«Զվարթնոցն» Անդրկովկասի ամենաէժան մայրաքաղաքային օդանավակայանն է. REGNUM

Երևանի օդանավակայանն ամենաէժան մայրաքաղաքային օդանավակայանն է Անդրկովկասում: «Զվարթնոցում» 1 ուղևորի սպասարկման միջին արժեքը կազմում է 45 դոլար, Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանում՝ 51 դոլար, Հեյդար Ալիևի անվան օդանավակայում՝ 79 դոլար, գրում է REGNUM-ը:

Երկար տարիներ Հայաստանում ընդունված է կարծել, որ ավիափոխադրումների թանկ լինելու պատճառը «Զվարթնոցի» թանկ ծառայություններն են (ընկերության սեփականատերը արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանն է):

Այդ պատկերացումները մեծավ մասամբ շրջանառության մեջ է դրել «Արմավիա» ընկերության սեփականատերը (սնանկացած հայ ավիափոխադրող), որը դրանով փորձում էր բացատրել իր ընկերության անհաջողությունները: Այն, որ դա թյուր կարծիք է ու անհիմն պնդում, կարելի է հասկանալ մի շարք երկրների օդանավակայանների ծառայությունները համեմատելով, գրում է REGNUM-ը:

«Փորձի» հիմք է ընտրվել տարածաշրջանի օդանավակայաններում ավիափոխադրողների շրջանում տարածված Airbus A320 ինքնաթիռի (նախատեսված 130 ուղևորի համար) սպասարկման արժեքը:

Այդ նպատակով դիտարկվել են ինչպես Անդրկովկասի 3 հանրապետությունների գլխավոր օդանավակայանները, այնպես էլ ուղևորափոխադրումների ծավալով «Զվարթնոցի» հետ համադրելի այլ օդանավակայաններ:

Հայաստանում սիրում են գները համեմատել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանի գների հետ, քանի որ ավիատոմսերը հաճախ այնտեղ անհամեմատ էժան են, քան Հայաստանում է: Այդ պատճառով էլ Հայաստանի քաղաքացիները հաճախ են օգտվում Թբիլիսիի օդանավակայանից, գրում է REGNUM-ը:

Այսպես, «Զվարթնոց» օդանավակայանը 2014թ. սպասարկել է շուրջ 2 միլիոն ուղևորի, Թբիլիսիի օդանավակայանը՝ 1 մլն 575 հազար ուղևորի, Բաքվի օդանավակայանը՝ 2,9 մլն-ի:
Airbus A320 տեսակի (130-տեղանոց) ինքնաթիռի սպասարկման արժեքը Երևանի օդանավակայանում կազմում է 5903 դոլար, Թբիլիսիում՝ 6664 դոլար, Բաքվում՝ 10323 դոլար:

Այս թվերը ներկայացված են առանց տեղի պետտուրքերի ու վառելիքի լիցքավորման արժեքի, որոնք օդանավակայանի ծառայությունների մեջ չեն մտնում:
Եթե հաշվենք 1 ուղևորի սպասարկման արժեքը, ապա «Զվարթնոցում» այն կազմում է 45 դոլար, Շոթա Ռուսթավելու օդանավակայանում՝ 51 դոլար, Հեյդար Ալիևի օդանավակայանում՝ 79 դոլար:

Իրականում, Երևանի օդանավակայանում սպասարկումը ամենաէժանն է տարածաշրջանի երեք երկրների թվում: Այլ հարց է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման արժեքին հարկավոր է գումարել 20 դոլար պետական տուրքը, որը ժողովրդի լեզվով ասած՝ «օդի հարկն» է: Այդ դեպքում ստացվում է, որ ավիաընկերությունների համար 1 ուղևորի սպասարկումը կազմում է 65 դոլար, սակայն դա արդեն մասնավոր ընկերության խնդիրը չէ, այլ պետության:

Բացի այդ՝ մաքսային վճարով ուղևորը Հայաստանում ավիաընկերությանն ավելի թանկ է արժենում, քան Թբիլիսիում, սակայն ավելի էժան, քան Բաքվում: Բայց դա այն դեպքում, եթե հաշվի չառնենք Բաքվի օդանավակայանի վառելիքի չնչին գումարը:

Ինչ վերաբերում է ուղևորահոսքին, ապա, բնականաբար, ուղևորահոսքի մեծացման դեպքում նվազում են դրանց սպասարկման ծախսերն ու գները: Օրինակ՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, որը 2014թ. սպասարկել է 56,7 մլն ուղևորի, վերոնշյալ ինքնաթիռով սպասարկման գումարը կազմում է ընդամենը 4,4 հազար դոլար, Մոսկվայի «Շերեմետևոյում» (31,5 մլն)՝ 5,4 հազար դոլար, Մինսկում՝ (2,6 մլն, համեմատելի է թվով երևանյանի հետ)՝ 5,9 հազար դոլար:

Սակայն ոչ միշտ են ուղևորահոսքերը հանգեցնում գների նվազման, օրինակ՝ Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում, որի տարեկան ուղևորահոսքը 63,8 մլն է, վերոնշյալ ինքնաթիռի 1 չվերթի սպասարկման արժեքը կազմում է 10,4 հազար դոլար, Վիեննայում՝ (22,5 մլն)՝ 7,4 հազար, Մյունխենում (39,7 մլն)՝ 6,3 հազար դոլար:
Ամենաէժան օդանավակայանները գտնվում են Տալլինում (2 մլն ուղևոր)՝ 3,7 հազար դոլար, Կիևում (8 մլն)՝ 4,9 հազար դոլար ու Զագրեբում (2,4 մլն)՝ 5 հազար դոլար:

Ստացվում է, որ «Զվարթնոցի» սպասարկման գները հենց նպաստում են ավիաչվերթների ցածր արժեքին, ու դա չնայած այն բանին, որ մի քանի տարի առաջ կառուցվեց մինչև 4 մլն ուղևորի սպասարկման համար նախատեսված գերժամանակակից օդանավակայան:

Որոշ առումով ավիատոմսերի գները բարձրանում են ավիատոմսերի վրա սահմանված պետտուրքերի պատճառով, սակայն հիմնականում ավիատոմսերի բարձր գների պատճառը սեփական ավիափոխադրողի բացակայությունն է:

Սեփական ավիափոխադրողի բացակայությունը նպաստում է այն բանին, որ օտարերկրյա ավիափոխադրողները թելադրեն իրենց գները:

Տեսանյութեր

Լրահոս