«Իրանի հարցում ՀՀ իշխանությունները ծուլացան ու բաց թողեցին հնարավորությունը»

168.am-ի զրուցակիցն է Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, դեռևս նախորդ ամիսներին Բունդեստագում պետք է ներկայացված լիներ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, սակայն այս հարցն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է և չի մտնում Բունդեստագի օրակարգ: Ինչո՞ւ: Հնարավոր է, որ այս անգամ ևս Ցեղասպանության ճանաչման բանաձև չներկայացվի Բունդեստագում:

– Այն հանձնախումբը, որը պետք է Հայոց ցեղասպանության խնդրով զբաղվեր Բունդեստագում, հայտարարեց, որ ամառային արձակուրդներից առաջ կորոշվի այս հարցը: Սակայն մինչ այս պահը որևէ լուր չկա: Հոկտեմբերի 15-16-ին մասնակցելու եմ Ցեղասպանության հարցով գիտաժողովին, որտեղ մանրամասն կներկայացնեմ իմ կարծիքն այս հարցի մասին: Իմ մտավախությունն էլ հենց այն է, որ հետաձգում են, ձգձգում են՝ասելով նույնը, ինչ տարիներ առաջ, որ իրենք շատ ուրախ են` ՀՀ-ն ու Թուրքիան այդ ուժն իրենց մեջ գտել են իրար հետ բանակցելու համար, և վերջապես այդ խնդիրը պետք է Թուրքիայի և Հայաստանի միջև լուծվի: Շատ մտահոգված եմ, որ Գերմանիան որևէ որոշում էլ չկայացնի: Չեմ բացառում, որ բանաձև չներկայացվի: Ընդհանրապես, եթե որևէ բանաձև վերջապես կարողանան համաձայնեցնել և գլուխ բերել, այնքան անհամ և անիմաստ կլինի, որ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող:

– Կան քաղաքական ուժեր, որոնք պայքարում են այս բանաձևի համար: Ինչո՞ւ չեն հաջողում:

– Այս տարի Գերմանիայում մեր սպասածից ավելի շատ խոսվեց Հայոց ցեղասպանության մասին՝ հատկապես մամուլի և մտավորականության կողմից: Բունդեստագում խոսեցին տարբեր պատգամավորներ, որոնք լինելով տարբեր կուսակցություններից՝ հուզիչ ճառերով հանդես եկան: Երեք բանաձևեր էին ներկայացվել, որոնք պետք է միավորվեին և որպես մեկ բանաձև ներկայացվեին, սակայն դեռ արդյունքների մասին խոսել չենք կարող: Ինձ թվում է, որ այդ հանձնախումբն այս հարցի ուղղությամբ որևէ քայլ չի արել: Մեր կազմակերպությունն արդեն մի քանի անգամ նամակ է գրել, և բաց պատասխան այդ առթիվ մենք չենք ստացել:

– Թուրք-գերմանական հարաբերություններն ինչպե՞ս են փոխվել ԻՊ-ին աջակցելու պատճառով Արևմուտքում Թուրքիայի հեղինակազրկումից հետո, թեև այսօր Թուրքիան փորձում է փրկել իր հեղինակությունը` միավորվելով Արևմուտքի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

– Հենց Հայոց ցեղասպանության շուրջ մեծ ալիքը Թուրքիայում այս տարի բարձրացավ, քանի որ Էրդողանը սխալ քաղաքականությունն էր վարում, որը քննադատվում էր Գերմանիայի մտավորականության, մամուլի և որոշ քաղաքական գործիչների կողմից: Նրանք դեմ լինելով այդ քաղաքականությանը՝ Ցեղասպանության մասին էին սկսում հաճախակի շեշտել: Այդ ալիքը սկսվեց, երբ Հռոմի պապը Ցեղասպանությունը՝ որպես այդպիսին, կոչեց և դատապարտեց: Սրանից հետո՝ ԵՄ-ն, և այլն:

Բայց պետք է ասեմ, որ ընդհանրապես Գերմանիայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ միշտ էլ եղել է բարեկամական: Ես հիշում եմ, թե ինչպես Կայսերական Գերմանիայի, այնուհետև՝ Վայմարյան Հանրապետության օրոք, ապա՝ Նացիոնալ-սոցիալիստների, և ներկայիս Դաշնային Գերմանիայի Հանրապետությունը համարյա Թուրքիայի նկատմամբ իրենց քաղաքականությունը նույնությամբ շարունակում են և Հայոց ցեղասպանությունը ժխտում: Պատմական հզոր հիշողությունը գումարվելով ներկայիս քաղաքական տրամադրությունների վրա՝ ստեղծել է այս արդյունքը:

Չգիտենք, թե` 5+1-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ ինչպես կանդրադառնա Թուրքիայի դերի վրա, միգուցե այդ դերը ստվերի, Թուրքիան մինչ այժմ իր խարդախ ու սուտ քաղաքականությունը կարողացել է առաջ տանել, Արևմուտքին խաբել, բոլշևիկներին կարողացավ ժամանակին խաբել, այդ քաղաքականությունը նույնությամբ շարունակվում է, թեև շարունակվում է, Թուրքիան ամենավստահելի և հնուց մնացած լավ բարեկամն է Արևմուտքի համար: Գումարած նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, 3-4 միլիոն թուրք է Գերմանիայում ապրում, Թուրքիայի ամենաառաջին առևտրային գործընկերը շարունակում է մնալ Գերմանիան, այնպես որ, այսպիսի պատմական, քաղաքական և տնտեսական կապեր կան Թուրքիայի և Գերմանիայի միջև:

– Դուք շեշտեցիք Իրանի նոր դերակատարության մասին: Իրանն ու «Վեցյակը» վերջապես համաձայնության եկան միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնությունն ինչպես՞ կփոխի Իրանի դերը տարածաշրջանում: Հայ-իրանական հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում: Հայաստանում տեսակետներ են հնչում, որ Իրանի ապաշրջափակումից հետո Հայաստանի տարածաշրջանային դերը կկարևորվի, եթե Իրանն իր կոմունիկացիաները կազմակերպի Հայաստանի և Վրաստանի միջոցով՝ դեպի Եվրոպա:

Արևմուտքը դեմ չէ Հայաստան-Իրան քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի կողմից Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղու մասին խոսակցություններին տոն չի տրվել, որևէ ջանք այդ մտադրությունն ի կատար ածելու ուղղությամբ չի թափվել, որպեսզի այդ նախաձեռնությունը և մտադրությունը կյանքի կոչվի, որովհետև այս 5+1-ի հարաբերություններն Իրանի հետ արդեն 2-3 տարի շարունակվում էին, պարզ էր, որ արդյունքի էին հասնելու, ուստի Հայաստանը կամ չուզեց, կամ չկարողացավ այդ առիթից օգտվել:

Ես ավելի հակված եմ կարծելու, որ այն ժամանակ Իրանն ավելի շատ Հայաստանի կարիքն ուներ, պատրաստ էր որոշակի զիջումների գնալ, հարաբերություններ ստեղծել Հայաստանի հետ, սակայն ՀՀ-ն չընդառաջեց: Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացվեն, Իրանը Հայաստանի կարիքը շատ չի ունենա: Ինչո՞ւ պետք է անպայման ՀՀ-ի հետ փորձի հարաբերություններ զարգացնել: Իրանն ունի սովորական հարևանական հարաբերություններ: Որպես օրինակ՝ նշեմ, որ տեղեկություն տարածվեց, որ շուրջ տասը երկրների քաղաքացիների համար դեպի Իրանի մուտքի վիզան հանվում է, իսկ այդ ցանկում չկար Հայաստանը: Ի՞նչ է սա նշանակում, որ այդ հետաքրքրությունը, որն անցյալում Իրանն ուներ Հայաստանի նկատմամբ, արդեն վերանում է: Ըստ իս` Իրանն այլևս կաշկանդված չէ և Հայաստանի կարիքը չունի:

– Տեսակետ կա, որ այդ առաջարկներին Հայաստանը չի արձագանքել ՌԴ-ի սահմանափակումների պատճառով:

– Գուցե Մաքսային միությունը պատճառներից մեկն էր, այո: Իրանի տեսանկյունից արդյունքը նույնն է, ի՞նչ տարբերություն, թե ով է խոչընդոտել, և ինչո՞ւ չի եղել արձագանք: Իրանը ցանկանում էր գոնե անցյալում ավելի լայն հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, սակայն Հայաստանը չընդառաջեց: ՀՀ իշխանություններն Իրանի հարցում ծուլացան, ոչ մի խնդրում չփորձեցին ընդառաջ գնալ: Իրանն ահռելի մեծ երկիր է, ահռելի ներուժով, և կարելի էր այդ ներուժից օգտվել:

Իսլամից ազդված հայերը վախ են զգում Իրանից, այնինչ պետք էր վախ զգալ Թուրքիայից, ոչ թե Իրանից: Իրանի հետ բաց սահման ունենք, բայց տարեկան այդ առևտուրը կազմում է 50 միլիոն դոլար: Թուրքիայի հետ բաց սահման չունենք, բայց մամուլի տեղեկությունների համաձայն՝ այդ առևտուրն այս պայմաններում կազմում է 280 -500 միլիոն դոլար: Սա ի՞նչ է նշանակում:

Տեսանյութեր

Լրահոս