«Եթե Մոսկվան ավելի ագրեսիվ դիրք գրավի ԼՂ-ում, ապա Արևմուտքից կտեսնեք նոր մտքեր և մարտավարություն, քան չարչրկված Մադրիդյան սկզբունքները»
Հարցազրույց Janeգs Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ
– Վերջին օրերին ցավալի զարգացումներ գրանցվեցին ԼՂ հակամարտության գոտում. լարվեց իրավիճակը սահմանին և շփման գծում, կայացավ Լավրովի այցը Բաքու, ՀՀ նախագահի այցը` Մոսկվա։ Այս այցերն առաջին հայացքից ոչնչով չառանձնացան, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հարձակողական սպառազինության նոր խմբաքանակի պատվեր է տվել Ռուսաստանին, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին ներկայացնել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Հայաստանը, ըստ էության հայտնվել է մի շրջապտույտի մեջ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գործում են հակամարտության խաղաղ կարգավորման համար, համանախագահ և ՀՀ դաշնակից ՌԴ-ն իր առանձին քաղաքականությունն է վարում, Ադրբեջանը` ապակայունացնում սահմանը։ Ըստ Ձեզ` ի՞նչը կամ ո՞ր կենտրոնները կարող են բեկում մտցնել իրավիճակում։
– Հայաստանն իսկապես վատ վիճակում է, քանի որ իր միակ կարևոր դաշնակիցը` Ռուսաստանը, մտահոգված չէ Հայաստանի` Ադրբեջանին հարող սահմանների ապահովությամբ։ Ավելին` Մոսկվան ակտիվորեն զինում է Հայաստանի հակառակորդին։ Մինչդեռ հայկական իշխանություններն անգամ անզոր են կամ ցանկություն չունեն բողոքելու Ռուսաստանի քաղաքականության դեմ, որն ուղղակիորեն վնասում է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Ավելին, ՀՀ իշխանությունները համոզել են իրենց հասարակությանը, որ, եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա Բաքուն այլ երկրից զենք ձեռք կբերի։ Թե որքան թյուր բացատրություն է սագ. մի պահ պատկերացրեք, որ, օրինակ` Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ը վերջին սերնդի զենք է վաճառում Իրանին, վերջինս այն օգտագործում է Իսրայելի դեմ, բայց Իսրայելի կառավարությունն ԱՄՆ-ին հանդիմանելու փոխարեն՝ իր քաղաքացիներին համոզում է, որ ԱՄՆ-ի` իբրև դաշնակցի, քայլերն արդարացված են։ Նման սցենարը, իհարկե, բացարձական անիրական է, բայց Հայաստանի դեպքում այն միանգամայն իրական է և վտանգավոր։
Հայաստանն այդպես էլ չկարողացավ Ռուսաստանի հետ` իբրև անկախ և հավասար պետություն, հարաբերություններ ձևավորել։ Ահա թե ինչու սահմաններին հերթական լարմանը հետևում են ոչ թե հասարակային հանդիմանանք պաշտոնական Երևանի կողմից` Մոսկվայի և ՀԱՊԿ-ի այլ անդամների հասցեին, այլ փակ դռների հետևում հանդիպումներ Ռուսաստանում։ Այնտեղ, ամենայն հավանականությամբ, հայաստանյան իշխանություններին խոստանում են, որ պատերազմը կկանխարգելվի, կամ հերթական վարկը կտրվի, այդ թվում` նաև ռուսական զենք գնելու համար։ Սա, իհարկե, ավելի է մեծացնում ՀՀ-ի առանց այն էլ` բավական մեծ ֆինանսական կախվածությունը Ռուսաստանից։
Չեմ կարծում, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը լուրջ աջակցություն կստանա իր դաշնակիցներից։ Գրեթե համոզված եմ, որ Հայաստանի` ՀԱՊԿ-ի դաշնակիցներից որևէ մեկը չի համաձայնի, օրինակ`պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի դեմ` իրենց դաշնակից Հայաստանի սահմանների վրա հարձակվելու համար։
Սրանով է տարբերվում ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ից։ Այն, ինչ հիմա Հայաստանի հետ է կատարվում` ՀԱՊԿ-ի անդամ լինելով, աներևակայելի կլիներ` ՆԱՏՕ-ի անդամ լինելու դեպքում։ Ուստի չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները կարող են բեկում մտցնել։ ԵՄ-ի ուշադրությունը հիմա Սիրիայի և Հյուսիսային Աֆրիկայի փախստականների ճգնաժամին է ուղղված։
Այն, իհարկե, ԵԱՀԿ-ի միջոցով կփորձի կանխել լայնածավալ ռազմական բախումները, հատկապես սիրիական պատերազմի մարդկային սարսափելի ողբերգությունների և փախստականների հսկայական հոսքի պատճառով։ Եվս մեկ պատերազմ` Եվրոպայի սահմաններին այսքան մոտ, միայն կվատացնի փախստականների ճգնաժամը։ Սակայն, իրատեսորեն, Արևմուտքը կփորձի սա անել` Ռուսաստանի հետ համագործակցելով, ոչ թե մրցակցելով։ Հաշվի առնելով Արևմուտքի` ԼՂ-ի նկատմամբ ուշադրության պակասը, չեմ կարծում, թե այն կոնֆլիկտում բեկում մտցնող կենտրոններից մեկը կարող է լինել այսօր։ Հայաստանում շատերն են վստահ, որ Մոսկվան է որոշում Հայաստանի և ԼՂ-ի ապագան։ Այս կարծիքը մասամբ է արդարացված։
Վերջին տարիների ՀՀ-ի արտաքին քաղաքական ձախողումների շարքը ցույց տվեց, որ, իսկապես, Մոսկվան կարող է Հայաստանի իշխանություններին թելադրել որոշումներ, իսկ ՀՀ-ն այդ թելադրանքներն առանց ընդդիմանալու ընդունում է։ Բայց, ի տարբերություն ՀՀ իշխանությունների` Ռուսաստանն ի վիճակի չէ ղեկավարել Հայաստանի հանրությանը։ ԼՂ-ի հարցը Մոսկվան չի կարող միանձնյա լուծել, լինի դա Հայաստանի կամ, առավել ևս, Ադրբեջանի օգտին։ Նման քայլի արդյունքներն անկանխատեսելի կարող են լինել բոլոր ներգրավված կողմերի համար։ Ուստի ներկայիս ստատուս-քվոն Ռուսաստանի շահերից է բխում։ Ռուսաստանը բոլորովին հետաքրքրված չէ ԼՂ կոնֆլիկտի լուծմամբ։ Նվազագույնն այն է, որ, քանի դեռ ակտիվ ռազմական բախումները շարունակվում են, ռուսական զենք և զինամթերք արտադրողներն ու արտահանողները նոր պայմանագրեր կստանան Ադրբեջանից և Հայաստանից։
Քանի կոֆլիկտը շարունակվում է` Ռուսաստանը տարածաշրջանում միջամտելու և ղեկավարելու հնարավորություն ունի։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը դեմ է Ռուսաստանի ազգային շահերին։ Դժբախտաբար, չեմ կարծում, թե սահմանների վիճակը կբարելավվի ապագայում։ Իհարկե, ներկայիս վատթարացումն Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի ներքաղաքական շոուի համար է, ընտրությունների նախօրեին։ Բայց անգամ ընտրություններից հետո Ադրբեջանը հավանաբար կշարունակի հարձակումները` օգտագործելով ավելի լուրջ զինատեսակներ։ Սա պայմանավորված է Ադրբեջանի վատացող տնտեսությամբ և աճող սոցիալական դժգոհությամբ, իհարկե, նաև Ռուսաստանի լռությամբ։
– Տեսակետներ կան, որ ԱՄՆ-ի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը կարող է քաղաքական հովանի դառնալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համար, որպեսզի նրանք կարողանան բանակցել և որևէ կարգավորման գալ։ Սա կնշանակի` հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխությո՞ւն, որքանո՞վ դա արդյունավետ կլինի։
– Խնդիրն այն է, որ նման հանդիպումների արդյունքում կողմերը պետք է գոնե ձգտեն փոխզիջումային լուծման հասնել։ Ադրբեջանն ու Հայաստանը բոլորովին պատրաստ չեն դրան։ Ավելին, եթե Ռուսաստանը մեկուսացվի նման ձևաչափից, ապա Մոսկվան, շատ հավանական է, որ ամեն ինչ կանի իր շահերը պաշտպանելու համար։ Թեև չեմ կարծում, թե Ռուսաստանը նման խնդիր կունենա, քանի որ ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կխուսափեն լուրջ բանակցություններից, եթե Ռուսաստանի օրհնանքը չունենան։
– Ի՞նչ է ակնկալվում Արևմուտքից` այս իրավիճակը փոխելու համար, քանի որ Ռուսաստանը ցանկացած հնարավորության դեպքում վերահաստատում է տարածաշրջանում իր մենաշնորհային դիրքի առավելությունները։ Ի՞նչ պետք է և կարող է անել Արևմուտքը։ Գուցե ՄԱԿ ԳԱ-ի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն։ Տեսակետներ կան, որ նրանց այլ սկզբունքներ կառաջարկվեն, թեև վերջերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը սկսել էր շատ ավելի ակտիվ կերպով հիշել Մադրիդյան սկզբունքները։ Նոր սկզբունքները կարո՞ղ են դրական հուն մտցնել բանակցային գործընթացը, եթե միջնորդների թվում կա կարգավորմամբ չհետաքրքրված կողմ։
– Արևմուտքը ներկայումս երկու լուրջ բախման կետեր ունի Ռուսաստանի հետ` Ուկրաինայում և Սիրիայում։ Թե՛ Վաշինգտոնը, և թե՛ Բրյուսելը ցանկություն կամ քաղաքական կամք հիմա չունեն Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում երրորդ ճակատը բացելու համար։ Բայց, եթե Ռուսաստանն ավելի ագրեսիվ դիրք գրավի այս տարածաշրջանում, ապա կարծում եմ` կտեսնեք նոր մտքեր և մարտավարություն, քան չարչրկված Մադրիդյան սկզբունքները։ Բայց, մինչ այդ, որևէ բեկումնային քայլ չեմ ակնկալում Արևմուտքից, չնայած, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ղեկավարները շատ լավ են հասկանում, որ Ռուսաստանին սահմանափակելու համար ԼՂ կոնֆլիկտը պետք է լուծվի։ Բայց պայթող Մերձավոր Արևելքն ավելի առաջնային խնդիր է, քան ԼՂ-ի հարցը։
– Բավական հետաքրքրական զարգացումներ են գրանցվում հարևան Թուրքիայում, որն ապակայունացման կայուն ալիք է թևակոխել։ Առջևում Թուրքիայի խորհրդարանական նոր ընտրություններն են, որոնցում ևս Էրդողանի կառավարությունը, ըստ ամենայնի, չի ստանա մեծամասնություն, ավելին, թուրք փորձագետների պնդմամբ, գուցե հակառակը տեղի ունենա։ Ի՞նչ սցենարներ եք տեսնում Թուրքիայում, և դրանք ինչպե՞ս կանդրադառնան հայ-թուրքական հարաբերությունների` հատկապես սահմանի բացման վրա` Արևմուտք-Թուրքիա ջերմացման ֆոնին։
– Թուրքիան շատ հետաքրքիր, բայց վտանգավոր շրջան է մտել։ Եթե նույնիսկ Էրդողանի կուսակցությունը կարողանա մեծամասնություն հավաքել գալիք ընտրություններում, դրանից երկիրը գուցե ավելի տուժի, քանի որ Էրդողանի նպատակը նախագահական հանրապետության ստեղծումն է, ինչը երկիրը կարող է վերածել միապետության։ Բայց կարծես ընտրությունների արդյունքների մյուս տարբերակներն էլ այնքան լավատեսական չեն Թուրքիայի համար։ Էրդողանը հիմա ակտիվորեն փորձում է իր կողմը գրավել ազգայնականներին։ Բայց սա անում է խիստ անփույթ ձևով։ Կարճ ժամանակում նա կարողացավ տապալել տարիներ տևող խաղաղության գործընթացը քրդերի հետ։ Վերջին շրջանում մահացու հարձակումների շարքն ազգային փոքրամասնությունների վրա երկրկիը ծայրահեղորեն բևեռացրել է։ Էրդողանի ազգայնական քարտի շահարկումը վատ հետևանքներ կունենա երկրի ներքին կայունության վրա։
Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն էլ ավելի անհավանական կլինի, եթե Էրդողանի կուսակցությունը հաղթի ազգայնական ձայների օգնությամբ, կամ, ստիպված լինի կոալիցիա կազմել ազգայնականների կամ հանրապետականների հետ։ Պետք է հիշել, որ 2009- 2010 թվականներին սահմանների բացման բանակցությունները մեծապես կապված էին Թուրքիայի` ԵՄ ինտեգրման ծրագրերի հետ, որոնք, իհարկե, շատ առաջ չգնացին և դեռ երկար կմնան դարակներում, և ոչ` քննարկման սեղանին։ Իսկ սա նշանակում է, որ հայ-թուրքական սահմանը դեռ չի բացվի, մանավանդ որ, Թուրքիան դեռ երկար կմնա խառնաշփոթի մեջ` թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առումով։