Իշխանությունների սխալների համար պատասխան են տալիս մեր զինվորները՝ իրենց կյանքով. Արմեն Մարտիրոսյան
«Ոչ թե ՀԱՊԿ-ին դիմելու կարիք կա, այլ ՀԱՊԿ-ն ինքը պետք է շատ կոշտ հայտարարություններ ընդուներ մինչև այժմ, ինչը չի եղել: Դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները չի կատարում, որի մասին մենք շատ վաղուց ենք զգուշացրել, որ դա, ցավոք սրտի, ոչ արդյունավետ, ֆիկտիվ կառույց է լինելու: Ուստի սպասելիքներ ՀԱՊԿ-ից գոյություն չունեն: Բայց կարծում եմ՝ այս պարագայում սահմանային լարված իրավիճակում շատ ճիշտ որոշում կայացրեց ՀՀ զինվորական ղեկավարությունը, երբ սկսեց ուժին ուժով պատասխանել: Կարծում եմ՝ միակ արդյունավետ ճանապարհն առաջին հերթին դա է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է իր անվտանգության խնդիրներն առանձնացնի ՀԱՊԿ-ից, որովհետև դա կարծես ավելի շատ միտված է թուրքալեզու պետությունների անվտանգությունն ապահովելուն, դրա անդամները հիմնականում թուրքալեզու պետություններ են, բացի Ռուսաստանից. «Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ պետք է առանձին ռազմական մեխանիզմով առաջ շարժվենք, բացի դա էլ, Բելառուսը, կարծեք թե, առանձնապես դեր չի խաղում: Դրա համար ցանկացած պարագայում ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, ՌԴ-ի հետ հարաբերությունները շարունակել, և պարզ է, որ մեր անվտանգությունը պետք է դիվերսիֆիկացվի արևմտյան տարբեր երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ: Այդ ուղղությամբ ևս մեր անվտանգությունը պետք է աշխատի:
Սակայն, ամեն դեպքում, մեր ներքին ռեսուրսներն են կարևոր, որովհետև կռվողի, ուժեղի հետ են բարեկամություն անում աշխարհում: Ուստի, առաջին հերթին՝ մենք պետք է մեր խնդիրները լուծենք, և դրա համար մեզ պետք է իրապես զարգացող ՀՀ՝ առանց արտագաղթի, առանց կոռուպցիայի, առանց սոցիալական և իրավական անարդարության: Օրինակ՝ Իսրայելում, որտեղ անընդհատ նման բախումներ կան, նախագահի որդուց մինչև գեներալի աղջիկ՝ պարտադիր գնում են բանակ, իսկ ՀՀ-ում դուք չեք տեսնի որևէ պաշտոնյայի կամ մեծահարուստի երեխա, որ սահմանին կանգնած է:
Նմանատիպ խնդիրներն են, որ մեր պաշտպանունակության վրա ազդում են: Դա համալիր լուծում է պահանջում: Բայց, ինչպես և անցած տարի, այս տարի էլ առավել արդյունավետ գործում է ռազմական համակարգը՝ ՊՆ-ն և նրա ենթակա ստորաբաժանումները: Այսինքն՝ իշխանությունների կատարած սխալների համար պատասխան են տալիս մեր զինվորներն իրենց կյանքով և փորձում են դրանք շտկել»: