Բաժիններ՝

«Սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի պատասխանը ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հարցին

– Սթ. սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Արդեն ս.թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա այդ զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում: Զուգահեռաբար, ադրբեջանական մամուլով լուրեր են տարածվել, որ սեպտեմբերի 6-ից 13-ը այդ երկրում նույնպես կազմակերպվում են զորավարժություններ, որոնց ընդգրկված են լինելու 65.000 անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենաներ, 500 միավոր հրթիռային և հրետանային համակարգեր, 40 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ և այլն: Արդյոք կա՞ն միջազգային մեխանիզմներ զորավարժությունների քանակական ցուցանիշները վերահսկելու և դրանց թափանցիկությունն ապահովելու համար:

Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են և Հայաստանը, և Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Մասնավորապես, Վիեննայի 2011թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչև  9000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը կամ մինչև 250 մարտական տանկեր կամ մինչև 500 ՄԶՄ-ներ կամ մինչև 250  ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ /100 մմ և ավելի տրամաչափի/ որևէ մեկ զորավարժության մասին:

Ընդ որում, եթե տվյալ մակարդակի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում տվյալ սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկառատումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա դատելով հրապարակված թվերից դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս