«Լա՞վն են, թե՞ վատն են հիմնավորումները, միևնույն է, դրանք մեծ ներուժ չեն ունենա». Ստեփան Սաֆարյանը՝ «Ո՛չ»-ի ճակատի մասին

«Հիմնավորումները, որոնք պետք է համոզիչ լինեն ցանկացած քաղաքացու համար, շատ կարևոր են, և կարծես «Ո՛չ»-ի ճակատի քաղաքական ուժերն ինչ-որ չափով լուծել են այդ խնդիրը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված «Ո՛չ»-ի ճակատի բերած հիմնավորումների մասին:

Հիշեցնենք, որ օրերս ձևավորվեց «Ո՛չ»-ի ճակատ սահմանադրական բարեփոխումների գործընթացի դեմ, որի հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձևավորվել են կեղծված ընտրությունների միջոցով, և չկա հանրային վստահություն ո՛չ իշխանության, ո՛չ էլ նրա որևէ նախաձեռնության նկատմամբ, արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ, գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են Սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է՝ շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց իշխանությունը, համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում Սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա և փորձ է արվում ոչնչացնել քաղաքական և հասարակական որևէ հակակշիռ, նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը և վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացումը, հայտարարում ենք, որ մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը»:

Հայտարարությանը միացան Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», Հայաստանի ժողովրդական, «Հայազն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները, Ազգային ինքնորոշում միավորումը, «Հիմնադիր խորհրդարանը» և այլ հասարակական-քաղաքական ուժեր ու հ/կ-ներ: Հայտարարությանը միացան նաև «Ո՛չ թալանին», «Դո՛ւրս մեր գրպանից», Թեղուտի պաշտպանության և այլ նախաձեռնություններ:

Ս. Սաֆարյանը, սակայն, կարծում է՝ դժվար թե «Ո՛չ»-ի ճակատն այնքան ուժ ունենա ժողովրդի համար, որ առաջնային դարձնի Սահմանադրությունը փոխելու կամ չփոխելու խնդիրը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կան բազում չլուծված խնդիրներ. «Քանի որ դա առաջնային խնդիր չէ ժողովրդի համար, հետևաբար՝ լա՞վն են, թե՞ վատն են հիմնավորումները, միևնույն է՝ դրանք մեծ ներուժ չեն ունենա»:

Ս. Սաֆարյանը գտնում է՝ հասարակությունը միշտ չափազանց անտարբեր է եղել սահմանադրությունների փոփոխության նկատմամբ. «Իշխանությունը, իհարկե, բավականին լավ գիտի՝ ինչ անել, բավականին լավ փաստարկներ է ստեղծում իմիտացիայի, իհարկե, ընդդիմությունն էլ կարող է գնալ նույն ճանապարհով, բայց հասնել լուրջ հաջողության, կանխել Սահմանադրության անցկացումը, չեմ կարծում, որ կլինի»:

 

Տեսանյութեր

Լրահոս