Բաց թողնված հնարավորությունների Սահմանադրություն
Սահմանադրական փոփոխությունների նախագծում դատական համակարգին առնչվող կարգավորումների վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Հայկ Ալումյանի հետ
– Պարոն Ալումյան, դատական համակարգին առնչվող կարգավորումներում հետընթա՞ց, թե՞ առաջընթաց եք տեսնում:
– Դատական համակարգի առումով կարելի է ասել հետևյալը՝ բաց թողնված հնարավորությունների Սահմանադրություն է սա: Դատական համակարգը ձևավորելիս երկու խնդիր կա, որոնք միաժամանակ պիտի լուծվեն, բայց դրանք միմյանց հետ միշտ հակասության մեջ են ընկնում: Մի խնդիրը հետևյալն է. դատարանն իշխանական երեք ճյուղերից մեկն է: Եթե մենք մեզ ժողովրդավարական պետություն ենք հռչակել, նշանակում է, որ իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից՝ կա՛մ ուղղակի, կա՛մ անուղղակի ընտրությունների ձևով: Դա փաստ է: Նախագահի, դատավորների, պառլամենտի, գործադիր իշխանության ընտրության ուղղակի կամ անուղղակի մեխանիզմ կարող է գոյություն ունենալ:
Դատական համակարգը հետևապես պետք է ձևավորվի ժողովրդի կողմից՝ ուղղակի կամ անուղղակի ընտրությունների ձևով: Այսինքն՝ եթե մենք ուղղակի ընտրությունները որպես տարբերակ չենք դիտում (իհարկե, ափսոս, որ չենք դիտում, որովհետև կարելի է առաջին ատյանի դատարանները ձևավորել ընտրության ձևով, ինչպես շատ երկրներում: Դա շատ լավ տարբերակ է), ուրեմն մնում է, որ այն ձևավորվի գոնե անուղղակի ընտրությունների ձևով՝ ժողովուրդը գոնե անուղղակի մասնակցի դատական իշխանության ձևավորմանը: Հերիք է մենք ժողովրդին կտրենք դատական իշխանության ձևավորումից, մենք արդեն չենք կարող համարվել ժողովրդավարական պետություն:
Այսօրվա դրությամբ ժողովուրդը ոչ մի ձևով չի մասնակցում դատական իշխանության ձևավորմանը: Նախագծի հեղինակները հավանաբար նկատել են այս խնդիրը և փորձում են լուծել: Բայց այս ձևը, երբ դատական իշխանությունը ձևավորում ես պառլամենտի կամ նախագահի միջոցով, որին ընտրել ես, ճիշտ է՝ ժողովրդավարական է, բայց մեկ այլ խնդիր է ստեղծում՝ ազդում է դատական իշխանության անկախության վրա: Այսինքն՝ դատական իշխանության երկրորդ պարտադիր ատրիբուտը յուրաքանչյուր դատավորի անկախությունն է արդարադատություն իրականացնելիս:
Եթե դատական իշխանության ձևավորման մեջ մեծ դեր ես տալիս նախագահին, դրանով ինչ-որ ձևով լուծում ես ժողովրդի մասնակցության հարցը, բայց դրանով թուլացնում ես դատական համակարգը: Հիմա էլ փորձել են դատական իշխանության ձևավորման մեջ ուժեղացնել պառլամենտի դերը: Կրկին դրանով լուծել են ժողովրդի մասնակցության հարցը: Բայց դրանով թուլացրել են դատական համակարգի գործունեության երաշխիքները:
Առաջարկվող կարգավորումներով՝ ցանկացած քաղաքական ուժ, որ եկավ իշխանության, ամբողջությամբ կարող է թելադրել դատական համակարգին, որովհետև դատավորին նշանակելու, նրա լիազորությունները դադարեցնելու շատ լուրջ լիազորություներ կան: Բոլոր հարցերում արդեն պառլամենտի կողմից շատ լուրջ լծակներ կան: Ես հասկանում եմ, որ կա այս երկու խնդիրը՝ դատական իշխանության ժողովրդավարական ձևավորում և դատական իշխանության անկախություն: Միշտ մեկն ուժեղացնում ես, մյուսն է թուլանում:
Անկախացնում ես, ստացվում է՝ ժողովրդից էլ անկախացավ, փորձում ես ժողովրդին մասնակից դարձնել, եթե նրա կողմից անուղղակի է ձևավորվում, կախման մեջ է ընկնում այն մարմնից, որը նրա վրա ազդեցություն ունի: Այս ձևով էլ են փորձել հարցը լուծել, բայց էլի բալանսը խախտվել է՝ ի վնաս դատարանների անկախության: Ինչո՞ւ եմ ես ասում` բաց թողնված հնարավորությունների Սահմանադրություն: Մենք այսօր ունենք առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ:
«Վերաքննիչ» բառը պարզապես տերմին չէ: Այդ դատարանը վերաքննիչ են անվանել, ոչ թե՝ որովհետև այդպես են որոշել, այլ այդ բառի մեջ կա նաև նրա գործառույթը: Այդ դատարանն անվանել են վերաքննիչ, որովհետև այն պետք է վերաքննի գործերը: Այսօր մենք ունենք վերաքննիչ դատարան, որը վերաքննությամբ չի զբաղված, վճռաբեկությամբ է զբաղված: Ակնհայտ անհամապատասխանություն կա իր սահմանադրական նշանակության և օրենքներով իր վրա դրված լիազորությունների միջև:
Այս խնդիրը պետք է լուծվեր, սակայն իրենք այդպես էլ չլուծեցին այն, այդպես էլ, որպեսզի ինչ-որ մեկին կամ մի քանիսին չնեղացնեն: Բայց այդպես չի կարող լինել: Այս խնդիրը մեկ, երկու տարի հետո էլի կկանգնի: Սա էլ ընդունվեց, եթե իմ վստահորդի մոտ անհրաժեշտություն լինի, ես դիմելու եմ Սահմանադրական դատարան, ասելու՝ ինչպե՞ս է ընդհանրապես վերաքննիչ դատարանը զբաղված վճռաբեկությամբ: Ու Սահմանադրական դատարանը կա՛մ պիտի ասի՝ դու ճիշտ ես, կ՛ամ պիտի հերթական անգամ իրավաբանությունը ծռմռի, ասի՝ ոչ, ամեն ինչ նորմալ է: Այդպես չպիտի լիներ:
Այդ խնդիրը պետք է լուծվեր: Հիմա մեզ ասում են (նման միտում կար)՝ չբռնե՞նք վերաքննիչ դատարանը լուծարենք: Իսկ ինչո՞ւ վերաքննիչ դատարանը: Մեր դատական համակարգում մի կույրաղիք կա՝ կոչվում է վճռաբեկ դատարան: Այն ոչնչով զբաղված չէ: Այնտեղ վիճակախաղ է: Տա Աստված՝ ազնիվ վիճակախաղ լինի: Վճռաբեկ բողոքների 95 տոկոսը վարույթ չի ընդունվում, 5 տոկոսը վարույթ է ընդունվում՝ ընդ որում, վիճակախաղի սկզբունքով: Տա Աստված՝ ազնիվ վիճակախաղի: Մեզ ասում են՝ վճռաբեկ դատարանն օրենքի միատեսակ կիրառությունն է ապահովում: Շատ լավ: Եթե դա իր միակ գործառույթն է, ու ինքը մեզ պետք է ամեն վճռաբեկ բողոք գրելուց հետո անորոշության մեջ պահի, ի՞նչն է խանգարում գրել ընդամենը մեկ տող՝ վերաքննիչ դատարանն է հետևում օրենքի միատեսակ կիրառությանը, և նրա կողմից կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար:
Հերիք է այս բանը գրեք, ու մի ամբողջ դատարան՝ վճռաբեկ դատարանը, իր ամբողջ անձնակազմով, դառնում է ավելորդ: Չարեցին: Մեզ մոտ էլի կույրաղիքը մնաց: Իհարկե, ամեն մարդ չէ, որ կույրաղիքը հեռացնում է, դա էլ կարող է մնալ, բայց մինչև ե՞րբ մենք պետք է այս անորոշության մեջ մնանք: 10 տարի է՝ այդ դատարանը վարույթ ընդունելու կամ չընդունելու լիազորություն ունի, ու 10 տարվա ընթացքում այն դեռ կանխատեսելի չդարձավ: Կարող է՝ եթե այն 250 տարի էլ աշխատի, 250 տարի անց աշխատող փաստաբանները հնարավորություն ունենան կանխատեսելու՝ ինչ գրել վճռաբեկ բողոքում, որ այն վարույթ ընդունվի: Իսկ հիմա՝ ոչ: Բայց դա մարդկանց ճակատագրերի խնդիր է: Փաստաբաններիս համար այդտեղ առանձնապես տարբերություն չկա: Սկզբի մեկ տարին էր, երբ մեր վստահորդներին թվում էր, թե մենք վճռաբեկ բողոքը լավ չենք գրել, դրա համար վարույթ չի ընդունել: Հիմա արդեն բոլորը գիտեն, որ վճռաբեկ բողոքի բովանդակությունից, որակից ոչինչ կախված չէ: Ցավով եմ ասում՝ ևս մեկ բաց թողնված հնարավորություն կա՝ երդվյալների դատարանը: Երդվյալների դատարանը, ի թիվս այլ առավելությունների, մի խնդիր էլ է լուծում՝ ժողովրդի մասնակցությունը դատական իշխանությանը: Երդվյալների ինստիտուտի մասին կարելի է ժամերով խոսել, ու ցանկացած լսարանի առջև խոսելիս կարելի է ամենաթերահավատներին հիմնավորել, որ դա անհրաժեշտ է՝ հատկապես Հայաստանում: Հայեցակարգում դա նախատեսված էր, հիմա մենք դա չունենք: Դրա համար ես դա անվանում եմ բաց թողնված հնարավորությունների սահմանադրություն:
– Պարոն Ալումյան, բայց երդվյալների ինստիտուտի վերաբերյալ հաճախ հակափաստարկ է հնչում, որ Հայաստանում բարեկամական կապերը շատ են:
– Ես ցավում եմ, որ նրանք, ովքեր այդպես են ասում, այդքան ցածր կարծիք ունեն սեփական ժողովրդի մասին, որովհետև, օրինակ՝ Գլենդելում մեծամասնությունը հայեր են, գործում է երդվյալների դատարան, և ամերիկացիների մտքով չի անցնի երդվյալների մեջ հայերի մասնակցությունը կասկածի տակ դնել, որովհետև նրանց մոտ բարեկամական կապեր կան: Այդպես չէ: Այսինքն՝ ամերիկացիները մեր մասին այդքան վատ չեն մտածում: Վրաստանում գործել է երդվյալների դատարան, հիմա էլ է գործում:
Վրացիները մենթալիտետով մեզ շատ նման են: Բացի դա՝ պատկերացնո՞ւմ եք վրացիներն ասեին՝ հայերին պետք չէ մտցնել երդվյալների մեջ, որովհետև նրանք բարեկամական կապեր ունեն: Մենք կնեղանայինք: Բայց երբ մենք ենք մեզ այդպես պախարակումգ դա տկարների հոգեբանություն է, որ մեզ մոտ չի ստացվի, իրենք լավն են, բայց մենք այդքան լավը չենք: Դա լավ մտածելակերպ չէ: Այդ մարդիկ երևի երդվյալների դատարանը չեն տեսել գործողության մեջ:
Երբ մի մեծ դահլիճ բերում են 200 մարդ, որոնք հետո տարբեր գործերով պետք է երդվյալներ ընտրվենգ դու նայում ես այդ մարդկանց ու սարսափում ես, որ իրենք պետք է մարդ դատեն, որովհետև իրենց ընդհանրապես պետք չէ, իրենք այդ դահլիճում նստած են, ոչ մեկին պետք չէ այդ ամեն ինչը. տարբեր մասնագիտություններ ունեն, զգացվում է՝ տարբեր մշակութային շերտերից են:
Մարդ է գալիս, զգում ես, որ տանտիկինն է, տանից մի կերպ են հանել, ինքն էլ մտածում է՝ ճաշն ինչ կլինի, և այլն: Հետո, երբ այդ մարդկանց ընտրել են, ու դու տեսնում ես՝ ինչպես են իրենք դահլիճ մտնում ու ամբողջ դատավարության ժամանակ հետևում դատավարությանը, երբ արդեն իրենց վրա զգում են պատասխանատվությունը, իրենք կերպարանափոխվում են: Այդ կես ժամվա ընթացքում, երբ իրենց ընտրում են, մտցնում դահլիճ, այդ մարդկանց կարող է չճանաչես պարզապես: Այդ պատասխանատվությունը, երբ տեսնում են, որ կա ամբաստանյալ, դատախազը, պաշտպանն իրենց են դիմում, իրենք պետք է որոշեն այդ ամբաստանյալի ճակատագիրը, այդ մարդկանց դարձնում է լրիվ այլ մարդ: Եվ շատ ավելի աչալուրջ մարդ, քան մեր շատ դատավորներ՝ քրեական գործ քննելիս, որովհետև դատավորի համար արդեն սովորական է դարձել (հատկապես դատավորներ ունենք, որոնք իրենց գործառույթը նոտարի գործառույթից չեն տարբերակում, պարզապես շտամպում են ու ուղարկում մարդկանց), իրենց վրա այդ բեռն էլ չեն զգում:
Բացի դա՝ երդվյալների կողմից կայացված դատական ակտը ժողովրդի համար շատ ավելի հեղինակավոր է, հատկապես վիճահարույց հարցերով, որովհետև իրենք հասկանում են, որ այն կայացվել է իրենց կողմից: Արդեն այդ խնդիրն էլ չկա, որ չեն վստահում դատական իշխանությանը, որովհետև իրենք են դատական իշխանությունը: Շատ ու շատ առավելություններ կան:
– Խոսեցիք դատավորների նշանակման կարգի մասին: Ձեր կարծիքով՝ Հայաստանի պայմաններում ինչպե՞ս կարելի է այդ հարցը լուծել:
– Գուցե սա շատ հեղափոխական կամ ծայրահեղական տեսակետ թվա, բայց իրականում մենք դրան շուտ թե ուշ գալու ենք, որովհետև արդեն հասցրել ենք տասնյակ մոդելներ փոխել, ոչ մեկը չաշխատեց: Գոնե առաջին ատյանի դատարանների դատավորները պետք է ընտրվեն, ոչ թե նշանակվեն: Ճիշտ է՝ իրենք պետք է ավարտած լինեն արդարադատության ակադեմիան, պատշաճ մակարդակի գիտելիքներ ունենան, իրենց որակավորումը պետության կողմից պետք է երաշխավորված լինի, բայց իրենց՝ արդեն պաշտոնի անցնելը պետք է լինի ժողովրդի ընտրության միջոցով:
Միգուցե վերաքննիչ դատարանների դատավորների կամ երկրորդ ատյանի դատարանի դատավորների (չգիտեմ՝ ինչպես այն կկոչվի) կազմը կարող է ձևավորվել առաջին ատյանի դատարանի դատավորների միջոցով, միգուցե խառը սկզբունքով: Դա կարելի է մտածել, տարբեր մոդելներ կան, բայց իմ խորին համոզմամբ՝ առաջին ատյանի դատարանները պետք է ձևավորվեն ընտրությունների միջոցով: Ճիշտ է՝ մեզ ասում են՝ մեզ մոտ ընտրությունները կեղծվում են, և այլն, և այլն: Ես էլ ասում եմ՝ շատ լավ, եկեք Ազգային ժողովն էլ չընտրենք, դա էլ նշանակենք, եթե այդպես է, միևնույն է՝ կեղծվում է: Այդպես չէ: Պետք է առողջացնել ընտրության մեխանիզմը, ոչ թե հրաժարվել ընտրությունների գաղափարից: