«Արցախյան բաժանարար գծում պատերազմի վերսկսման հնարավոր դիպաշարերը». Հովսեփ Խուրշուդյան
Մեծ հավանականություն կա, որ առաջանցիկ տեմպերով զինվող Ադրբեջանը երբեք չի համաձայնելու Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, անգամ եթե հայկական կողմերը պատրաստ լինեն հանձնել ազատագրված տարածքները, այդ թվում` Քարվաճառը և նախկին Լաչինի շրջանի մեծ մասը: Ալիևի վարչակարգի առավելապաշտությունը և իրական փոխզիջման տորպեդահարումը սնուցվում է նավթադոլարներից ուռճացված սեփական ուժերի գերագնահատմամբ: Սակայն, իրականում այդ անհամարժեքությունն իրական սպառնալիք է Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքացիների անվտանգությանը:
Ալիև կրտսերի` Հայաստանին ուղղված մշտական սպառնալիքները, աշխարհի հայերին Ադրբեջանի թշնամի հռչակելը, Երևանը, Զանգեզուրը և Սևանա լիճն Ադրբեջանի նախնիների պատմական տարածք հայտարարելը լրջագույն մտահոգության առարկա պետք է դառնան Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիների համար: Այսուհետ Ալիևի վարչախմբի՝ ոչ միայն Հայաստանի անվտանգությանը, այլև գոյությանն ուղղված սպառնալիքն օր առաջ վնասազերծելը պետք է դառնա արտաքին և ռազմական քաղաքականությունների առաջնայնություն:
Այս ընթացքում, երբ Հայաստանում կեղծված ընտրությունների միջոցով իշխանության եկած խմբավորումը շարունակում է վատ և անարդյունավետ կառավարումը, երբ երկրում կոռուպցիայի ծավալները մնում են հսկայական չափերով, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ դիմում են արտագաղթի, Ալիևի վարչակարգն անհիմն հույս ունի, որ, ի վերջո, կկարողանա այնպիսի ռազմական գերակշռություն ապահովել բառիս բուն իմաստով «արնաքամ լինող Հայաստանի և Արցախի» նկատմամբ, որ առանց վարանելու, իր համար հարմար պահին կվերսկսի պատերազմը և կհասնի իր բաղձալի նպատակին:
Վերջին 10, և, հատկապես, 4-5 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմավարական արժութային պաշարները, որոնք կազմված են Ադրբեջանի նավթային հիմնադրամի, Կենտրոնական բանկի պահուստներից և Ֆինանսների նախարարության գանձապետական միջոցներից, ավելացել են 30 անգամ` հասնելով 50 մլրդ դոլարի:
Սակայն Արևմուտքն Ադրբեջանի նկատմամբ ունի էական և ազդեցիկ ֆինանսական լծակներ: Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանի արժութային պաշարներն ի պահ են հանձնվում գերազանցապես արևմտյան բանկերում: Չի բացառվում, որ պատերազմ սկսվելու պարագայում ինչ-ինչ հանգամանքների դեպքում դրանք սառեցվեն և չտրամադրվեն Ալիևին: Մեկ այլ լծակ է Ադրբեջանում նավթ արդյունահանող արևմտյան ընկերությունների կողմից նավթի արդյունահանման ծավալների կտրուկ նվազեցնելու հնարավորությունը:
Ադրբեջանի կողմից արդեն կուտակված միջոցները բավարար են առաջիկա 20 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարվա կտրվածքով սպառազինությունների ձեռքբերման նպատակով շուրջ 2 մլրդ դոլար ծախսելու համար: Սա մի ցուցանիշ է, որին Հայաստանը չի կարող հասնել նույն ժամանակաշրջանում, անգամ եթե մի հրաշք տրանսֆորմացիայի (փոխակերպման)՝ իշխանափոխության, համազգային համախմբման և ժողովրդի ուժերի մոբիլիզացիայի արդյունքում ՀՆԱ-ի տարեկան աճը դառնա 10-15%, իսկ արտաքին ներդրումները ներկայիս համեմատ տասնապատկվեն:
Ըստ որոշ հաշվարկների` եթե նավթի գինը պահպանվի անգամ ներկայիս[1] մակարդակով` 58 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ գազի գինը՝ 104 դոլար 1000 խմ-ի դիմաց, ապա 10 տարի անց` 2025թ.-ին, Ադրբեջանի ռազմավարական արժութային պաշարները կավելանան ևս 10-20 մլրդ-ով` հասնելով 70 մլրդ դոլարի:
Սույն ուսումնասիրության ներքո մեր խնդիրն է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի հարձակման դեպքում հայկական կողմի գործողությունների մարտավարությունն ու ռազմավարությունը, այլև այնպիսի դիպաշարերի քաղաքական հնարավորություններն ու հետևանքները, ըստ որոնց` Ադրբեջանի կողմից տրված որևէ առիթ հայկական կողմը կօգտագործի առաջին հերթին կանխարգելիչ ռազմական հարված հասցնելու և հակառակորդի հիմնական հարձակողական և ռազմավարական զինատեսակները և ենթակառույցները կործանելու ուղղությամբ, ապա Ադրբեջանի տարածք ներխուժման սպառնալիքի կամ դրա իրականացման պայմաններում` խաղաղություն կպարտադրեն վերջնական եռակողմ համաձայնագրի տեսքով, որում կարձանագրվի նաև Արցախի անկախության ճանաչումն իր սահմանադրական սահմաններով:
Առկա զինադադարի շարունակականությունը, ինչպես նաև դրա ավարտն ու ռազմական գործողությունների վերսկսումը խարսխվում են ոչ միայն ռազմական բաղադրիչի վրա, այլ նաև` քաղաքական: Արդյո՞ք քաղաքական բաղադրիչն այժմ բարենպաստ է, եթե այո, ապա արդյո՞ք այն հավերժ այդպիսին է մնալու Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար:
Ադրբեջան-Արևմուտք քաղաքական առճակատման խորացման պայմաններում չպետք է բացառել Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի շնորհիվ «կանաչ լույսի վառվելը» հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանին վերջնական խաղաղություն պարտադրելու գործողությունների առջև:
Արևմուտքի աջակցությունն ստանալու հավանականությունը կաճի, եթե հայկական ուժերը պատրաստակամություն հայտնեն պատերազմի մեջ մտնել որոշակի` իր հետ համաձայնեցված նպատակներով և պայմաններով, այդ թվում՝ Ադրբեջանից Եվրոպա ձգվող էներգատար խողովակների չթիրախավորման հարցում:
Հայաստանի համար առավել շահեկան կլինի պայմանավորվածություն ձեռք բերել Արևմուտքի հետ՝ չհարվածելով էներգատարներին` դրա դիմաց ստանալով Արևմուտքի աջակցությունը: Նման պայմանավորվածության առկայության մասին Կրեմլի իրազեկ լինելու հանգամանքն ինքնին կարող է նաև կանխարգելիչ նշանակություն ունենալ վերջինիս համար՝ դրանով պատերազմը վերսկսել չհրահրելով Ադրբեջանին: Քանի որ նման հրահրման հիմնական պատճառներից մեկը կարող է լինել այն կանխավարկածը, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում հայկական զինուժն առաջնային շարքից հանելու է հենց էներգատար խողովակները, ապա այն կարող է նավթի համաշխարհային գնի աճին խթանել՝ գոնե որոշակի ժամանակահատվածում փրկօղակ հանդիսանալով Ռուսաստանի տնտեսության համար:
Որևէ պատրվակով` լինի դա էներգատար խողովակների պաշտպանության խնդիր ՆԱՏՕ-ի դեպքում կամ ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակներում Հայաստանին աջակցություն (եթե, օրինակ, Ադրբեջանը հարվածներ հասցնի բուն Հայաստանի Հանրապետության տարածքին)՝ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ ուժերի դեպքում, տարածաշրջան (նախևառաջ՝ Ադրբեջան) միակողմանի կերպով որևէ երրորդ կողմից մուտք գործելը կարող է հանգեցնել այլ ուժերի՝ տարածաշրջան ներխուժելուն:
Ընդ որում, դա, որպես կազմակերպություններ, վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ-ին կամ ՆԱՏՕ-ին, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, այլև Թուրքիային՝ Նախիջևանը պաշտպանելու իր “մեկդարյա մանդատի” պատրվակով, կամ Իրանին՝ իր համար Իրան-Հայաստան ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի անվտանգությունն ապահովելու պատրվակով, կամ թալիշական շրջաններում իրավիճակի սրացման դեպքում հումանիտար հնարավոր աղետը կանխելու նպատակով: Թեև ամեն դեպքում տարածաշրջան, և, հատկապես, բուն հակամարտության գոտի զորք մտցնելու արևմտյան երկրների և առավել ևս՝ Իրանի կարողությունները Ռուսաստանի համեմատությամբ խիստ սահմանափակ են:
Նման դիպաշարի զարգացման իրականացման դեպքում Ադրբեջանը կարող է վերածվել արտատարածաշրջանային ուժերի սեկտորալ ներկայության գոտու, որի հետագա ճակատագիրն արդեն կորոշվի տարածաշրջանում իրենց ներկայությունն ապահոված ուժերի միջև բանակցությունների արդյունքում՝ հետպատերազմյա Գերմանիայի օրինակով:
Արցախյան խնդրի հանգուցալուծումը Հայաստանի համար բարենպաստ պայմաններում և Արևմուտքի հետ ստվերային պայմանավորվածությունների հիման վրա կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության էական ամրապնդմանը, ընդհուպ՝ ազատագրում Ռուսաստանի հետ 2014-ին կնքած գաղութատիրական գազային մենաշնորհի պայմանագրից՝ իրանական և թուրքմենական գազի տարանցիկ փոխադրման հեռանկարով:
Այլապես, եթե Իրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ ձևակերպված համաձայնության արդյունքում առաջիկայում պայմանավորվածություն ձեռք բերվի Իրանի և Արևմուտքի միջև (ըստ որի` իրանական գազը պետք է Եվրոպա հասցվի, և դրա հնարավոր ուղիներից մեկն էլ գազամուղը Հայաստանի տարածքով անցկացնելն է), ապա, քանի որ Հայաստանի պարագայում Արևմուտքն ու Իրանը նման պայմանավորվածություն ստիպված կլինեն ձեռքբերել ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ Կրեմլի հետ:
Հետևաբար, այդ դարի նախագծից հսկայական շահաբաժինն էլ կհասնի ոչ թե Հայաստանին և վերջինիս ժողովրդին, այլ «Գազպրոմ»-ին, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսաստանցի չինովնիկներին ու օլիգարխներին: Ամենակոպիտ հաշվարկներով` Հայաստանով Մեղրիից մինչև Բավրա` շուրջ 600 կմ 50 մլրդ խմ գազի տարանցման դիմաց Հայաստանը, ինքնուրույն գործընկեր (խաղացող) լինելու դեպքում կարող է ստանալ 1 մլրդ դոլարի մաքուր շահույթ[2]:
Իրանի էներգակիրների՝ նավթի և գազի Եվրոպա ուղղելու հարցն այն առանցքային նշանակություն ունեցող խնդիրների թվում է, որոնք, ի վերջո, ստիպեցին Արևմուտքին համաձայնության գալ Իրանի հետ:
Եթե Հայաստանի ու Արցախի հանրապետություններն ստիպված լինեն ինքնուրույն կանխարգելիչ ռազմական գործողություն նախաձեռնել՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու նպատակով, ապա պետք է հաշվի առնեն նաև Ռուսաստանի և Իրանի շահերն ու հնարավոր արձագանքները, փակուղի չմտցնեն այդ երկրների հետ հաղորդակցման և համագործակցության խողովակները: Այդ նպատակով չափազանց կարևոր է արտատարածաշրջանային շահերի ճշգրիտ վերլուծությունը՝ ռազմական ճանապարհով արցախյան խնդրի վերջնական հանգուցալուծման վերաբերյալ դիրքավորման տեսանկյունից:
Ադրբեջանի` որպես ռևանշիստական հետագա հավակնություններից հրաժարման երաշխիք Հայաստանի կողմից պատերազմի արդյունքում կարող է առաջ քաշվել այդ երկրի ազգային փոքրամասնությունների` թալիշների, լեզգիների, թաթերի և ավար-ծախուրների համար լիարժեք ավտոնոմ կարգավիճակների տրամադրումը, այսինքն, ըստ էության, Ադրբեջանի ֆեդերալիզացիան (դաշնայնացումը)` այդ երկրում ապրող բոլոր ժողովուրդների լիիրավ մասնակցությամբ ընդհանուր պետության ձևավորումը միջազգային վերահսկողության ներքո, իշխանության լիարժեք ապակենտրոնացմամբ, և այդ տարածաշրջաններում խաղաղապահների ներգրավմամբ:
Ուսումնասիրությունը և դիպաշարի մշակումը հեղինակի կողմից կատարվել է 2015թ. հուլիսին: Հետազոտության ամբողջական տարբերակը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կայքէջում (www.aiisa.am) կտեղադրվի և լրատվամիջոցներին կտրամադրվի առաջիկայում՝ ՄԱՀՀԻ-ում խնդրո առնչությամբ փորձագիտական քննարկումից հետո:
[1] Հետազոտութունը կատարվել է հուլիս ամսին, ուստի նավթի միջազգային գները վկայակոչված են 15.07.2015թ. դրությամբ:
[2] 1000 խմ գազի տարանցումը 100 կմ-ի համար հաշվարկված է 3,4 $-ով:
Հովսեփ Խուրշուդյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ