Բաժիններ՝

Մեկը՝ հարյուրից. Ինչպե՞ս թողնել չսիրած աշխատանքը, նիհարել 30 կգ և գտնել ինքդ քեզ

Լարիսա Պարֆենտևա: Ողջույն, ընկերներ, որոշել եմ կյանքը փոխելու 100 պատմություն ներկայացնել և առաջինը հենց իմ պատմությունն եմ ներկայացնելու: Եվ այսպես, ուղիղ 3 տարի առաջ կյանքս հիմնովին փոխվեց ընդամենը մոսկովյան մետրոյով մեկ ուղևորություն կատարելուց հետո:

Բայց սկզբում այն մասին, թե ինչպիսին էի ես այն ժամանակ: Մի կողմից՝ ամեն ինչ հրաշալի էր. ավարտել էի Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել մոսկովյան տարբեր լրատվամիջոցներում, խորաթափանց զրուցավար էի, շփվել եմ բոլոր աստղերի հետ՝ Ալլա Պուգաչովայից՝ մինչև Կիանու Րիվզ: Ինձ թվում էր, թե դա «վերջն» է: Կանոնավոր կերպով վարում էի իմ հեռուստահաղորդումը, իսկ վերջին աշխատանքս «Топ-модель по-русски» հեռուստանախագիծն էր, որը վարում էր Քսենյա Սոբչակը: Մենք նկարահանումների էինք մեկնում Լոնդոն, Նյու Յորք, Մայամի:
Մի խոսքով՝ արտաքուստ ամեն ինչ իրոք «վերջն» էր: Բայց ներսից ինձ միշտ տանջում էր մի զգացում. «Սա այն չէ, ինչ իրականում ես ուզում եմ»: Ինձ թվում էր, որ իմ իրական կյանքը դեռ չի սկսվել, ես քաշ հավաքեցի, իսկ հանգստյան օրերին քարշ էի գալիս բարերում:

Վերջին կաթիլը

2012թ. ապրիլին նստեցի մոսկովյան մետրո: Ես ուղղակի կանգնել և բռնվել էի ձողից: Հանկարծ դիմացս նստած տատիկը վեր կացավ տեղից ու ասաց. «Նստեք, աղջիկս: Ձեզ դա ավելի է պետք: Չէ՞ որ դուք երեխայի եք սպասում»:

Ձեզ երբևէ մետրոյում իր տեղը որևէ տատիկ զիջե՞լ է: Լո՞ւրջ: Ես ամաչեցի: Ի՞նչ կարող էի ասել նրան. «Ներիր, տատիկ, սա երեխա չէ, այլ 133 պիցա, 193 բուրգեր և 838 սենդվիչ, որոնք կերել եմ վերջին տարիների ընթացքո՞ւմ»: Բայց ես չէի կարող հիասթափեցնել տատիկին, և անփույթ ժպտալով ու պահելով իմ երևակայական երեխային՝ նստեցի նրա տեղը: Այդպես էլ գնացինք մինչև վերջին կայարանը. ես ու իմ ճարպ-երեխան:

Այս պատմությունը փոխեց ինձ: Ես նիհարեցի և մեկնեցի իմ հարազատ Ուֆա քաղաք, որտեղ էլ գտա սիրելի գործս, ազատվեցի վնասակար սովորություններից, փոխեցի հարաբերություններս կյանքի հետ, և հիմա օգնում եմ մարդկանց՝ անել առաջին քայլը կյանքում:

Ինչպե՞ս անել առաջին քայլը

Մարդկանց մեծ մասը փոփոխությունները սկսում է միևնույն հարցից. «Ինչքա՞ն կարելի է սա հանդուրժել»: Բայց ահա այն ճիշտ հարցը, որն ինքն իրեն կարող է տալ յուրաքանչյուրը. «Ի՞նչ կարող եմ անել հենց այսօր, որպեսզի փոխեմ կյանքս»:

Հոգեբաններն այսպիսի տերմին ունեն՝ «օրվա մեջ՝ մեկ ժամ»: Համարվում է, որ եթե մարդն օրվա մեջ մեկ ժամ նվիրում է ինչ-որ գործի, ապա վաղ թե ուշ նա դրանում կհասնի եթե ոչ՝ հաղթանակի, ապա՝ հաջողությունների: Անգամ տաղանդի և պահանջների ամբողջական բացակայության դեպքում:

Օրինակ Մարգարետ Միշելը՝ «Քամուց քշվածները» գրքի հեղինակը, իր գլուխգործոցը ստեղծել է ուղիղ 10 տարվա ընթացքում: Նա օրական 20-30 րոպե էր տրամադրում տեքստն անձեռոցիկի և թղթի կտորների վրա գրելուն, որոնք տեղավորում էին մի քանի պարբերությունից մինչև մեկ բառակապակցություն: Ահա այդպես տասը տարի անց լույս տեսավ այդ գլուխգործոցը: Աբրահամ Լինքոլնը սովորել է օրենքները գիշերային հերթապահության ժամանակ:

IMG_5657-189-1024x682

Ես նույնպես որոշեցի տրամադրել մեկ ժամ՝ ինքս ինձ գտնելուն: Կարդում էի գրքեր, շփվում մարդկանց հետ, զբոսնում ու մտածում: Կես տարի անց հասկացա, թե ինչն է ինձ ավելի շատ դուր գալիս. ոգեշնչել մարդկանց և կարդալ գրքեր: Այդ ժամանակ «Вконтакте» սոցցանցում խումբ ստեղծեցի ու կիսվեցի իմ մտքերով: Չէի մտածում՝ դրանով կարելի՞ է գումար աշխատել, թե՞ ոչ. միայն անում էի այն, ինչ սրտովս էր:

Հիմա հստակ գիտեմ, որ բավարարվածության զգացում ու հաջողություն կարող են բերել միայն այն գործերը, որոնք իրոք սիրում ես: Համոզված եմ՝ մեզնից յուրաքանչյուրը բնական ռեսուրս է: Եվ եթե դուք ծնվել եք յուրահատուկ տաղանդով, օրինակ՝ լավ հումորիստ եք, իսկ դրա փոխարեն՝ նստել եք աշխատասենյակում՝ հաշվետվությունների դիմաց, աշխարհի տեսանկյունից՝ դուք վատ բնական ռեսուրս եք:

Միայն այն ժամանակ, երբ մենք զբաղվում ենք նրանով, ինչն իրոք մեր հոգուց է, աշխարհը սկսում է օժանդակել մեզ:

Ի՞նչ անել վախերի հետ

Բոլորը վախենում են հարմարավետության գոտուց դուրս գալ և լքել «նստավայրը»: Բայց ամերիկացի բիզնեսմեն Ջորջ Էդեյրը հրաշալի միտք է արտահայտել. «Այն, ինչի մասին երազում եք, գտնվում է ձեր վախի հակառակ կողմում»:
Էդեյրի փիլիսոփայությունը պարզ է. եթե ուզում եք ունենալ ձեր երազած կյանքը, պետք է հաղթահարեք վախը: Վախը հաղթահարելու համար պետք է հավատալ արդյունքին: Վախի ու արդյունքի արանքում հսկայական անդունդ է, և կյանքը փոխելու միակ ձևն է՝ թռչել դատարկության մեջ:

Մի վախեցեք անել այդ քայլը, ու վախը կանհետանա: Երբ հեռանում էի Մոսկվայից ու ազատվում աշխատանքից, ամենամեծ վախն այնպիսին էր, ինչպես շատերի մոտ է. վախենում էի, որ գումարս կվերջանա: Եվ գիտե՞ք՝ դա պատահեց:

Բայց սարսափելի ոչինչ չեղավ. ոչ ոք չմահացավ, չհիվանդացավ անբուժելի հիվանդությամբ և կյանքին վերջ չտվեց ինքնասպանությամբ: Հրաշալի և ուրախ ժամանակներ էին: Սովորեցի սիրել սովորական զբոսանքները, իմացա տասնյակ միջոցներ՝ ձևափոխելու զգեստապահարանս, և սովորեցի ինքնուրույն փոխել կոշիկներիս կրունկները:

Հրաշքին սպասելիս

Նախկին կյանքում երազանք ունեի: Երազում էի, որ մի օր դռանս զանգը կտա մի սուրհանդակ և կասի. «Ողջույն, ես Միխայիլ Պրոխորովի հիմնադրամից եմ: Միխայիլն իմացել է, որ դու շատ տաղանդավոր մարդ ես, ինչի համար ահա քեզ՝ 5 միլիոն ռուբլի, մանրը հարկավոր չէ, սա նրա համար է, որ որոնես քեզ»:

Պատկերացնո՞ւմ եք, սպասել եմ մի քանի տարի, բայց սուրհանդակն այդպես էլ չեկավ: Հոգ չէ, մենք դեռ սպասում ենք հրաշքի: Սպասում ենք, որ վաղը լոտոյով միլիոն կշահենք կամ մեզ կայցելի երկնագույն ուղղաթիռով հրաշագործը, և մեր կյանքը կփոխվի: Բայց, ինչպես գիտեք, երկնագույն ուղղաթիռով, հատկապես՝ Ռուսաստանում, կարող է գալ միայն Շոյգուն, այն էլ՝ արտակարգ իրավիճակների դեպքում: Հրաշքի սպասում ենք ումից ասես, բայց միայն՝ ոչ մեզնից:

Հետագայում ինչպե՞ս եղավ ամեն ինչ

Вконтакте-ում բացված խմբին հաջորդեց աշխատանքը blog.mann-ivanov-ferber.ru կայքում: Այդ ամենը բարձրացրեց ինքնագնահատականս, և մեջս ուժեր արթնացան՝ ինքս ինձ փոխելու: Հաջորդ կես տարում ես նիհարեցի մոտ 30 կգ: Ես գործում էի հենց «օրական մեկ ժամ» մեթոդով: Քայլ առ քայլ նոր կյանք կառուցեցի՝ հաղթահարելով վախս:

Մի օր հնչեց դռանս զանգը, և այնտեղ էր… ոչ, Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի սուրհանդակը չէր, իմ ծանոթների ծանոթներն էին: Նրանք ասացին. «Մենք կարդում ենք քո գրառումները Вконтакте-ում, և դրանք մեզ շատ են դուր գալիս: Ցանկանում ենք հավաքել 15 մարդու, կարո՞ղ ես նրանց պատմել քո պատմությունը»:

fNCThVpKG1o

Դա հրաշալի էր, որովհետև հնարավորություն ստացա ոգեշնչել 15 մարդու: Իսկ 15 մարդն արդեն մի ամբողջ աշխարհ է: Հետո ավելացավ ևս 15 մարդ, հետո՝ ևս 15-ը: Հետո մի 15-ը մոտեցավ ինձ և ասաց. «Մեզ դուր է գալիս՝ ինչ դու ասում ես: Արի հավաքենք 150 մարդու»:

Հավաքեցինք 150, հետո՝ էլի 150, հետո՝ 250 մարդու: Եվ հիմա այդ մեքենան անհնար է կանգնեցնել: Մոտակա հանգստյան օրերին մեկնում եմ Կազան, որպեսզի իմ բացման խոսքն ասեմ TED համաժողովում: Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ TED-ում, որովհետև դրա միջազգային հարթակներում ելույթ են ունեցել աշխարհի ամենաուժեղ մարդիկ՝ Բիլ Գեյթսից՝ մինչև Թոնի Ռոբինս:

Ես չգիտեմ՝ ինչպե՞ս է աշխատում մոլորակը, և ինչո՞ւ է այդպես ստացվում: Միայն գիտեմ, որ եթե հետևում ես սրտիդ կանչին՝ թռչելով վախի անդունդի վրայով, ապա ամեն ինչ լավ է լինում: Ես գիտեմ, որ դուռդ երբեք չի թակի ինչ-որ օլիգարխի հիմնադրամից մի սուրհանդակ և քեզ մի քանի միլիոն չի առաջարկի, որ որոնես ինքդ քեզ: Ես գիտեմ, որ այս աշխարհում հրաշքներ չկան, բացի նրանցից, որոնք ինքներս ենք ստեղծում:
Համոզված եմ՝ ձեզնից շատերը հիմա կանգնած են այդ անդունդի եզրին. մյուս կողմում ձեր իրական կյանքն է: Վախենո՞ւմ եք: Շատ: Բայց միակ միջոցը, որ կյանքի վերջում չփոշմանեք, հավատալն ու թռչելն է: Արե՛ք այդ քայլը:

Ռեզյումե նրանց համար, ովքեր չեն սիրում կարդալ երկար տեքստեր.

Որպեսզի «օրական մեկ ժամ» տեխնիկան աշխատի, պետք է անել 3 փոքրիկ քայլ:
Հենց հիմա վերցնել օրացույց, նշել ամենահարմար շաբաթն ու օգտագործել «օրական մեկ ժամ» տեխնիկան այդ շաբաթվա ընթացքում:

Ընտրեք թեման, որը ձեզ հետաքրքրում է: Դա կարող է լինել՝ ինչ պատահի:
Իմ կարծիքով՝ ամենահարմար տարբերակը գիրք կարդալն է կամ ձեր նախընտրած թեմայի մասին որևէ միջոցառման գնալը:

Երբ առաջին քայլն անեք, կհասկանաք՝ հաջորդը որն է լինելու: Հետևում ենք Լաո Ցզիի խոսքին. «Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից»:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս