«Չի կարելի արխային լինել, չես կարող ազգային նկարագիրդ փոխել. ուզում ես գնա Իտալիա, մեկ է՝ չես դառնալու իտալացի»· Մրո
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանում կմեկնարկի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը, որը կազմակերպում է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը: Այս տարի երկրորդ անգամ անցկացվող փառատոնին կմասնակցեն «Ակունք», «Մարաթուկ», «Սասուն», «Կարին», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Վան», «Նուբար», «Մենք ենք, մեր սարերը», «Վերադարձ», «Գորանի», «Մասունք», «Մարաթուկցիներ» խմբերը: Փառատոնի անցկացման կապակցությամբ 168.am-ը զրուցեց փառատոնի հիմնադիր, երգիչ Մրոյի՝ Արսեն Գրիգորյանի հետ:
– Արսեն, ինչո՞ւ «Գութան»: Ինչո՞վ է պայմանավորված փառատոնի անվանումը:
– Գութանը պատահական անուն չէ: Հայերն արարող տեսակ են, իսկ գութանն արարողին բնորոշող մի գործիք է, որը հողի հետ գործ է ունեցել: Մենք հողի մարդ ենք, քոչվոր չենք, դրա համար էլ փառատոնը «Գութան» է կոչվում: Մենք բոլորին համախմբելով՝ նպատակ ունենք մշակութային նոր ակոսներ բացել:
– Ո՞րն է այս փառատոնի անցկացման նպատակը:
– Մեր նպատակն է՝ պահել-պահպանել մեր ազգային երգն ու պարը, պահպանելով՝ նաև փոխանցել մատաղ սերնդին, ցույց տալ յուրաքանչյուր հայ երեխայի, պատանու, թե որն է իրեն պատկանող մշակույթը: Միևնույն ժամանակ, այդ ամենը պետք է ցույց տալ առանց հավելումների, առաց փոփոխությունների՝ էթնիկ վիճակով մատուցել: Նա կարող է լսել տարբեր տեսակի երաժշտություն, բայց պետք է հասկանա՝ ինչի տեր է: Մեր մշակույթը կապ ունի մեր գենետիկ կոդի հետ, որովհետև դարեր շարունակ ստեղծված այդ ստեղծագործությունները կապ ունեն մեր տեսակի հետ: Նույնիսկ մեր երաժշտությունը մեր աշխարհագրության հետ կապ ունի: Եթե տափաստանի ժողովուրդների երաժշտական չափերը հավասար են, ապա մեր չափերը խառն են: Դա է մեր նպատակը:
– Ինչպես և անցած տարի, այս տարի ևս փառատոնն անցկացվում է սեպտեմբերին: Ի՞նչ նորություններով է այս տարի փառատոնը ներկայանալու հանդիսատեսին:
– Ձգտելու ենք, որ փառատոնը միշտ այս ամսին տեղի ունենա: Երևանում միշտ կփորձենք անել «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում, քանի որ փառատոնը պետք է բացօթյա լինի, քանի որ նպատակ չունենք փառատոնն անցկացնել որևէ սրահում, որտեղ պետք է տոմս վաճառվի: Փառատոնը պետք է բացօթյա լինի, որ բոլորին հասանելի լինի՝ թե՛հայերին, թե՛ զբոսաշրջիկներին, որ նրանք տեսնեն մեր մշակույթը՝ երգը-պարը, տարազները: Այդ նպատակով մեծ բեմ կտեղադրվի Հայաստանում լավագույն սարքավորումներով՝ թե´ ձայնային, թե´ լուսային: Եթե փառատոնն ազգագրական է, պարտադիր չէ, որ զիջի մյուսներին: Ազգագրականը պետք է լինի լավագույնը:
Ազգագրականը փորձում ենք նորովի ներկայացնել: Չենք ուզում, որ բեմին 2 միկրոֆոն լինի ու վերջ: Անցած տարի բեմին 40 միկրոֆոն կար, որովհետև թե´ երգեցողությունն է կենդանի, թե´ նվագակցությունը: Յուրաքանչյուր խումբ, որ մասնակցում է մեր փառատոնին, պետք է կենդանի հնչողությամբ ելույթ ունենա: Այս տարի նորությունն այն է, որ երկու խումբ ավելացավ՝ «Գորանին» և «Մասունքը»: Մյուս խմբերն անցած տարի ևս մասնակցել էին փառատոնին: Ունենք մի խումբ, որը գալիս է Արցախից՝ «Մենք ենք, մեր սարերը», որը ներկայացնում է Արցախի երգն ու պարը:
Փառատոնի շրջանակում ունենք էջ, որը կոչվում է «Արժևորում մեր երախտավորներին», նրանց, ովքեր մեր ազգային մշակույթն իրենց կյանքի ընթացքում մատուցել ու փոխանցել են մեզ: Անցած տարի, օրինակ, անդրադարձել ենք Հայրիկ Մուրադյանին, Շատեր Սահակյանին, Գուրգեն Գաբրիելյանին: Փառատոնը ձայնագրվելու է ու կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ:
Մենք նպատակ ունենք, որ փառատոնը տարածվի ողջ Հայաստանում, սկսվի Արցախից, ավարտվի Երևանում: Մենք կիրականացնենք: Մենք երազում էինք, որ ունենանք այդ փառատոնը, ունեցանք: Դրան էլ կհասնենք:
– Նպաստավոր պայմաններ կա՞ն արդյոք ազգագրական նոր խմբերի ստեղծման համար: Միայն ցանկությունը քի՞չ չէ արդյոք:
– Փորձում ենք նաև աջակցել նորաստեղծ խմբերին: Խմբերի ստեղծման հիմնական միջոցն ու դրդապատճառը կամքն է ու ցանկությունը: Մնացած խնդիրները բարոյական խնդիրներ չեն: Մեր նյութական խնդիրները մեզ համար երկրորդական են, որովհետև ես իմ ընտանիքի հաշվին էլ կարող եմ անել, որովհետև իմ ընտանիքը մի մեծ ընտանիքի մաս է կազմում: Ես այսօր կարողանում եմ մի բան անել իմ մեծ ընտանիքի համար, ուրեմն կանեմ: Ես կկտրեմ իմ երեխաներից, բայց փառատոնը պետք է անեմ: Մենք կամք ու երազանք ունեինք՝ ստեղծել փառատոն, որտեղ մեր ազգային նկարագիրը կլինի, կցուցադրվի մեր պարը, կերգվի մեր երգը: Պատկերացնո՞ւմ եք՝ 160 մարդ, ամեն մի խմբում՝ 15-20 մարդ, բոլորը միասին բեմին կազմելու են հայկական գորգ: Դրանով իսկ ցույց է տրվելու, թե մեր գույներն ու նախշերը որոնք են:
– Ստացվում է, որ այս խմբերի անդամները նվիրյալներ են, ու նյութական շահագրգռությունը երկրորդ պլան է մղվում:
-Անպայման, ազգագրության բնագավառը նվիրում է պահանջում, բայց կցանկանայի նշել, որ աշխարհում ամենաթանկ արվեստն ազգագրական-էթնիկ արվեստն է: Որևէ երկիր գնաս, ամենաթանկ համերգներն էթնիկ համերգներն են, իսկ մեզ մոտ հակառակն է: Մենք փորձում ենք կայացնել, օգնել, որ այդ ազգագրական խմբերն ունենան նորմալ կենսամակարդակ, որ կարողանան ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի շրջանի տարազներ: Մենք ձգտում ենք նյութը որակով մատուցել, քանի որ այն կարևոր է, բարձրարժեք է, մատուցման ձևը նույնպես պետք է բարձրարժեք լինի:
– Ինչո՞ւ այդպես չէ մեզանում, ինչպես ասացիք, ճիշտ հակառակ վերաբերմունքն է՝ դրսի հետ համեմատած:
– Հայերեն մի բառ կա՝ «արխային են», որ, դե՛, մերն է : Ոչ, չի կարելի արխային լինել, չես կարող ազգային նկարագիրդ փոխել: Ուզում ես՝ գնա Իտալիա, մեկ է՝ չես դառնալու իտալացի: Դրա համար մեր տեսակը պետք է պահել: Մենք մեր միասնականությունը ցույց ենք տալիս գործով: «Գութանը» հավաքում է բոլոր խմբերին ու փորձում պահպանել ազգային մշակույթը: Նպատակ ունենք համշենահայերի խումբ հրավիրել «Գութանին»: Մենք իրավունք չունենք նրանց ասել՝ եկեք ձեր միջոցներին:
– Բայց այսօր հեռուստատեսությամբ չեն երևում այդ խմբերը:
– Մենք հենց դա ենք փորձում փոխել: Մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչ պետք է անել, մեր թիրախը գալիք սերունդն է: Պետք չէ մտածել 10-20 տարվա կտրվածքով: Պետք է մտածել, թե ինչ է լինելու հետո, արդյո՞ք անում ենք մի այնպիսի բան, որ 200 տարի հետո ունենանք ազգային մենթալիտետ, ոչ թե պարզապես քաղաքացիական:
– Ազգագրական խմբերի անդամներն առաջին հայացքից մեծահասակներ են: Մտահոգվելու տեղիք դա չի՞ տալիս:
– Մի քանի խումբ ունենք, որտեղ մեծահասակներ են, իսկ մնացած 9 խմբերում երիտասարդներ են: Ինչ վերաբերում է մտահոգվելուն, ապա մտահոգվելու տեղիք միշտ կա, բայց պետք է ոգևորել երիտասարդներին: Մենք ուզում ենք նրանց ցույց տալ, որ արժևորված է այն մարդը, որը այս գործի նվիրյալն է:
– Երիտասարդներն այսօր ցանկանում են ավելի շատ հայտնի լինել, գումար վաստակել:
– Իսկ դրա համար պե՞տք չէ սովորել, ներդրումներ անել: Մենք այսօր ներդրում ենք անում: Վաղը «Սասնա ծռերի» համերգը արժեք կունենա, դրա համար էլ այսօր ներդրում ենք անում: Ուզում եմ, որ ներդրում անենք, որ այդ խմբերի համերգները լինեն ոչ միայն բարեգործական, այլև ֆինանս ունենան առաջ գնալու, իրենց խնդիրները լուծելու: Մեր երիտասարդությունը լավն է:
– Իսկ այն կարծիքները, թե մեր երիտասարդները նախորդ սերունդների համեմատ ավելի վատն են···
– Ես դեմ եմ դրան: Երբ մարդն ուզում է իր ուսերից վայր գցի պատասխանատվությունը, ասում է՝ էս ինչ ջահելություն է հիմա: Ես ասում եմ՝ ո՛չ, մեր երիտասարդությունը հրաշք է, մնում է նրանց ուղղորդել: Նրանք պատրաստ են նվիրյալներ լինելու: Արժևորի՛ր զինվորին, որ նա հասկանա, որ զինվոր դառնալը կարևոր է, այլ ոչ թե պարտականություն է, որ պետք է զինվոր լինի թե՛ մշակույթի պահպանության, թե՛ գիտության ոլորտում: Մեր խմբերի երիտասարդների հետ գնում ենք սահման: Այս մասին չենք խոսում: Թող զինվորը տեսնի, որ իր կողքին ենք, տեսնի, որ արժևորում ենք իրեն: Այս նույն երիտասարդներն են, որ շատերը քննադատում են: Անձը պետք է հասարակական վերաբերմունք ունենա՝ կա՛մ պետք է անտարբեր լինի, կա՛մ ուշադիր լինի:
– Այդ անտարբերությունը շա՞տ չէ հիմա:
– Ո՛չ, ավելի շատ լրատվամիջոցներն են քարոզում անտարբերությունը, ցույց տալիս հակառակ բևեռը, քիչ են ցուցադրում բարին վերականգնելու, սերը տարածելու փաստերը ժողովրդի մեջ: Facebook չեմ մտնում, քանի որ բացասականը շատ է: Եկեք բարություն ու սեր տարածենք: