«Կարտոֆիլն այսօր երկու անգամ էժան է հացից». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենց միավորումը գյուղատնտեսական տարին գնահատում է բավարար, քանի որ պտղաբուծությունն այս տարի լավ արտադրանք տվեց, արտահանման ծավալներն էլ ավելացան:
«Խաղողի բերքն անցած տարվա համեմատ 20-30 տոկոսով ավել է: Ծանր էր տարին բանջարաբուծություն, անասնաբուծութան, կաթ արտադրողների և կարտոֆիլագործների համար: Խոչընդոտներն սկսվեցին բանկային համակարգից, քանի որ ֆինանսավորումն սկսեցին մայիսից: Վարկային համակարգը հարված հասցրեց գյուղատնտեսութայանը, որը կարող էր չլինել: Վարկավորումը պետք է սկսվեր փետրվար-մարտ ամիսներից, գոնե Արարատյան դաշտավայրում: Դժգոհ ենք նաև հակակարկտային և ոռոգման համակարգերից»:
Ըստ նրա՝ կարտոֆիլն այսօր երկու անգամ էժան է հացից.
«Կարտոֆիլը թանկացավ, երբ Արարատյան հարթավայրում այն վերջացավ, իսկ Շիրակում անձրևներ սկսվեցին, և չէին կարող քանդել-հանել կարտոֆիլի բերքը: Հիմա գինը բավականին իջել է և այդպես կպահպանվի, իսկ 20 տոկոսով թանկացել է Արարատյան հարթավայրի բերքի հետ համեմատ: Ցորենի կորուստ ունեցանք, որովհետև բերքը շոգից շուտ հասունացավ, իսկ մեր կոմբայնները հին էին և տեխնիկայի պատճառով կորուստներ շատ եղան: Լոլիկի գներով մտահոգված ենք, որովհետև այն բերքը, որ սպասում էինք՝ չունենք: Լոլիկի գինը 200- 250 դրամից չիջավ: Շոգի պատճառով բերքի կորուստ ունենք»: