Եթե ընտրությունները կեղծվում են, ապա նշանակություն չունի՝ այդ ընտրություններն անցկացվում են կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում

Մեր զրուցակիցն է «Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը:(հարցազրույցի սկիզբը՝ այստեղ.)

Վերջին տարիների ընտրությունների ժամանակ, ըստ փորձագետների՝ ընտրակեղծիքների մեխանիզմը ՀՀ-ում կատարելագործվել է: Ըստ Ձեզ՝ Սահմանադրության այս նախագիծը երաշխավորո՞ւմ է ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը:

– Գործող սահմանադրությունն ինքը երաշխավորում է ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացում: Վարչական իրավախախտումների ու քրեական օրենսգրքերը պատժի սպառնալիքով արգելում են ընտրողների կամքի ու ընտրությունների արդյունքի վրա ցանկացած ապօրինի ներգործություն: Որ մեր երկրում ընտրությունները կեղծվում են, պայմանավորված չէ գործող իրավակարգավորումների թերությամբ: Արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար պետք է ընդամենն ընտրական գործընթացների համար պատասխանատու պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ցանկությունը: Եթե նման ցանկություն չկա, ապա արդար ընտրություններ ակնկալելը միամտություն կլինի:

Այս կամ այն ընտրական համակարգի ամրագրումը Սահմանադրության մեջ կամ Ընտրական օրենսգրքում կարող է ազդեցություն ունենալ միայն այն հարցի վրա, թե արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու պարագայում որքանով է կոնկրետ նախընտրելի ընտրակարգը համարժեք արտացոլում ընտրողների կամքը: Եվ այս կամ այն ընտրակարգի առավելությունների ու թերությունների մասին դատողություններն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե անցկացվում են արդար ու թափանցիկ ընտրություններ: Հակառակ դեպքում՝ լրիվ միևնույն է, թե ինչ ընտրակարգով են անցկացվում ընտրությունները: Եթե ընտրություններ են կեղծվում, ապա ոչ մի նշանակություն չունի, թե այդ ընտրություններն անցկացվում են համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրակարգով, կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում: Հետևաբար՝ առաջարկվող նախագիծն էլ այդ հարցում ոչինչ փոխել չի կարող, որովհետև, կրկնում եմ, խնդիրը Սահմանադրության տեքստի մեջ չէ: Արդար ընտրություններ անցկացնելու համատեքստում կարևոր է նաև դատարանների դերը: Իսկ մեր երկրում, ինչպես գիտեք, դատարաններ չկան:

– Վենետիկի Հանձնաժողովը դատավորների նշանակման հարցում ևս վերապահումներ է հայտնել: Ըստ Ձեզ՝ Սահմանադրության նախագիծը դատավորներին անաչառ գործելու հնարավորություն տալի՞ս է, դատական համակարգի կախվածությունն այլ մարմիններից կամ անձանցից, քաղաքական որևէ միջամտություն բացառվո՞ւմ է:

– Արդեն ասացի, որ մեր երկրում դատարաններ չկան: Բնականաբար, նկատի ունեմ, որ այն մարմինները, որոնց մենք այսօր կոչում ենք դատարան, ոչ մի ընդհանրություն չունեն «դատարան» հասկացության հետ: Դատարանը մի մարմին է, որն իր քննությանը հանձնված իրավական վեճերը լուծում է գործող օրենսդրության հիման վրա՝ արդարության սկզբունքին համապատասխան: Նման որևէ մարմին Հայաստանում գոյություն չունի: Ու կրկին պատճառն ամենևին էլ իրավակարգավորումները չեն: Գործող Սահմանադրության 97-րդ հոդ. 1-ին մասն ասում է, որ դատավորն անկախ է արդարադատություն իրականացնելիս և ենթարկվում է միայն Սահմանադրությանն ու օրենքներին: Այս դրույթը միանգամայն բավարար է, որ ցանկացած դատավոր գործի անկախ ու կայացնի արդար վճիռներ: Որ շատ դատավորներ հեշտությամբ ենթարկվում են ճնշումների, պայմանավորված է միայն ու միայն նրանց անձնական որակներով: Ինքն իրեն հարգող ցանկացած մարդ երբեք թույլ չի տա իր նկատմամբ որևէ ապօրինի ճնշում, որովհետև մարդու ազատ կամքի նկատմամբ ցանկացած ճնշում վիրավորում է նրա արժանապատվությունը:

Հետևաբար՝ գոնե մի գրամ արժանապատվություն ունեցող մարդը ոչ մի ճնշում չի հանդուրժի իր նկատմամբ: Եվ ասվածն իր ամողջ խստությամբ վերաբերում է ամենից առաջ հենց դատավորներին:

Դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, ով ունի հրաշալի իրավական գիտելիքներ, և ում արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա: Առաջին պահանջը նշանակում է, որ դատավորը պետք է ստացած լինի հրաշալի իրավաբանական կրթություն և կարողանա ճիշտ մեկնաբանել ու ճիշտ կիրառել գործող օրենքները: Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի բացարձակ անկախ ու համարձակ մարդ, ով կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ՝ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի աշխարհում ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը: Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, այն է՝ հրաշալի իրավական գիտելիքներ և ներքին անկախություն, ապա մոռացեք արդարադատության մասին: Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես այսօր է՝ անկախ նրանից՝ դատավորին նշանակում է խորհրդարա՞նը, թե՞ նախագահը:

Հետևաբար՝ դատավորների ծախվածության պրոբլեմը նույնպես առաջարկվող նախագիծը լուծել չի կարող: Հավատացեք, որ անհնար է Սահմանադրության մեջ գրել այնպիսի մի տեքստ, որը կբացառի ցանկացած տիպի ճնշում դատավորի նկատմամբ: Ճնշումների փորձեր կան բոլոր երկրներում և միշտ էլ եղել են: Իսկ թե դատավորը կենթարկվի՞ այդ ճնշմանը, թե՞ ոչ, կախված է միմիայն նրա անձնական որակներից: Անողնաշար դատավորները միշտ շատ հեշտությամբ ու սիրով կենթարկվեն ճնշումների, միայն թե իրենց թույլ տան նստել դատավորի աթոռին: Հետևաբար՝ ուղղակի չպետք է թույլ տալ, որ նման թուլակամ մարդիկ զբաղեցնեն դատավորի պաշտոն: Դատավորներն այն մարդիկ են, որոնք հենց իրենք պետք է հսկեն ու պատժեն իրենց նկատմամբ ճնշում գործադրողներին:

– ՎՀ-ն նաև դիտարկում ունի ընտանիքի ձևավորման հարցի վերաբերյալ, որ սահմանադրական դրույթները չպետք է խոչընդոտ հանդիսանան միասեռ միությունների օրենքով ամրագրմանը: Իսկ Սահմանադրության նախագծում հստակ ամրագրվում է, որ ամուսնությունը միայն տղամարդու և կնոջ միջև միությունն է: Ժողովրդավարության տեսակետից ո՞րն է նախընտրելի:

– Ամուսնության նշանակությունը խստորեն կախված է հասարակական ու մշակութային ընդհանուր պայմաններից և մարդու զարգացման ընթացքում միշտ փոփոխվել է: Ավանդաբար ամուսնության ներքո հասկացվում է տղամարդու և կնոջ տևական միասնությունը: Որոշ երկրներում ամուսնության ինստիտուտը բաց է նաև նույնասեռ զուգընկերների համար և առօրյա խոսակցական լեզվում կոչվում է նույնասեռ ամուսնություն: Պետությունները հայեցողական լայն ազատություն ունեն նույն սեռի զույգերին ամուսնանալու իրավունք տալու հարցում: Եվ դա ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի:

Ես այս հարցի կապակցությամբ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը ծանոթ չեմ, բայց միևնույն ժամանակ՝ կուզենայի իմանալ, թե հանձնաժողովն ինչ իրավական ակտով է հիմնավորել իր այդ դիրքորոշումը: Միակ իրավական ակտը, որ ես կարող եմ պատկերացնել, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է (ՄԻԵԿ)՝ իր 12-րդ հոդվածով, որը, սակայն, կոնվենցիայի անդամ պետություններին ամենևին չի պարտավորեցնում իրենց ազգային օրենսդրությամբ ամրագրել նույնասեռ ամուսնության հնարավորություն: Նույն սեռի զույգերի ամուսնության իրավունքը չճանաչելը չի խախտում ՄԻԵԿ-ի 12-րդ հոդվածը, և նույն սեռի զույգերի միջև վերաբերմունքի տարբերությունը չի դիտվում՝ իբրև անխտրականության սկզբունքի խախտում, որը նախատեսված է ՄԻԵԿ-ի 14-րդ հոդվածով` 8-րդ հոդվածի համակցությամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետություններին հայեցողական լայն ազատություն է տալիս նույն սեռի զույգերի իրավական ճանաչման հարցում:

Եվրոպական մակարդակով փոխհամաձայնություն է ձևավորվում նույն սեռի զույգերի իրավական ճանաչման շուրջ: Վերջին տասնամյակի ընթացքում այս միտումն արագ զարգացել է: Այնուամենայնիվ, նույն սեռի զույգերի իրավական ճանաչում ապահովող պետությունները դեռ մեծամասնություն չեն կազմում: Հետևաբար՝ խնդրո առարկա ոլորտը դեռևս պետք է դիտել՝ որպես զարգացող իրավունքներից մեկը` առանց հաստատված փոխհամաձայնության, որտեղ պետությունները պետք է օգտվեն հայեցողական ազատությունից: Ասվածից ելնելով՝ կարելի է պնդել, որ նախագծի համապատասխան դրույթը, ըստ որի՝ ամուսնություն է համարվում միայն տղամարդու և կնոջ միությունը, միանգամայն իրավաչափ է:

 

Տեսանյութեր

Լրահոս