Ես մերժում եմ նրա՝ ակտիվ քաղաքականության մեջ լինելը. Զարուհի Փոստանջյանը՝ Քոչարյանի մասին. 1in.am

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի հավատում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինքը չի ցանկանում լինել վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ:

«Ես չեմ հավատում Ս. Սարգսյանին՝ սկսած այն ժամանակից, երբ նա իբր թե գիտական մի խումբ էր կազմել, որն իբր թե սպիդի բուժման դեղամիջոցն էր հայտնաբերել: Եվ իհարկե, ավարտված այս վերջին ավանտյուրաներով, երբ մենք մեկ գիշերվա մեջ ականատեսը եղանք նրա այն որոշմանը, թե Հայաստանը չի ցանկանում ընդգրկվել Եվրամիության մերձեցման գործընթացում և չի ցանկանում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Հակառակը՝ ցանկանում է ընդգրկվել մի տարածքում, որը շատ խոցելի է դարձնում հայկական պետականությունը և անտեսում է հայ ժողովրդի շահը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Զ. Փոստանջյանը:

Վերջինս հավելել է,  որ Ս. Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է՝ նախ մինչև 2018 թվականը իր իշխանությունը պահելու և հավերժ իշխանության մնալու համար:

Անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելուն, Զ. Փոստանջյանը հավելեց, թե դատապարտված ու բանտախցերում գտնվող մարդիկ նույնպես կարող են կարծիք հայտնել:

«Ինքն է օգնել Սերժ Սարգսյանին բարձր պաշտոնով ապահովելու հարցում: Ես մերժում եմ նրա՝ ակտիվ քաղաքականության մեջ լինելը»,- եզրափակել է պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս