«Հավանաբար, մարդ ասելով՝ հանձնաժողովը հասկանում է միայն պատգամավորներին»
«Երբ սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովը դեռ հանրությանը չէր ներկայացրել փոփոխությունների նախագիծը, բայց արդեն որոշակի տեղեկատվություն էր հրապարակում, սահմանադրական բարեփոխումները հռչակված էին՝ որպես մարդակենտրոն, սակայն մեծ հիասթափություն ապրեցի, երբ ծանոթացա երկրորդ գլխում առաջարկվող փոփոխություններին»,- այսօր «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորումը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա չի հասկանում՝ սահմանադրական բարեփոխումների երկրորդ գլխում առաջարկվող փոփոխությունների պարագայում՝ ինչպես կարող է այդ առաջարկվող սահմանադրությունը համարվել մարդակենտրոն. «Հավանաբար, մարդ ասելով՝ հանձնաժողովը հասկանում է միայն պատգամավորներին, որովհետև, բացի պատգամավորների իրավունքների ընդլայնումից՝ ես չտեսա որևէ մարդու իրավունքների ընդլայնում այս առաջարկվող սահմանադրությամբ: Այս սահմանադրության երկրորդ գլուխն ակնհայտորեն նվազեցնում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները»:
Նրա խոսքով՝ այն իրավունքներն ու ազատությունները պետք է ընդգրկվեին երկրորդ գլխում, որոնք հիմնական են, բայց մտցրել են այս գլխին իմաստով ոչ բնորոշ իրավունքներ. «Օրինակ, պահանջներ ներկայացնելու իրավունք, մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունք, փոխարենը նեղացրել են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք հիմնական են»:
Փաստաբանն օրինակ բերեց, որ գործող Սահմանադրությամբ ամրագրված է՝ անմեղության կանխավարկածը, որն ընդունված է համարել որպես հիմնական իրավունք. «Գործող Սահմանադրությամբ ամրագրված են անմեղության կանխավարկածի բոլոր 3 կոմպոնենտները՝ ոչ ոք պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, և ոչ ոք չի կարող համարվել մեղավոր, քանի նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այդ 3-ից երկուսն առաջարկում են ընդհանրապես հանել՝ ոչ ոք պատավոր չէ ապացուցել իր անմեղությունը, չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, իսկ այդ երրորդ կոմպոնենտի մեջ հանված է դատարանի դատավճռով անձի մեղավոր ճանաչելու սկզբունքը: Այս ամբողջ անմեղության կանխավարկածն առաջարկվում է, որ հնչի այսպես՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ՝ օրենքին համապատասխան: Այսինքն՝ հեղինակների մտահղացումը կայանում է նրանում, որ կարող են անձին համարել մեղավոր հանցագործության մեջ՝ առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի: Սա զգալի հետընթաց է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների առումով: Սա միջազգային սկզբունքներին հակասող մոտեցում է»:
Փաստաբանը հայտարարեց, որ այս առաջարկվող սահմանադրության նախագծի մեջ կան բազմաթիվ նման հետընթացներ տարբեր կետերում, ու նկատեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները չեն խոսում հենց դրանց մասին. «Այս սահմանադրական փոփոխությունները ձեռնարկողներն այսքանից հետո ինչպե՞ս են պատկերացում, որ որևէ քաղաքացի, լինելով առողջ հոգեվիճակում, կարող է գնալ և քվեարկել, օրինակ, այս փոփոխության համար: Հույս ունեն, որ կանցնի, քանի որ թողած այս ամեն ինչը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բանավեճերն ընթանում են նրա շուրջ, թե մեզ պե՞տք է երկրորդ փուլ, թե՞ պետք չէ երկրորդ փուլ, երկրի գլխավոր գերագույն հրամանատար պե՞տք է լինի, թե՞ չպետք է լինի: Խոսողներն էլ բան չեն հասկանում նյութից, լսողներն էլ չեն հասկանում: Առաջին հերթին՝ մարդկանց պետք է բացատրենք, որ նախատեսվում է էականորեն սահմանափակել իրենց իրավունքներն ու ազատությունները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: