Բաժիններ՝

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ.

«Գիտելիքի օրվա և 2015-2016 ուսումնական տարվա բացման առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում կրթության ասպարեզի նվիրյալ սպասավորներին, մեր սիրելի ուսանողներին և աշակերտներին:

Մեր ժողովուրդն առանձնահատուկ սեր ու ձգտում ունի դեպի կրթությունը և մեծ պատկառանք ու խոնարհում է տածում ուսուցչի և մանկավարժի հանդեպ, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են սերունդների կրթության և դաստիարակության վսեմ գործին: Մեր երկրի առաջընթացի ու զարգացման, մեր ժողովրդի բարօր կյանքի հաստատման համար առաջնային դեր ունեն կրթական մեր հաստատությունները, որ կոչված են ապահովելու արդի պահանջները բավարարող որակյալ կրթություն, սերմանելու հոգևոր և ազգային արժեքներ մեր զավակաց հոգիներում, որոնց ձեռքերում է մեր ապագան: Ամենքիս առաքելությունն է կերտել ազնիվ, հայրենասեր ու հավատավոր նկարագիրը մեր զավակների, զորացնել նրանց մեջ պատասխանատվությունը ապագայի նկատմամբ և ամրապնդել Աստծո կողմից տրված շնորհները բազմապատկելու և ի շահ մեր երկրի և ժողովրդի գործադրելու հանձնառությունը:

Հայրական սիրով և օրհնությամբ մաղթում ենք, որ Երկնավոր մեր Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը և շնորհազարդի ու զորակից լինի մեր սիրելի մանկավարժներին և կրթության գործի բոլոր մշակներին իրենց նվիրական և պատասխանատու կոչման և առաքելության մեջ:
Թող մեր Տիրոջ` Հիսուսի Քրիստոսի աստվածային ամենառատ սերն ու շնորհները միշտ ձեզ հետ լինեն, ամեն»:

Օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս