենից չի պահանջել և ստորագրություն չի վերցրել նշված փաստաթուղթը չհրապարակելու մասին, այն դեպքում, երբ նման պահանջ է պարունակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը:
Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց նաև, որ մինչ իր կողմից փաստաթղթի հրապարակումը այն արդեն իսկ հրապարակված եղել է:
Նման պայմաններում Հանձնաժողովը գտնում է, որ փաստաբան, Նիկոլայ Բաղդասարյանը Տաթևիկ Հովսեփյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթն ապօրինի չի ձեռք բերել, քանի որ որպես դատավարության մասնակից` պաշտպան, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի (պաշտպանի իրավունքները և պարտականությունները) համաձայն այն իրեն հասանելի է եղել:
Հանձնաժողովը նաև փաստում է, որ նշված հոդվածում պաշտպանի իրավունքները սպառիչ չեն թվարկված, այն դեպքում, երբ պարտականությունները թվարկված են սպառիչ և վերը նշված իրավիճակում պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պաշտպանի պարտականությունները, այդ թվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 5-րդ մասում նշվածները, չի խախտել և գործել է իր պաշտպանյալի շահերից ելնելով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Նշված հոդվածի և նույն օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը հաշվի առնելով և նկատի ունենալով այն, որ դատարանը Նիկոլայ Բաղդասարյանից ստորագրություն չի վերցրել Տաթևիկ Հովսեփյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը չհրապարակելու պահանջով, հանձնաժողովը գտնում է, որ փաստաբան, քրեական գործով պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի գործողություններում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հանցակազմը, ուստի չի բացառվում, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է նրա վրա ճնշումներ գործադրելու համար` ակտիվ փաստաբանական և հասարակական գործունեության կապակցությամբ:
Վերոգրյալից ելնելով՝ Հանձնաժողովը կոչ է անում վարույթն իրականացնող մարմիններին դադարեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով