Երկուսը՝ հարյուրից. Վճարիր առաջ գնալու համար, կամ՝ վիշապի ինչի՞ն են հարկավոր կույսերը
Շարունակում ենք ներկայացնել Լարիսա Պարֆենտևայի «Կյանքը փոխելու 100 միջոց» շարքը: Ահա շարքի երկրորդ մասը: (Առաջին մասը՝ այստեղ.)
Մի քանի ամիս առաջ հանդիպեցի իմ ընկեր Սլավային: Թեյախմության երկու ժամվա ընթացքում զարմանքով նկատեցի, որ նա ոչ մի անգամ չվազեց ծխելու: Իսկ Սլավան, պետք է ասել, արդեն 15 տարի անընդհատ «բքում» է:
Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ հրաշագործ մեթոդ է կիրառել: Պարզվում է՝ Սլավան արդեն վաղուց օգտվում է այնպիսի միջոցից, որն անվանում է՝ «վճարիր առաջ գնալու համար»: Իմաստը պարզ է՝ որպեսզի հետագայում ինչ-որ բան ստանաս, պետք է անպայման ինչ-որ բանով հիմա «վճարես»: Իսկ այն զոհաբերությունները, որ անում ես, պարտադիր չէ՝ ուղղակի կապ ունենան նրա հետ, ինչ ուզում ես:
«Ես պատրաստվում եմ իմ կյանքի ամենակարևոր տենդերին («տենդեր» տերմինը նշանակում է ինչպես՝ աճուրդ և մրցույթ, այնպես էլ՝ ունի մրցակցային այլ կոնցեպտների իմաստ.- Ռ.Մ.), և հարցրի ինքս ինձ՝ ի՞նչ զոհաբերություն եմ պատրաստ անել, որ շահեմ այդ առաջարկը: Որոշեցի, որ պետք է հաղթահարեմ իմ ամենավնասակար սովորությունը: Համոզված եմ, որ աշխատող տարբերակ է. ինձ համար այն ասես հայտարարություն լիներ աշխարհին այն մասին, որ տենդերը շատ եմ կարևորում և հանուն դրա պատրաստ եմ ամեն ինչի»,- ասաց Սլավան:
Իսկ օրերս Սլավան զանգեց և ասաց, որ հաղթել է իր առաջարկը:
Ինչպե՞ս է դա աշխատում
Մի կողմից՝ դա կարող է տարօրինակ թվալ. «ինչպե՞ս են կապված ծխելն ու տենդերը»: Բայց իրականում ոչ մի զարմանալի բան չկա: Կարող եմ թվել ամենաքիչը երեք պատճառ, թե ինչո՞ւ է այդ տեխնիկան աշխատել.
1. Երբ մարդ հաղթում է ինքն իրեն ու պաշտպանվում իր միջի «չարքերից», նա հաստատ ինչ-որ բան ստացել է տիեզերքից: Ո՛չ, ոչ թե նրա համար, որ վերևում ինչ-որ մեկը նստած հսկում է, թե ինչպե՞ս ենք մեզ պահում, իսկ հետո ասում. «Վաու, Սլավիկ, սիրունի՜կ, ահա՛ քեզ՝ տենդեր»: Այլ ահա թե ինչու. Կտրուկ բարձրանում է այն մարդու ինքնագնահատականը, ով վերահսկում է ինքն իրեն: Յուրաքանչյուր հաղթանակ մեզ ստիպում է ավելի ինքնավստահ զգալ: Իսկ ներքին ինքնավստահությունը միշտ մեր կյանք է բերում որակով հնարավորություններ և իրադարձություններ:
2. Ինչքան շատ ենք վճարում, այնքան թանկ ենք գնահատում ձեռք բերածը: Դա, գիտեք, նման է նրան, որ մեկն իր հին մոտոցիկլի վրա մեծ ջանքեր է թափում և հետո պատրաստ չէ այն վաճառել նույնիսկ 100 հազար դոլարով՝ այն դեպքում, երբ դրա գինը 10 հազար ռուբլի է:
3. Դե, իսկ ամենապարզ պատճառը հետևյալն է. հնարավոր է, որ Սլավան ստացել է մեծ քանակությամբ ազատ ժամանակ, ինչը ներդրել է իր տենդերում:
Ով չի զոհաբերում, նա շամպայն չի խմում
Կյանքի բոլոր ոլորտներում մաքսիմալ հաջողությունների հասնում են միայն նրանք, ովքեր պատրաստ են բոլորից շատ «վճարել»: Ինձ հաճախ են հարցնում. «Ինչպե՞ս ես նիհարել 30 կգ, պատմիր, մենք էլ նույնը կանենք»:
Ես սկսում եմ պատմել, որ ստիպված եմ եղել «թանկ» վճարել: Իմ զոհաբերությունը կյանքի հետ հարաբերությունների ամբողջական փոփոխությունն էր, ուտելու սովորությունը, շարժուձևը և այլն: Հաղթաթուղթն այն է, որ այդ «զոհը» պետք է վաղ մատուցել. ավելի վաղ, քան կտեսնես արդյունքը:
Դրանից հետո մարդիկ գրեթե նույն բանն են ասում. «Օյ, դեռ էլի անելու բանե՞ր կան, ի՞նչ է: Իսկ ես կարծում էի՝ ավելի հեշտ կլինի»… իհարկե, կարելի է ավելի հեշտ, բայց արդյունքը մոտ 100 անգամ ավելի քիչ կլինի:
Վիշապ և կույսեր
Կան շատ հեքիաթներ տարբեր զոհաբերությունների մասին: Օրինակ, չար վիշապի մասին, որին պետք է ամեն շաբաթ 6 կույս զոհաբերել: Զազրելի պատմություն է, վիշապի ինչի՞ն են պետք կույսերը: Կույսերը մեզ ավելի են պետք:
Կամ էլ՝ տարբեր պատմական սյուժեներ, երբ պետք է զոհաբերեին երեխաների կամ նորածինների: Ընդհանուր առմամբ՝ չարժե շատ խորանալ:
Ինձ համար բոլոր այս պատմությունները մի բանի մասին են: Այն մասին, որ ինչ-որ բան ստանալու համար պետք է տալ ամենաթանկը՝ մեր ջանքերը, ժամանակը, գումարը, նաև՝ տալ մեր վախերը, ծուլությունը, վնասակար սովորությունները: Սկզբում տալ, հետո նոր ստանալ:
Իմ ծանոթներից մեկի երազանքն էր՝ գրել պատմվածքների ժողովածու: Բայց ա՛յ քեզ անհաջողություն. նա ժամանակ չուներ դրա համար, որովհետև երկու տեղ էր աշխատում: Երկրորդ աշխատանքը նրան պետք էր, որովհետև բերում էր մեծ գումար, և կարող էր իրեն կանացի հաճույքներ թույլ տալ, օրինակ՝ սամույրից վերարկու գնել: Եվ ահա այդ ժամանակ իմ ծանոթը հասկացավ, որ ժամանակը գնում է, իսկ իրենից հետո թողնելու բան չի ունենա: Տխուր է:
Մի խոսքով՝ երկրորդ աշխատանքը, թանկարժեք վերարկուն, SPA պրոցեդուրաները և այլն զոհեց՝ հանուն պատմվածքների ժողովածուի հրատարակման: Կարևորը՝ երբ այն պատրաստ էր, նրա երջանկությանը չափ ու սահման չկար: Իսկ ի՞նչ եք պատրաստ զոհաբերել դուք:
Եվ այսպես, պարզ հարցեր նրանց համար, ովքեր չեն սիրում երկար կարդալ:
Ուզո՞ւմ ես դառնալ Սթիվ Ջոբսի նման: Իսկ ի՞նչ զոհաբերության ես պատրաստ ամեն օր դրա համար: Քանի՞ ժամ ես ծախսում, ինչպե՞ս ես հաղթահարում ինքդ քեզ:
Ուզո՞ւմ ես ունենալ իդեալական մարմին: Ինչի՞ց ես պատրաստ հրաժարվել: Ի՞նչ ես ներդնելու. ժամանա՞կ, գումա՞ր, ջանքե՞ր:
Ստուգեք ձեր «զոհի» չափերը, որն ուղիղ համեմատական է ձեր հաջողությանը: Գրեք հենց հիմա, թե ինչ եք պատրաստ զոհաբերել հանուն ձեր նպատակի և ցանկացածի, ու just do it -):
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը