«Չեխիան և Հայաստանը համագործակցելու մեծ հնարավորություններ ունեն». Չեխիայի Սենատի փոխնախագահ
Հայաստանի և Չեխիայի հանրապետությունները կարող են տարբեր ոլորտներում լայնորեն համագործակցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, որն այսօր իր պատվիրակության հետ այց էր կատարել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ:
Խոսելով հայ-չեխական հարաբերությունների մասին՝ նա նշեց, որ միանշանակ բարիդրացիական կապեր են հաստատվել իրենց պառլամենտի և մեր Ազգային ժողովի միջև: Նա նաև հույս հայտնեց, որ Չեխիայի Հանրապետության նախագահը կայցելի Հայաստան, և մեր պետությունների համագործակցությունն ավելի կընդլայնվի:
Անդրադառնալով նաև հայ-չեխական տնտեսական կապերին՝ Չեխիայի Սենատի փոխնախագահը տեղեկացրեց, որ իր այցի ընթացքում ներկայացել է Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամների և նախագահի հետ, ու իրենց պատվիրակությունը բավականին մեծ հույսեր է կապում այս այցի հետ. «Հանդիպումներ ենք ունեցել այդ ոլորտի բոլոր հայ պաշտոնյաների հետ և մեծ հույսեր ունենք, որ տնտեսական հարցերի շուրջ կծավալվեն հետագա հարցազրույցները, հանդիպումները, որոնք կկարգավորեն մեր երկու երկրների միջև հարաբերությունները և տնտեսական փոխահարաբերությունները: Մեծ հույս ունենք Հայաստանից Չեխիա ներմուծել մրգեր, բանջարեղեն: Մտքերը շատ են, հնարավորությունները՝ ևս, և հույս ունենք՝ շատ շուտ կիրագործվեն»:
Զդենեկ Շկրոմախը հայտնեց, որ իրենց պատվիրակությունը քննարկել և քննարկելու է նաև այլ հարցեր, իրենք հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահին, փոխնախագահին, քննարկել են շատ հարցեր. «Չեխիայի Հանրապետությունը՝ լինելով Եվրամիության, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ, գտնում ենք, որ այս երկու երկրները բավականին մեծ հնարավորություններ ունեն համագործակցելու ոլորտում, և բոլոր տեսանկյուններից բոլոր հարցերը քննարկվում են, և հույս ունենք, որ մեծ համագործակցություն կհաստատվի»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչքանո՞վ է ներդրումների առումով հետաքրքիր Հայաստանի շուկան Չեխիայի համար, Զ. Շկրոմախը պատասխանեց, որ միանշանակ, Հայաստանը՝ որպես ներդրումային երկիր, իրենց համար բավականին հետաքրքիր է: Նա տեղեկացրեց, որ մյուս ամիս Հայաստան կայցելի Չեխիայի արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարը, և կքննարկվեն հենց տնտեսությանը վերաբերող հարցեր:
Նա նաև հայտնեց, որ Չեխիայի նախագահի այցը Հայաստան նախատեսվում է եկող տարվա առաջին կեսին: