
Անկախության սկզբնական փուլում ավելի ինքնիշխան ու ազատ էինք, քան հիմա. Արմեն Մարտիրոսյան

Անցած 24 տարիներին Հայաստան պետությունը շատ քիչ կարողացավ օգտվել անկախության ընձեռած հնարավորություններից: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք երևի անկախության սկզբնական փուլում ավելի ինքնիշխան ու ազատ էինք, քան հիմա: Մի շարք խնդիրներ հանգեցրին նրան, որ Հայաստանն իր գործողություններում, ազատություններում ինքնիշխան որոշում կայացնելու հնարավորությունը նվազեցրեց և ոչ լեգիտիմ իշխանությունների առկայությունը, սոցիալտնտեսական խնդիրները և, որպես նաև վերջնաարդյունք այդ երկուսի, արտագաղթը, բնականաբար նվազեցրեց մեր կարողությունները, թեև, կարծում եմ, վերականգնելու և իսկապես հզոր թռիչքներ կատարելու համար բոլոր շանսերը կան»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Թե ի՞նչ դեր կունենա այդ գործում Հայաստանի անկախ սերունդը, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց, որ նրանք մի առավելություն ունեն` չեն պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը որևէ պետության մեջ. «Իրենք դա չեն տեսել, ինչը, բնականաբար, բարիք է, որովհետև իրենց գործողություններում շատ ավելի անկաշկանդ են: Միևնույն ժամանակ, պատասխանատվության աստիճանը պետք է մեծացնեն, որովհետև իրենց ավագներն իրենց շատ լավ հնարավորություն են ընձեռել: Բայց մենք ունենք համակարգային խնդիրներ, որոնք պետք է լուծենք, որ անկախության սերունդը կարողանա ամրապնդել մեր ինքնիշխանությունն ու ազատությունը»: