Իշխանությունների պատճառով անկախության հնարավորությունները չեն օգտագործվում
ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունն անցած 24 տարիների ընթացում շատ հարցերում կարողացավ օգտագործել անկախության ընձեռած հնարավորությունները: 168.am-ի հետ զրույցում Վ. Կարապետյանը նշեց, որ ՀՀ-ն անդամակցում է միջազգային կազմակերպություններին, սակայն ժամանակին ավելի լիարժեք և հարգված անդամ էր դրանցում:
«Այլ հարց է, որ այդ հնարավորությունները, որ շատ ավելի շատ են անկախ պետության, քան Խորհրդային միության մաս կազմելու տարիներին, մեր իշխանությունների պատճառով այդ հնարավորություները չեն օգտագործվում»,- ասաց Վ.Կարապետյանը:
Արդյոք անկախ Հայաստանում ծնված սերունդը ներքուստ իրեն անկախ զգո՞ւմ է: Վ.Կարապետյանը խորհուրդ տվեց միացնել հեռուստատեսությունը, հետևել, թե որքան են խոսում անկախության ու այդ արժեքների մասին պաշտոնական լրատվամիջոցները, որքան են ներկայացնում այդ արժեքները, և պարզ կլինի, որ ոչ ամբղջությամբ է անկախությունն ընկալում անկախության սերունդը. «Այլապես չէր լինի խայտառակ թվերի հասնող արտագաղթը, ինչի ականատեսն ենք մենք, երիտասարդները չէին գնա սովորելու, աշխատելու դրսում, այլ կգերադասեին իրենց գիտելիքները ստանալ ու օգտագործել մեր երկրում՝ Հայաստանում: Ցավոք, իշխանությունների վարքագծի, քաղաքականության շնորհիվ մենք զրկված ենք մրցակցությունից՝ թե´ քաղաքական, թե´ տնտեսական դաշտում, թե´ լրատվամիջոցների ոլորտում, ինչը անշուշտ սահմանափակում է մեր քաղաքացիների ինքնարտահայտման հնարավորությունները և, հատկապես, տաղանդավորները՝ նեղվելով այս վիճակից, չկարողանալով պայաքարել կամ փոխել այս մենատիրությունն այդ ոլորտներում, դուրս են գալիս ՀՀ-ից և իրենց ուժերը փորձում են այնտեղ, որտեղ արժեքները, իրենց մրցունակությունն ավելի շատ է գնահատվում: Այդ առումով մենք անելիքներ ունենք և դրանով են պայմանավորված այսօրվա քաղաքական դաշտի շեշտադրումները, որ դնում է ընդդիմությունը, ուզում է վերականգնել սահմանադրական կարգը և համախմբում է «ոչ» ասելու այս շատ վտանգավոր փոփոխությանը, որ նախաձեռնել է Սերժ Սարգսյանի իշխանությունը»: