
Արամ Մանուկյանի ավտոմեքենայից գողացված անձնական հռչակագիրը չի գտնվել

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ 2007-ին իր ավտոմեքենայից գողացված հռչակագրի օրինակն այդպես էլ չի գտնվել:
«Դա իմ անձնական օրինակն էր և թանկ էր ինձ համար այնքանով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր մակագրել: Այդ օրինակը չգտնվեց և այդպես էլ կորած մնաց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա.Մանուկյանը:
Նշենք, որ 2007-ին փաստի առթիվ Արամ Մանուկյանը դիմել էր Ոստիկանություն, սակայն հետաքննությունը ոչինչ չէր տվել: Արամ Մանուկյանը 1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում կարդաց Անկախության հռչակագրի տեքստը՝ որպես Առաջին Հանրապետության հիմնադրի անվանակից: