![](/banners/BeFunky-design.jpg)
«Ամենամեծ ձեռքբերումը Հայոց ազգային բանակի ստեղծումն էր, որը փառավոր հաղթանակներ տարավ Արցախյան պատերազմի տարիներին». Էդիկ Մինասյան
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/ռազ.jpg)
«Հայաստանի նորանկախ հանրապետությունն ունեցավ որոշակի ձեռքբերումներ. ամենամեծ ձեռքբերումը Հայոց ազգային բանակի ստեղծումն էր, որը փառավոր հաղթանակներ տարավ Արցախյան պատերազմի տարիներին: Երկրորդ ձեռքբերումը Արցախի ազատագրումն էր. ստեղծվեց մեր երկրորդ անկախ հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Ի դեպ, շատերն ասում են, թե ինչպես եղավ, որ Արցախն ավելի շուտ անկախացավ, քան Հայաստանի հանրապետությունը:
1991թ. օոգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն արտահերթ նիստ հրավիրեց և Ադրբեջանի անկախության մասին որոշում կայացրեց, ընդ որում՝ այս հռչակագրում որոշակի ձևակերպված էր, որ Ադրեջանը համարվում է Մուսաֆաթական Ադրբեջանի ժառանգորդը, այլ ոչ Խորհրդային Ադրբեջանի: Իսկ այդ շրջանում Արցախն Ադրբեջանի կազմում չէր եղել: Բնական է, որ նման պայմաններում Արցախը կարևոր որոշում պետք է ընդուներ: Սեպտեմբերի 2-ին հրավիրվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը, որն ընդունեց պատմական որոշումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պատմաբան, պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ երրորդ ձեռքբերումը մեր պետականության կայացումն էր. «Իբրև պետություն Հայաստանը միջազգային մեծ ճանաչում ստացավ: Մյուս ձեռքբերումը օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման փաստն է: Չմոռանանք բազմակուսակցական համակարգի առկայությունը, ինչը կարևոր նվաճում է»:
Պատմաբանը խոսեց նաև թերությունների ու բացթողումների մասին.
«Սեփականաշնորհման սկզբնական շրջանում մենք փորձեցինք առաջինը լինել, հատկապես՝ հողի սեփականաշնորհման գործընթացում, բայց անհրաժեշտ էր հաշվի առնել մյուս երկրների փորձը և աստիճանաբար գնալ այդ գործընթացին, ինչպես Արցախն արեց:
Սեփականաշնորհման գործընթացն՝ իբրև սկզբունք, իհարկե, ճիշտ էր, բայց դրա կիրառման չափորոշիչներն էին սխալ, երբ հողի բաժանումը կատարվեց որոշակի խախտումներով:
Արդյունաբերական գործարանների ապապետականացման քաղաքականության արդյունքում թանկարժեք սարքավորումները վաճառվեցին, որի հետևանքով մինչ օրս արդյունաբերական ձեռնարկությունները չեն աշխատում: Այսօր մեր տնտեսության ամենախոցելի կողմն այն է, որ արդյունաբերական ձեռնարկություններ չկան, որպեսզի աշխատատաեղեր ապահովեն:
Շեշտը դրեցինք սպասարկման ոլորտների զարգացման վրա, արտադրական ձեռնարկությունների ստեղծման հատվածը բաց մնաց, որը մեծ ներդրումներ է պահանջում: Թերություն է նաև 90-ականներին սկիզբ առած արտագաղթը, որը մինչև օրս շարունակվում է»,-ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: