«Իմ ցանկությունն է, որ որևէ մեկը՝ ամենատարեցից մինչև ամենաերիտասարդը, իր երկրում, իր հայրենիքում, իրեն անտեսված, վիրավորված, օտարված չզգա». Նաիրա Զոհրաբյան

«Ամեն տարի այս օրը՝ Անկախության տոնը, մեզ համար ոչ թե պետք է միայն օրացույցով նշելի տոն լինի, այլ պետք է լինի տոն, որ միշտ, ամեն օր մեզ հետ է, որովհետև անկախությունն անգնահատելի, անչափելի արժեք է: Բայց այս անկախությունը պահել-պահպանելը կախված է մեզանից յուրաքանչյուրից, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց և առաջին հերթին՝ այն գործիչներից, ում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին վստահել է ՀՀ անկախության հիմքերի ամրության պահպանումը, վստահել է ապահովել բարեկեցություն, վստահել է ապահովել խաղաղություն Հայաստանում, վստահել է ապահովել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ, արժանապատիվ և արդարացի լուծումը և, ամենակարևորը, վստահել է ապահովել արդարություն, որի պակասը մեր երկրում կա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ այսօր վերամբարձ խոսքեր շատ կհնչեն, բայց իր ցանկությունն է, որ այս տոնը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի համարի իր տոնը, տոն, որ միշտ իր հետ է, որ որևէ մեկը՝ ամենատարեցից մինչև ամենաերիտասարդը, իր երկրում, իր հայրենիքում, իրեն անտեսված, վիրավորված, օտարված չզգա.

«Դրա պատասխանատուն մենք ենք՝ քաղաքական գործիչներս, կուսակցապետերս, պաշտոնյաներս, պատգամավորներս, նախարարներս, բոլորս՝ ամենացածր պաշտոնից մինչև բարձրագույնը, որովհետև մենք ենք պատասխանատուն՝ այնպես անել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այս օրը՝ սեպտեմբերի 21-ը, համարի իր տոնը»:

 

Տեսանյութեր

Լրահոս