Ինչո՞ւ հենց Կիպրոսում գտնվող օֆշորային ընկերությանը վաճառվեց ՀԷՑ-ը
«ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ կան մի շարք հարցականներ. դրանցից մեկն այն է, որ աուդիտը չավարտված՝ տեղի է ունենում նման գործարք, և ինչո՞ւ էր արվում այդքան ծախս աուդիտի համար, եթե դա պետք է վաճառվեր ինչ-որ օֆշորային ընկերության:
Երկրորդ՝ ինչո՞ւ հենց Կիպրոսում գտնվող օֆշորային ընկերությանը վաճառվեց. չէ՞ որ Կիպրոսն այդ տեսանկյունից հայտնի է՝ որպես ռուսական կազմակերպությունների փողերի կենտրոն: Երրորդ՝ նման գործարքների մեջ ոչ թափանցիկության հանգամանքը դառնում է բավականին արատավոր պրակտիկա, օրինակ՝ Համալիրը վաճառում են 30 օր առաջ գրանցված ընկերությանը, ՀԷՑ-ը վաճառում են 1 օրվա որոշման միջոցով: Սրանք բոլորը հարցականներ են, որոնք բերում են ապագան կանխորոշելու անորոշություն:
Այսինքն՝ ինձ համար՝ որպես տնտեսագետ, դժվար է կանխատեսել՝ այս վաճառքից հետո սակագնի բարձրացման դեմ պայքար կլինի՞, թե՞ ոչ: Վերջնական գնահատական տալ այս գործարքին կարելի է միայն վաճառքից հետո: Այս փուլում չենք կարող ասել՝ ՀԷՑ-ի վաճառքն ի՞նչ խնդիր կլուծի: Պետական պաշտոնյաների մակարդակով հրաժարվում են պատասխանել այն հարցին, թե ո՞վ է ՀԷՑ-ի նոր սեփականատերը, որովհետև, բնականաբար, ասված է՝ այդ հարցին չպատասխանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Տնտեսագետը նկատեց՝ վաճառքի միջոցով փոխվում է նաև սեփականատերը, և, ըստ նրա՝ այն խնդիրները, որոնք առկա էին նախորդ սեփականատիրոջ օրոք, կարելի է ասել, մի կողմից՝ փակվում են, որովհետև պատասխանատու անձը փոփոխության է ենթարկվում՝ առանց դրա դեմ որևէ գործընթաց սկսվելու.
«Արդիականացման հարցերը պետք է լուծվեն այս սեփականատիրոջ օրոք, հակառակ պարագայում խնդիրները կմնան նույնը, և ստիպված կլինեն, թեկուզ մեկ տարի հետո, նորից դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագնի բարձրացման մեկ այլ հայտով, որը կրկին կառաջացնի դժգոհությունների ալիք: Հանրությունը չի ուզում, որ այդ կազմակերպության արդեն նախկին սեփականատիրոջ կողմից ստեղծված խնդիրները դրվեն իր վրա»: