Սեպտեմբերի 14-ից «Արմենիա TV»–ին կներկայացնի 6 տարբեր ալիքներ՝ ցանկացած նախասիրության համար. Tert.am
Tert.am-ը գրում է. «Արմենիա Թի Վի» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև այսօր ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որի համաձայն՝ սեպտեմբերի 14-ից սկսած «Արմենիա» հեռուստաընկերությունն սկսում է «6 տարբեր Արմենիա» նախագիծը, որից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները:
Այդ վեց ալիքներն են՝ «Պրեմիում», «Հայ կինո», «Ջան TV», «Քոմեդի», «Տունտունիկ» և «Սինեմաքս», որոնց տարբերանշանները կլինեն համապատասխանաբար 1-ից 6 թվերը: Բոլոր հեռուստաալիքները կհեռարձակվեն օրը 24 ժամ առանց գովազդային դադարների:
Ինչպես այսօր «Օպերա սյուիթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսին ասաց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, աշխարհի առաջատար եվրոպական բոլոր հեռուստաընկերությունները գնացել են հենց այս ճանապարհով:
«Սա նոր «Արմենիա» հեռուստաընտանիքն է, որը կոչված է գոհացնելու հեռուստադիտողների լայն շերտերին: Հույս ունենք, որ յուրաքանչյուր հեռուստադիտող այստեղ կգտնի իր համար առավել նախընտրելի հեռուստաալիքը: Սա ժամանակի պահանջ է, որը իրականություն է դառնալու մեր հուսալի գործընկեր «Յուքոմ» ընկերության հետ համագործակցության արդյունքում»,-ասաց նա:
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց, որ առաջին անգամ չէ, որ «Արմենիա» հեռուստաընկերության հետ ծրագիր է իրականացվում և ընդգծեց, որ «Արմենիան» այն առաջատար հեռուստաալիքներից է, որն այսօր հեռարձակում է բարձր որակի կոնտենտ և բավականին հետարքիր հեռուստածրագրեր:
«Այս վեց ալիքներից ես հատկապես առանձնացնում եմ «Հայ կինոն» ու «Տունտունիկը», որոնք բացառիկ են հայկական շուկայի համար և ներկայացնում են հայկական մշակույթը: «Տունտունիկը» երեխաներին տալիս է զարգանալու բացառիկ հնարավորություն, որին մենք սպասում էինք»,-ասաց նա:
«Արմենիա» հեռուստաընկերության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Արամյանն էլ ներկայացրեց, թե որ ալիքով ինչ կարելի է դիտել: Նա տեղեկացրեց, որ այս ալիքների հեռարձակումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ից սկսած:
«Հեռուստավահանակի զրո կոճակի ներքո գործելու է «Պրեմիումը», այստեղ հեռարձակվելու են հեռուստաընկերության հաղորդումները HD որակով և առանց գովազդային դադարների: Բոլոր սիթքոմերն ու սերիալները հեռարձակվելու են մեկ օր շուտ, քան բուն Արմենիա TV-ով: Անակնկալ կա նաև ֆուտբոլասերների համար, Չեմպիոնների լիգայի խաղերը երկու անգամ ավելի շատ են ցուցադրվելու: Տուրի բոլոր կենտրոնական խաղերը ներկայացվելու են»,-ասաց նա:
Այնուհետև Ռուբեն Արամյանը նշեց, որ 304 կոճակի ներքո գործելու է «Հայ կինո» ալիքը, որտեղ ցուցադրվելու են հայկական արտադրության ֆիլմերն ու հեռուստասերիալները շուրջօրյա ռեժիմով։
303 կոճակի ներքո գործելու է «Ջան TV»–ն և հնչելու է հայկական երաժշտություն՝ հայ երգիչ-երգչուհիների կատարմամբ, ինչպես նաև բացառիկ համերգներ:
302 կոճակի ներքո գործելու է «Արմքոմեդի» հեռուստաալիքը, որտեղ մեկ հարկի ներքո ներկայացվելու են հայկական հումորի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց հումորային մանրապատումներով ու սերիալներով: Կներկայացվեն ինչպես նոր, այնպես էլ հին մանրապատումներ:
301 կոճակի ներքո կներկայացվի «Տունտունիկ» ալիքը, որտեղ 24 ժամ կցուցադրվի երեխաների համար նախատեսված ծրագրեր՝ մուլտերից մինչև ճանաչողական ֆիլմեր:
300 կոճակի ներքո կգործի «Սինեմաքս» ալիքը, որտեղ կցուցադրվեն գեղարվեստական ֆիլմեր ոչ միայն ամերիկյան արտադրության, այլ նաև եվրոպական:
«Եթե հիշում եք՝ տարիներ առաջ մենք ունեինք համանուն ալիք, որը դարձյալ կապ ուներ «Արմենիա» հեռուստաընկերության հետ և մենք որոշեցինք չփոխել անունը և բարի համբավը վերականգնում ենք: Այս անգամ թարմացնելու ենք ֆիլմաշարը ամեն օր ու ցուցադրվելու են մեգահիթեր: Ցուցադրվելու են կինոարտադրության լավագույն նմուշները»,-ասաց Ռուբեն Արամյանը:
«Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանն էլ նշեց, որ ալիքները գործելու են «Յուքոմ»–ի բոլոր բաժանորդների համար, այսինքն` հասանելի կլինեն բոլոր փաթեթների դեպքում, ընդ որում հավելյալ գումարի անհրաժեշտություն չի առաջանալու: