«Ինձ համար հիմա արդեն պարզ է, թե ով է խփել իմ տղայի աչքին». Զաքարյանների հայրը՝ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու և իրենց վրա ճնշումների մասին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ հայտարարեց, որ Քննչական կոմիտեն Դատախազություն է դիմել Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությամբ: Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով: ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ «նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս»:

Մամուլում, արդեն քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ տուժող ճանաչված Հարություն Զաքարյանը փոխել է ցուցմունքը՝ նշելով, որ Տիգրան Խաչատրյանն իրեն չի հարվածել: Իսկ Գևորգ Կոստանյանը երեկ հայտարարեց, որ նախաքննական մարմնից միջնորդություն են ստացել Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված՝ պայմանավորված նրանով, որ առերեսման արդյունքում ինչ-որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Զաքարյանների հոր՝ Գագիկ Զաքարյանի հետ:

– Պարո´ն Զաքարյան, Քննչական կոմիտեն դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու միջնորդությամբ: Որպես երկու տուժողների հայր՝ ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Եթե հիմնավորված է Քննչական կոմիտեի կողմից, եթե քննությամբ պարզաբանվել է… Վկաների ցուցմունքներ կան, փորձագետների եզրակացություն կա, ես լրիվ վստահում եմ և´ Քննչական կոմիտեի, և´ Դատախազության վերահսկողությանը: Կարևորը, որ բոլորն էլ պատժվելու են: Բոլորն էլ պատժվելու են, ով ինչ աստիճանի հանցանք գործել է, դրա համար էլ պատասխանատվության կենթարկվի: Ինձ համար է՛լ ավելի լավ է, որ վերջնականապես պարզաբանվեց, թե կոնկրետ աչքին խփողն ով է եղել, որովհետև մինչև այս պահը ոչ մեկն իր վրա չէր վերցնում, որ խփել է:

Կարդացեք նաև

– Հիմա որևէ մեկն ասո՞ւմ է, որ ինքն է խփել:

Հիմա քննությամբ պարզաբանվել է, որ Յուրա Մանուչարյանն է խփողը եղել՝ փորձագետների եզրակացությամբ, վկաների և ինքնախոստովանմամբ: Արդեն տուպիկի առաջ է կանգնել, չի կարող արդեն հրաժարվել: Դա ինձ լրիվ բավարարում է, իսկ մնացածն էլ՝ ով ինչ հոդվածով դատվում է, թող դատվի: Ինձ վրա ոչ մի ձևի ճնշումներ չկան, չեն կարող լինել, ոչ մի ձևի գայթակղություններ չեն ազդի ինձ վրա՝ գումարային, և այլն, և այլն: Ես մինչև վերջ իմ երեխայի առողջության համար պայքարում եմ, պայքարել եմ 5 ամիս: Վիրահատությունը երեկ չէ առաջին օրը եղել է, նորմալ է անցել վիրահատությունը: Երեկ պրոֆեսորի հետ խոսեցի, ահագին գոհ էր, հաջորդ՝ վերջնական վիրահատությունը երեք ամսից կլինի:

– Այսինքն՝ նա ընդունե՞լ է, որ ինքն է հարվածել Ձեր որդուն:

Յուրա Մանուչարյանը նույն ընտանիքի անդամ է, ինձ համար տարբերություն չկա, ինձ համար ճշմարտությունն է… Լրատվամիջոցների՝ ձեր, իրավապահների, Քննչական կոմիտեի, Դատախազության միջոցով, մենք՝ բոլորս միասին, համատեղ հասել ենք նրան, որ արդարությունը հաղթի: Իմ պատկերացմամբ՝ այս պահի դրությամբ մենք հասել ենք դրան: Ես բոլորից էլ շնորհակալ եմ, ձեզնից՝ նույնպես:

– Այսինքն՝ հավատո՞ւմ եք այն վարկածին, որ Յուրա Մանուչարյանն է Ձեր որդուն հարվածել:

– Ես ընդհանրապես վարկածների հավատացող մարդ չեմ: Ամենից շատ ինձ է հետաքրքրում՝ իմ տղային ով է խփել: Դա ինձ ուղղակի տանջում էր, թե կոնկրետ ով է խփել իմ տղային, ով է այդ հարվածը հասցրել, հիմա պարզ է ինձ համար:

– Սկզբում չէի՞ք նշում, որ Տիգրան Խաչատրյանն է եղել:

– Գնահատականները տվողը ես չեմ: Ես ներկա չեմ եղել կռվին, որ ես հիմնավորեմ կամ չհիմնավորեմ: Դա իմ իրավասություններից վեր է: Հինգ ամիս է՝ քննություն է գնում, քննությամբ պարզաբանել են, ես լրիվ վստահում եմ: Լրիվ վստահում եմ: Այնպես չէ, որ չեմ վստահում: Ես բոլորի վրա էլ կասկածել եմ, այնտեղ հո մե՞կը չի խփել, հարյուր հոգով խփել են: Բայց եթե քննությունը պարզել է, եթե կա փորձագետների եզրակացությունը, եթե կա վկաների ցուցմունքը և ինքնախոստովանումը, ինձ թվում է՝ դա ավելի բավարարում է ինձ: Ձեզ չի՞ բավարարում:

– Խնդիրն այն է, որ կարծես թե սկզբում Դուք էլ, Ձեր որդին էլ նշել էիք, որ վնասվածքը հասցրել է…

– Ես ասեմ: Սկզբում ոչ մեկը չէր ուզում իր վրա վերցնել այդ հարվածը: Բոլորն էլ հրաժարվում էին, բոլորը: Բոլոր մասնակիցներն էլ հրաժարվում էին, որովհետև գիտեին՝ ինչ պատասխանատվության պիտի ենթարկվեն: Բայց քննություն է, վերջիվերջո պրոֆեսիոնալներ են մարդիկ, քննում են գործը, չեն կարող դրանցից հրաժարվել: Իրենք տուպիկի առաջ են, իրենք չեն կարող հրաժարվել արդեն:

– Այսինքն՝ այս պահի դրությամբ՝ գո՞հ եք նախաքննությունից:

Այս պահի դրությամբ՝ այո: Քննությունը դեռ գնում է, դեռ առերեսումներ են լինելու, փախուստի մեջ եղած եղբորորդուն էլ են կալանավորել (խոսքը Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Մայիս Խաչատրյանի մասին է, ով գտնվում էր հետախուզման մեջ և հայտնաբերվել է սեպտեմբերի 28-ին.- Օ. Հ.): Իր հետ էլ պիտի արվի, դեռ քննությունը շարունակվելու է: Այս պահի դրությամբ գոհ եմ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս