Վաղինակ Շուշանյանը սառը հարաբերություններ ունի Մաքսիմ Սարգսյանի հետ. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին, ինչպես հայտնի է, կայանալու է «Ոչ Թալանին» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ այս նախաձեռնության վերջին ակցիան կայացավ սեպտեմբերի 1-ին:
Եվ ահա հենց այդ օրվանից հետո էլ մի տեսակ անհասկանալի վիճակ է ստեղծվել նախաձեռնության շրջանակներում: Խնդիրն այն է, որ էլէներգիայի սակագնի դեմ պայքարող ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը, որը ոչ վաղ անցյալում լքեց Բաղրամյան պողոտան մարդկանց կոչ անելով հավաքվել Ազատության հրապարակում, չնայած հայտարարել է, թե լքել է նախաձեռնությունը, այնուամենայնիվ, վերջին ակցիային բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ:
Հարկ է նշել, սակայն, որ վերջինիս հետ առանձնապես սառը հարաբերություններ ունեն «Ոչ Թալանին» նախաձեռնության մնացած առանցքային դեմքերը, խոսքն, օրինակ, Մաքսիմ Սարգսյանի և Արամ Մանուկյանի մասին է: Ի դեպ նրանք կանգնած են եղել այս շարժման ակունքներում:
Ակցիայի մասնակիցների դիտարկմամբ՝ Վաղինակը սեպտեմբերի 1-ի բողոքի երթի ժամանակ իրեն շատ վատ է պահել հատկապես ոստիկանների հետ շփվելիս: Նրանց հայհոյել է, ապա վերնազգեստն է հանել, որպեսզի այդ քաշքշոցների մեջ հանկարծ չպատռվի, հետո փորձել է այդ ամենը վերագրել ոստիկաններին, թե իբր իրեն քաշքշել են և պատռել շորերը: Հետո թե ոստիկաններին կոչ է արել բացել փողոցը: Իսկ երբ տեսել է, որ իրեն լսող չկա, ոստիկաններին մեղադրել է տղամարդկություն չունենալու մեջ:
Մի խոսքով՝ երբեմնի հավասարակշիռ և ադեկվատ երիտասարդն անհասկանալի է, թե ինչի է վերածվել: Խոսակցություններ կան, որ վերջինս իր տարօրինակ գործողություններով անլրջացնում է ակցիան, ինչպես նաև հրահրում է, որպեսզի ոստիկանությունն ամեն գնով արգելի նախաձեռնության անդամների տեղաշարժը»:
Կարդացեք թերթի այսօրվա համարում: