Բաժիններ՝

«Ես չունեմ հարաբերություն». Գևորգ Կոստանյանը՝ Խաչատրյանների հետ հարաբերությունների և Տիգրան Խաչատրյանի կալանքի մասին

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ Սյունիքի մարզպետ սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքը փոխելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Ինձ այսօր զեկուցեցին, որ նախաքննության մարմնից միջնորդություն ենք ստացել խափանման միջոցի փոփոխության հետ կապված՝ պայմանավորված նրանով, որ առերեսման արդյունքում ինչ-որ նոր հանգամաքներ են ի հայտ եկել: Այսօր ստացել ենք, կուսումնասիրենք: Գործը հսկող դատախազը կուսումնասիրի և իր վերաբերմունքը կցուցաբերի այդ հարցի կապակցությամբ»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի ինքը Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ կանխակալ վերաբերմունք չունի որևէ անձի խափանման միջոցի վերաբերյալ. «Եվ երբ խափանման միջոցն ընտրվում է կոնկրետ հանգամանքների հաշվառմամբ, կոնկրետ ապացույցների գնահատմամբ, հետևաբար խափանման միջոցը վերանում է, եթե այն հանգամանքները, որի համար խափանման միջոց է ընտրվել, վերանում են: Դա ցանկացած դեպքում, բոլոր գործերով: Եվ այս գործը բացառություն չէ»:

Նա նշեց, որ գործի ուսումնասիրության արդյունքում հսկող դատախազը տեսել էր, որ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտություն կա և համապատասխան ցուցում էր տվել, որ նախաքննական մարմինը դիմի դատարան: «Հիմա քննչականը միջնորդել է, որպեսզի խափանման միջոցը վերանայվի, այսինքն՝ դադարեցվի կալանքը: Հիմա արդեն հսկող դատախազը կուսումնասիրի: Եթե այն հիմքերը, որոնք խափանման միջոց ընտրելու համար առկա էին, հիմա վերացել են, համապատասխան որոշում կկայացվի»:

Հարցին՝ արդյոք մտերի՞մ է Խաչատրյանների ընտանիքի հետ և ի՞նչ հարաբերություն ունի նրանց հետ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես չունեմ հարաբերություն, և Խաչատրյանների ընտանիքը ինձ համար բոլոր մնացած ընտանիքների պես ընտանիք է: Ոչ մտերիմ, թշնամական, բարեկամանական կամ չգիտեմ ցանկացած այլ դրսևորմամբ հարաբերություններ չունեմ ու չեմ էլ ունեցել»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս