Վարդապետյանը որպես ապացույց է ներկայացնում Սեյրան Օհանյանի ծննդյան տոնը շնորհավորողի հասցեն

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի քննարկմանը՝ շեշտելով, որ այն տեղի է ունենում Օհանյանի բացակայությամբ։

«Դուք, բնականաբար, հաշվի չէիք առնելու 3 պատերազմներ անցած, Արցախի, Հայաստանի զինված ուժերի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հարգելի բացակայությունը և հարցը քննարկելու եք իր բացակայությամբ։ Սովորական, Ձեր մշտական անօրինական գործողությունը կլինի։ Բնականաբար այդ քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը, վստահ եմ նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը չեն մասնակցի»,- ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ մինչ այս պահը Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ չի ստացել, ուստի չի կարող նրա բացակայությունը հարգելի համարել։

«Պատիվ ունեմ» խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ համաձայնելով գործընկերների հետ, որ իրենք ևս Օհանյանի հարցով քննարկմանը չեն մասնակցելու։

ՀՀ գլխավոր դատախազի ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Սեյրան Օհանյանի բացակայությանը, նշեց, որ ինքը միայն հուլիսի 1–ի նիստին բացակայելու մասին է դիմում ստացել այն մասին, որ վերականգնողական բուժում է ստանում «Իզմիրլյան» ԲԿ–ում։

«Որևիցե այլ փաստաթուղթ Սեյրան Օհանյանը ԱԺ չի ներկայացրել։ Սա իրավական առումով չի կարող լինել հիմք` բացակայությունը համարելու հարգելի»,– հայտարարեց Սիմոնյանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը մեղադրվում է պաշտպանության նախարար եղած ժամանակ «Սևան» ազգային պարկին պատկանող 10,5 հազար քառակուսի մետր տարածքը յուրացնելու և բյուջետային միջոցների հաշվին առանձնատուն կառուցելու համար։

Ըստ Վարդապետյանի՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագայում նույն գործի շրջանակներում մի քանի վարույթներ են նախաձեռնվել և միացվել մայր քրեական վարույթին։

Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնք 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10,526 քառակուսի մետր տարածքը զավթվել և 2010-2015թթ․ առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն։ 2016թ․ դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (նախագահ՝ Արծվիկ Մինասյան, որը զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը) անցկացրած մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևանի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը (ըստ մեղադրանքի՝ վերջինս Օհանյանի վարորդ Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին է)։

Նրան նշված հողամասը տրամադրվել է վարձակալության և կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250 միլիոն դրամ ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար։ Դատախազի խոսքով՝ Բենիամին Ղալեչյանը (որն, ըստ դատախազի, զբաղվում է սանտեխնիկական աշխատանքների որոշմամբ) մրցույթին մասնակցելիս թաքցրել է այն փաստը, որ նշված հողատարածքում արդեն շինություններ կան․ խոսքը վերաբերում է կառուցված առանձնատանը։

Դատախազի միջնորդությամբ՝ Սեյրանի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելու 2003թ․ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 314․3 հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) 2-րդ մասով։

Դատախազի խոսքով՝ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ՝ 2011-2016թթ․ իր առանձնատան պահպանությունն իրականացվել է ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց այդ տարիներին պետբյուջեի միջոցներից վճարվել է ավելի քան 13 միլիոն դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ ռազմական ոստիկանության ծառայողներն իրականացրել են ոչ իրենց պարտականություններից բխող աշխատանք և դրա համար վճարվել պետության միջոցներից։

Ըստ գլխավոր դատախազի՝ ներկայում նշված գույքի արժեքը գերազանցում է 166 միլիոն դրամը, որը թաքցվել է և չի ներկայացվել Օհանյանի հայտարարագրում։

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ քրեական վարույթով վկայի կարգավիճակով Սեյրան Օհանյանը հարցաքննվել է և նշել, որ ինքը կամ իր մերձավոր ազգականները Դրախտիկ գյուղում ամառանոց չունեն, սակայն նշված ամառանոցում պարբերաբար ինքը կազմակերպում է հանգիստ։

Օհանյանը նաև ասել է, որ ամառանոցում վերանորոգման, շինարարական աշխատանքներն իրականացվել են իր անձնական միջոցներով, այդ հարցում իրեն օգնել են ընկերներն ու հարազատները։

«Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ի վերջո ում է պատկանում ամառանոցը և ինչ հիմքով է իրեն տրամադրվել»,- նշում է Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ նշված առանձնատանը խուզարկություն է անցկացվել, որի ժամանակ հայտնաբերվել են 2012թ․ հուլիսի 1-ի Օհանյանի 50-ամյակի կապակցությամբ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի շնորհավորական նամակները։

«Գազպրոմ Արմենիա»-ից և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից ստացված տեղեկությունների համաձայն էլ՝ առանձնատանը որպես բաժանորդ նշված է Օհանյանի կնոջ մայրը՝ Հասմիկ Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս