«Եվ մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են թե ծնողներին և թե հանրությանը»
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի պատասխանները «Հայ զինվոր» թերթի հարցերին
– Օրերս հրապարակումներ եղան, թե զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերը գաղտնագրվում են: Արդյո՞ք զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին արգելվում է տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ:
– Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. թիվ 9-Ն հրամանով հաստատված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին»:
Հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում համացանցում հրապարակվում են տեղի ունեցած դժբախտ պատահարների և մահվան ելքով դեպքերի մասին` նշելով նաև դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ: Դրա վկայությունն է նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղակատվության տրամադրումը:
Հետևաբար, այն դիրքորոշումը, որ հրամանով արգելվում է զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը և հրամանի տրամաբանությանը:
Եվ մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են թե ծնողներին և թե հանրությանը:
Գաղտնիք է համարվում ոչ թե կոնկրետ դեպքը, այլ՝ «Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ»:
Այս հանգամանքն անտեսվում է հրամանի դրույթների՝ յուրովի մեկնաբանման ժամանակ:
Ծնողները զրկված չեն տեղեկատվություն ստանալուց նաև դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքում:
– Ձեր դիրքորոշումը ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. թիվ 9-Ն հրամանը դատական հայցով վիճարկելու վերաբերյալ:
– ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ և օրենքով սահմանված կարգով: Ուղղակի ցանկալի է, որպեսզի հայցապահանջների իրավական հիմքերը լինեն հիմնավորված: