Բաժիններ՝

Դոգն ու մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել. ինչու են նրանք դատապարտվել

Datalex դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի` Դոգի և մյուսների վերաբերյալ գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Վարդան Ղուկասյանը դատարանի վճռով` դատապարտվել է 4 տարի ժամկետով ազտազրկման, պատժի կրման սկիզբը հաշվվում է 2014թ. հոկտեմբերի 21-ից:

Հովհաննես Եսայանը և Արթուր Մարգարյանը դատարանի վճռով դատապարտվել են ազատազրկման` 3 տարի ժամկետով:
Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի թիվ որոշումը` դատարանը նրանց ազատել է ազատազրկման ձևով նշանակված պատժից։

Նախաքննական մարմինը գործով ամբաստանյալ Վարդան Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա «2013թ. օգոստոսին շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ կազմակերպել և ղեկավարել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն դրամի շորթումը։

Այսպես` 2013թ. օգոստոսի սկզբին Երևանի «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ։
Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը և իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին Երևան քաղաքի «Ռետրո» և «Գայի» արձանի հարակից սրճարաններում հանդիպումներ են ունեցել վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ, այն է` վարձակալին վերագրվող` այլ անձանց` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր։
Վարձակալի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել և 2013թ. օգոստոսի 22-ին և 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500.000 ՀՀ դրամ»։

Նախաքննական մարմինը գործով ամբաստանյալ Հովհաննես Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա «2013թ. օգոստոսին շորթման եղանակով, գումար հափշտակելու դիտավորությամբ, Արթուր Կառլենի Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ, «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալից շորթել է խոշոր չափերով` 1 մլն դրամ։

Արթուր Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2013թ. օգոստոսին շորթման եղանակով, գումար հափշտակելու դիտավորությամբ, Հովհաննես Մուշեղի Եսայանի հետ նախնական համաձայնությամբ, «Մայամի» հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից շորթել է խոշոր չափերով` 1 մլն ՀՀ դրամ։

Իր վճռում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննություն սկսելն ամբաստանյալներ Վարդան Ղուկասյանը, Հովհաննես Եսայանը և Արթուր Մարգարյանը միջնորդել են գործը քննել դատական քննության արագացված կարգով։ Ամբաստանյալները հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքներն իրենց պարզ և հասկանալի են, համաձայն են դրանց հետ, ավելին` առաջադրված մեղադրանքներում լիովին մեղավոր են ճանաչում։ Ամբաստանյալները նաև հայտարարել են, որ վերոնշյալ միջնորդությունը ներկայացնում են կամավոր` նախապես խորհրդակցելով իրենց պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու իրավական հետևանքները։

Քննության առնելով ամբաստանյալների միջնորդությունը, հաշվի առնելով այն, որ մեղադրողը, մեղադրական եզրակցությունը հաստատելու որոշում կայացնելիս, չէր առարկել գործն արագացված դատաքննության կարգով քննելու դեմ, տուժողը դատարանում չի վիճարկել գործի փաստական հանգամանքները, նկատի ունենալով, որ գործով ամբաստանյալներն ամբողջությամբ փոխհատուցել են տուժողին պատճառված վնասը, ամբաստանյալները չափահաս են, մեղսունակ են, դատարանը գործը քննել է արագացված դատաքննության կարգով։

Դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալները կատարել են մեղսագրված արարքները, նրանց արանքները քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որակված են ճիշտ:

Նշենք, որ հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս