Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հասու են դարձել 1.3 միլիարդ մարդու

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շարունակվում են: Այսօր վաղ առավոտից իր աշխատանքներն է սկսել «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովը: 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ «100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համատեքստում ամենագլխավոր փոփոխությունը մեր անցած ճանապարհի վերագնահատումն ու ընկալումն էր»:

Վ. Սարգսյանն ասել է նաև, որ ապրիլի 22-24-ը Երևանում կայացած միջոցառումները հեռարձակվել են աշխարհում հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, որոնք դիտել են ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն մարդ: «Հաշվի առնելով, որ բոլոր միջազգային ալիքներն ուղիղ հեռարձակում էին ապահովել, դա հնարավորություն տվեց լայն զանգվածի ծանոթանալ մեր միջոցառումների բովանդակությանն այնպես, ինչպես մենք ուզում էինք փոխանցել աշխարհին»,-ասել է նա:

Լրագրողների հարցին, թե դա ի՞նչ փոխեց Թուրքիայի հասարակության մոտ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է. «Ես միշտ եղել եմ այն համոզմանը, որ ճանաչման գործում կարևոր նշանակություն ունի քաղաքացիական հասարակության դերը: Վստահ եմ, որ Թուրքիայի կողմից ճանաչումն ուղղակիորեն պայմանավորված է լինելու այդ երկրում քաղաքացիական հասարակության կայացմամբ ու առաջընթացով»:
Նրա Վ. Սարգսյանի` միջոցառումների բերած ամենամեծ փոփոխությունը կրեցինք մենք ինքներս. «Այն մեր ինքնաընկալման ու անցած ճանապարի վերագնահատման փոփոխությունն էր: Ես հիացմունքով էի նայում մեր հայրենակիցների դեմքերին, ովքեր գալիս էին Ծիծեռնակաբերդ, գալիս էին դեռևս ապրիլի 24-ից ամիսներ առաջ, անընդհատ հոսքով, նրանց բոլորի դեմքին կար վերածննդի գաղափարը: Ցեղասպանությունը ոչ միայն տապալվեց որպես ծրագիր, քանի որ հայ ժողովուրդը չվերացվեց, այլ հայ ժողովուրդն ապրեց իրական վերածնունդ, կարողացավ համախբվել, դարձավ կուռ»:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ 100-րդ տարելիցի միջոցառումները ձևավորեցին փոխգործակցության նոր մոդելներ Հայաստանի և Սփյուռքի միջև.

«Մենք բոլորս միասին աշխատեցինք, 100-րդ տարելիցի միջոցառումների հաջողություններն ապացուցում են փոխգործակցության հսկայական ուժը: Կարծում եմ, որ ողջ աշխարհի հայության համար Հայաստանը դարձավ տուն, ուր ուզում են վերադառնալ որպես գաղափարների համախմբման վայր, ուր կարող են մասնագիտական հաջողությունների հասնել, որտեղ կարելի է ծրագրեր իրականացնել»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս