
Ռուսաստանն ուսումնասիրում է Հայկական ատոմակայանի շինարարությանը մասնակցելու հնարավորությունը

Ռուսաստանն ուսումնասիրում է Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությանը մասնակցելու հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա աշխատանքային այցի փաստաթղթերին:
Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտին որոշում էր կայացրել երկարեցնել ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ կապված նոր միջուկային էներգաբլոկի շինարարության երկարաձգման հետ:
«Ռոսատոմը» հայ փորձագետների հետ համատեղ պայմանավորվել է աշխատել նախագծի վրա մինչև էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի իրականացումը՝ 2026 թվականը:
«Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը ապահովելուն զուգահեռ՝ ռուսական կողմը ուսումնասիրում է նոր էներգաբլոկի շինարարությանը հնարավոր մասնակցության հարցը»,- գրում է գործակալությունը՝ հղում կատարելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին:
2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարեցնելու մասին:
Փետրվարին Մոսկվայում ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի կառավարությանը այդ աշխատանքների իրականացման համար վարկ տրամադրելու մասին: Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլարի վարկ ու 30 մլն դոլար՝ որպես դրամաշնորհ: