Բաժիններ՝

Շատ հայ գործարարներ Վրաստանից գլխիկոր վերադառնում են Հայաստան. Գագիկ Մակարյան

Վրաստանում հայկական բիզնեսների բումն ավարտվում է, և շատ հայ գործարարներ, որ տարիներ առաջ շտապելով տեղափոխվում էին հարևան երկիր՝ բիզնես սկսելու, այժմ գլխիկոր վերադառնում են Հայաստան: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, միության տասնյակ անդամներ դադարեցրել են իրենց գործունեությունը Վրաստանում և, իրականացված ներդրումները ետ չբերած, վաճառել են իրենց բիզնեսները: Ըստ նրա՝ խոսքը հյուրանոցային տնտեսության, պլաստիկ իրերի արտադրության, թխվածքների ու քաղցրավենիքի արտադրության, շինարարության և այլ ոլորտներում բիզնեսների մասին է:

«Հաշված ընկերություններ են մնացել, որ նույնպես դժվարությամբ են շարունակում աշխատանքը: Վերադարձի երկու հիմնական հանգամանք կա՝ որակյալ աշխատուժի բացակայությունը և վրացի աշխատողների կողմից ոչ պատասխանատու վերաբերմունքը, որ նվիրված չեն աշխատանքին, պատասխանատվություն չեն ուզում կրել, նույնիսկ գործատուները կիսածաղրանքով ասում էին, որ երեկոյան ուտել-խմելուց հետո հաջորդ օրը հրաժարվում են աշխատելուց: Անգամ ինտելեկտուալ ֆիրմաներ, որ արտադրություն էին կազմակերպել այնտեղ, աշխատուժի մի  մասը Հայաստանից էին տարել, որ կարողանան հայերի միջոցով աշխատանքը կազմակերպել, կամ տեղի հայերին են վարձել, քանի որ նրանք ավելի նվիրված ու պատասխանտու են: Ի տարբերություն շատ այլ ազգերի՝ հայերը պատասխանատու են աշխատանքի հանդեպ, ժամանակացույցը պահպանում են և այլն»,- ասաց Գ.Մակարյանը:

Ըստ նրա՝ վրացիների մոտ կա նաև մեկ այլ գլոբալ խնդիր՝ մտքի ճկունության պակասությունը, որ այնքան էլ անալիտիկ չեն և ոչ բոլոր ոլորտներում կարելի է հասնել հաջողության: Գ.Մակարյանը բերեց Դանիայի օրինակը, որը գերարդյունավետ և բարձր արտադրողականությամբ տնտեսություն ունի, 2008թ-ին երկրում 5.5 մլն բնակչության պարագայում ՀՆԱ-ն 370 մլրդ դոլար էր, ինչին հասել էին շատ որակյալ աշխատուժի ու կրթական շարունակական ծրագրերի շնորհիվ:

«Թեև Վրաստանում հարկային, բիզնես միջավայրը շատ ավելի լավն է, քան Հայաստանում, բայց աշխատուժը որոշիչ է եղել ու չնայած արտոնություններին ու առավելություններին, աշխատուժի պատճառով շատ հայեր փակել են բիզնեսը: Աշխատուժը բիզնեսի հիմքն է, եթե այն չկա, կամ լավ չի գործում, հնարավոր չէ օգտվել միջավայրի ընձեռած առավելություններից»,- նշեց Գ.Մակարյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս