Հսկա, բայց մեծամիտ

Ամոթ է: Ավելին` խայտառակություն է: Քաղաքական ուժերը քափուքրտինք կտրած` Սահմանադրական բարեփոխումներ են քննարկում: «Ո՛չ»-ի, կարծեմ, երկու ճակատ են ձևավորել ընդդիմադիր քաղաքական ուժերը: Երկու՝ իրարից անկախ ճակատ: Իշխանական ու հարակից քաղաքական ուժերը, արդեն որերորդ շաբաթն է, քննարկում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախագիծ, որ կազմել է հատուկ այդ առիթով ստեղծված հանձնաժողովը: Այս առիթով նույնիսկ Ազգային ժողովին վերադարձրեցին Հանրային հեռուստատեսության եթեր:

Առավոտից պատգամավորները եթերում լսում են հատուկ հանձնաժողովի անդամներին: Լսում են, հարցեր տալիս ու քննարկում: Երեկոյան լրատվամիջոցները՝ որպես հիմնական լուր, այդ քննարկումներն են մատուցում: Լրատվամիջոցները հանձնաժողովի անդամներին բնութագրելու համար նույնիսկ հատուկ բառ են շրջանառում` սահմանադրագետ: Կարելի է ենթադրել, որ այդ բառը եկել է փոխարինելու «սահմանադրական իրավունքի մասնագետ» տերմինին: Ու այս ամենն իզուր է անցնում:

Եվ «չկա մեկը, որ գնահատի այդ տիտանական աշխատանքը»,- կասեին խորհրդային դասականները: Ո՛չ հասարակությունն է ոգևորվում, ո՛չ մտավորականությունը:

Մտավորականները նեղսրտել են: Կարծես թե առաջին անգամ են ազգային մշակույթից հեռու հերթական արմենչիկին վաստակավորի ու ժողովրդականի կոչում տալիս: Իսկապես ամոթ է: Դիմադիր ու ընդդիմադիր սահմանադրություն են քննարկում, իսկ մեր պետքը չէ:

Երեկ վերջապես որոշեցի ծանոթանալ քաղաքական շրջանակները պերմանենտ ցնցումների մեջ պահող նախագծի հետ: Որոշեցի, չնայած, որ նախապես հստակ գիտեի և տեղյակ էի, որ սահմանադրագետ չեմ: Ավելին` նույնիսկ իրավաբան չեմ, ոչ էլ` քաղաքական գործիչ: Հետևաբար` հասկացածս ու տպավորություններս հանրայնացնելու նպատակ չունեմ:

Փոխարենը` որոշեցի այդ նախագիծը դիտարկել զուտ քանակական համեմատության մեջ: Հայտնի բան է, որ Սահմանադրություն կամ Հիմնական օրենք անունով փաստաթուղթ ունեն բազմաթիվ պետություններ: Այն համարվում է պետական կյանքի հիմնադիր կամ կարգավորիչ փաստաթուղթ: ԱՄՆ Սահմանադրությունն ամենահանրահայտն ու լեգենդարն է համարվում: 1787թ. ընդունված այդ փաստաթուղթն ընդամենը յոթ հոդվածից է բաղկացած և մինչ օրս 27 փոփոխություն-լրացման է ենթարկվել: Հետո պատմական իրավիճակը հավանաբար փոխվել է:

Արդյունքում` ժամանակակից պետությունների սահմանադրություններն ավելի խոսքաշատ են դարձել: Ֆրանսիայի գործող հիմնական օրենքը բաղկացած է 89 հոդվածից և 24 անգամ փոփոխություն-լրացման է ենթարկվել:

Իտալիայի Սահմանադրությունն ունի 134 հոդված և 15 լրացում-փոփոխություն: Բազմաչարչար Հունաստանը բավարարվում է 120 հոդվածանոց հիմնական օրենքով: Հույների Սահմանադրության մեջ հատուկ` 3-րդ հոդվածով կարգավորված են պետության և հունական եկեղեցու հարաբերությունները: Սա պատմական անհրաժեշտությամբ է պայմանավորված` հույներն իրենց հիմնական օրենքում անդրադարձել են նաև Կոստանդնուպոլսի հունական արևելաուղղափառ պատրիարքությանը:

Գերմանիայի հիմնական օրենքը 136 էջանոց փաստաթուղթ է, կազմված է 141 հոդվածից և 50 փոփոխություն-լրացումից: Այսքան խոսքաշատ լինելու պատճառը պատմական անցյալն է: Նոր շրջանի ցանկացած դասագրքում կգտնեք հետևյալ նախադասությունը. «Նապոլեոնը միացրեց գերմանական պետությունները՝ թողնելով 112 իշխանություն և չորս ազատ քաղաք»: Ոչ մի պատմաբան վստահ չգիտի, թե մինչև 19-րդ դարը գերմանական ցեղերը քանի պետական կազմավորում ունեին: Ժամանակակից Գերմանիան անկախ հողերի դաշնություն է:

Հետևաբար` այդ երկրի հիմնական օրենքը հողային իշխանությունների ինքնուրույնության, միմյանց և դաշնային իշխանությունների հետ հարաբերվելու, կենտրոնական իշխանության լիազորություններն ու պարտականությունները հստակեցնող իրավական փաստաթուղթ է: Նմանատիպ, իրավաքաղաքական իմաստով` գուցե ավելի բարդ փաստաթուղթ է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը:

Դրա պաշտոնական հրատարակությունը բաղկացած է 64 էջից: Ունի 137 հոդված, որոնցից վերջին չորսը լրացումներ են: Ռուսաստանն իր քաղաքական կառույցով ազգային պետական կազմավորումների դաշնություն է, բազմազգ, տարբեր հավատալիքներ ունեցող ժողովուրդների ու ազգերի միություն: Հետևաբար` Սահմանադրություն կոչվող փաստաթղթի հեղինակները փորձել են հստակեցնել ազգային, տեղական ինքնակառավարման մարմինների ու դաշնային իշխանությունների լիազորություններն ու հարաբերությունները:

Հենց այս հարցերի կարգավորումն է դարձել պատճառ, որ ժամանակակից պետությունների սահմանադրություններն այդքան ընդարձակ փաստաթղթեր են: Կուբայի Սահմանադրությունն ունի 141 հոդված, Լատվիայինը` 116, Լյուքսեմբուրգինը` 120, Չինաստանինը` 138, իսկ Ուկրաինայինը` 161: Ուկրաինայի Սահմանադրության մեջ առանձին հոդվածներով կարգավորված են Ղրիմի Ինքնավար Հանրապետության հետ հարաբերությունները: Այս պատճառվ է այն ավելի «հոդվածաշատ»: Ժամանակակից պետությունների սահմանադրություններն ինչ-որ իմաստով համադրելի են: Որովհետև փորձում են կարգավորել ժամանակակից պետական, հասարակական կյանքի խնդիրները:

Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը կառուցվածքով ու հոդվածների քանակական բնութագրով համահունչ է մյուսների հետ: Այն ունի 9 գլուխ և 117 հոդված: Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ չփորձեցի «հաղթահարել» Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջադրած նախագիծը: Այն նախագիծը, որ այդքան աշխույժ ու խոսքաշատ քննարկվում է խորհրդարանական ու ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից: Աչքերիս չէի հավատում:

Մինչև նոր նախագիծն այդ հանձնաժողովն առաջարկում է կարդալ 49 էջանոց «Հայեցակարգ»: Իսկ նոր նախագծով մեզ առաջարկում են ունենալ 16 գլխից և 219 հոդվածից բաղկացած հիմնական օրենք: Այդքան խոսքաշատ (կամ` խոսքախեղդ) սահմանադրություն ունեցող այլ երկրի օրինակ չգտա: Փոխարենը` հասկացա, որ սահմանադրության հոդվածների քանակով չի կարելի ենթադրել, թե «որքան շատ` այնքան լավ»: Կորեայի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության Սահմանադրությունն ընդունման պահից կրում էր երկրի ղեկավարի` Կիմ Իր Սենի, ապա` իր և որդու, հիմա` իր և թոռան անունը: Բաղկացած է 170 հոդվածից: Իսկ Հարավային Կորեայի Սահմանադրությունն ընդամենը 130 հոդված ունի:

Այնպես որ, երկար սահմանադրությունը երկրի բարեկեցության չափանիշ չէ: Այս նախագիծն ընդունելու դեպքում մենք հավանաբար կունենանք աշխարհի ամենածավալուն ու ամենամանրամասն Սահմանադրությունը: Գուցե դա էլ մխիթարանք է: Չարենցը գրում էր. «Երբ մարդ ոչինչ չունի, չի խանգարի ունենալ մի հսկա մեծամտություն»:

Տեսանյութեր

Լրահոս