Նախարարության բաց քաղաքականությունը տալիս է իր տեսանելի և շոշափելի պտուղները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվել է «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածի արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է ԿԳՆ-ի պատվերով՝ IPSC ընկերության կողմից, 2015 թվականի մայիսի-հունիս ամիսներին: Շնորհանդեսին ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը, կարևորելով ոչ միայն կրթական բարեփոխումների իրականացումը, այլ դրանց արդյունքում հանրային կարծիքի ուսումնասիրությունը, վերջին տարիներին

պարբերաբար սոցիոլոգիական լուրջ հետազոտություն է պատվիրում` հասկանալու ոլորտի շահառուների շրջանում, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացով պայմանավորված բարեփոխումների արդյունավետության գնահատականը և հետադարձ կապը հասարակության հետ:

«Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս դառնալով` Հայաստանը որդեգրել է բարձրագույն կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացում` եվրոպական կրթական ստանդարտները և առաջնահերթությունները տեղայնացնելով Հայաստանում:

Առաջին անգամ ազգային հետազոտություն ենք իրականացրել` Հայաստանի ուսանողների հավաքական կերպարը բացահայտելու, նրա հիմանական կարիքները գնահատելու և բարեփոխումների հետադարձ կապը հասկանալու համար: Այսօր կներկայացվի հետազոտության բացառապես ակադեմիական հատվածը, սակայն առաջիկայում հանրությանը պարբերաբար կներկայացնենք նաև հայաստանցի ուսանողի ամբողջական բնութագիրը` սոցիալական, ակադեմիական, նախընտրություններ, մոտիվացիա, արժեհամակարգ և այլն»,-նշել է նախարարը:

IPSC ընկերության փորձագետ Ս. Մանուկյանը, ներկայացնելով հետազոտությունը, նշել է, որ իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հարցվել է առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):Նրա խոսքով` «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ` Բոլոնյան գործընթացի մասին ուսանողների ընդհանուր տեղեկացվածության, ուսման որակի անուղղակի գնահատականների, ուսանողների՝ օտար լեզվի և համակարգչային գիտելիքների իմացության, ինչպես նաև ուսանող-ՀՀ ԿԳՆ համագործակցության մասին:

Բանախոսը ներկայացրել է մի քանի թվային տվյալներ, մասնավորապես, ուսանողների ընդհանուր տեղեկացվածությունը Բոլոնյան գործընթացից: «Լավատեղյակ են» Բոլոնյան գործընթացից կամ «բավարար չափով գիտեն, թե դա ինչ է» ուսանողների 41.2%-ը, այն դեպքում, երբ 2013թ.-ին այդպիսիք էին՝ 32.2%-ը:

Տեղեկացվածությունը կրեդիտային համակարգի վերաբերյալ. 2015թ. «լավատեղյակ» են կամ «բավարար չափով գիտեն, թե դա ինչ է» ուսանողների 72.8%-ը /2013թ.` 73.8%): Ուսանող-ՀՀ ԿԳՆ համագործակցության հատվածի հետ հետ կապված` ԿԳՆ ներկայացուցչի հետ անձնական շփում ունեցածների 94.8%-ը նշել է, որ «ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչն իր հետ հարգանքով է խոսել», 76.8%-ը նշել է, որ նա կարողացել է իր ողջ ասելիքը հայտնել և հարցերը տալ ՀՀ ԿԳՆ ներկայացուցչին, 81.5%-ը հայտնել է, որ ԿԳՆ ներկայացուցիչն ըստ էության պատասխանել է իր հարցերին, 63.8%-ը հայտնել է, որ հարցը լուծվել է այնպես, ինչպես ինքն ակնկալել է:

Հետազոտության հրապարակումից հետո նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է հետազոտության մի քանի արդյունքների, մասնավորապես, ուսանողների մոտ Բոլոնիայի գործընթացի ընկալմանը: «Յուրաքանչյուր տարի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրները հրապարակում են իրենց ազգային զեկույցը և համեմատում իրար հետ:

Այս տարվա արդյունքների համաձայն` Հայաստանի ուսանողների տեղեկացվածության մակարդակը Բոլոնիայի գործընթացով անգամ մի քիչ բարձր է, քան միջին եվրոպականը: Դա բացատվում է այն փաստով, որ Բոլոնիայի գործընթացը մեր երկրի համար նոր երևույթ է, հետևաբար մեր ուսանողների մոտ կա հետաքրքրություն, մյուս կողմից` քանի որ այն դիտարկվում է որպես բարեփոխում, քննադատական մոտեցումն ավելի մեծ է»,-նշել է նախարարը:

«Շատ կարևոր է ուսումնասիրության այն հատվածը, որը վերաբերվում է նախարարության հետ տարվող աշխատանքին: Ուրախալի է, որ նախարարության բաց քաղաքականությունը տալիս է իր տեսանելի և շոշափելի պտուղները, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում: Ուրախալի է, որ ուսանողները սկսել են ավելի շատ վստահել նախարարությանը, սական այս մեդալն ունի դարձերես` ուսանողների խնդիրների մի մասը բուհերում չեն լուծվում:

Այսինքն` նախարարությունն ավելի արժանահավատ գործընկեր է դիտվում, որտեղ կարելի է գտնել արդարություն, քան մոտակա դեկանատում: Հետևաբար, ուսանողների մի մասը, անցնելով ավելի ստորին օղակներով և չլուծելով իրենց խնդիրը, գալիս է նախարարություն, մի մասն էլ, չցանկանալով անցնել բուհական ղեկավարման այդ օղակներով, միանգամից դիմում է նախարարություն: Ինչ խոսք, նախարարության համար սա դրական ցուցանիշ է, սակայն բուհերի վարչարարության տեսակետից կա անելիք` տեղերում օբյեկտիվիզմի և արդարության աստիճանը բարձրացնելու համար:

Հետևաբար, արդեն հանձնարարական է գնացել բուհերի ռեկտորներին` ամսվա մեջ առնվազն մեկ օր սահմանել ուսանողների ընդունելության օր, հրահանգել ավելի մանկավարժական աշխատանք տանել ուսանողների հետ, ուսանողակենտրոն դարձնել դեկանատների աշխատանքը: Նախարարություն պետք է հասնի շատ քիչ քանակությամբ չլուծված խնդիր»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Շնորհանդեսի ընթացքում նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս