Բաժիններ՝

Մարդուն սեր և խաղաղություն է պետք. Նաստասյա Կինսկի

«Ոսկե Ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, դերասանուհի Նաստասյա Կինսկին հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների և իր արվեստի երկրպագուների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում, որտեղ դերասանուհուն ուղեկցել և ներկայացրել է փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում դերասանուհին անդրադարձավ սեփական ընտանիքի պատմությանը: Հավաքվածներին նա պատմեց իր անվան պատմությունը, որ, պարզվում է, անմիջական կապ ունի ռուս հայտնի գրող Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի գլխավոր հերոսուհու անվան հետ: Այդ անունը, ինչպես պարզվեց հանդիպման ընթացքում, իր համար ընտրել է հայրը: Դերասանուհին հավաքված հանդիսատեսի հետ կիսվեց նաև ներընտանեկան ոչ միանշանակ հարաբերությունների մասին, որոնք պայմանավորված են եղել հոր արտիստական տարօրինակություններով և մոր ընդգծված ազատամտությամբ:

kinski1
Դերասանուհին գտնում է, որ իր ընտրած մասնագիտական ուղին պահանջում է լինել շատ ուժեղ, համառ ու կամային, հատկապես, երբ ռեժիսորները, հատկապես` հեղինակ ռեժիսորները բավականին պահանջկոտ են և դերասաններին էլ որպես տիկնիկների են վերաբերվում. «Իմ կերտած դրամատիկ կերպարների ազդեցությունը երկար ժամանակ կարող է մնալ ինձ հետ, դառնալ իմ անձի մի մասը, ու սրա հետ ես ոչինչ անել չեմ կարողանում: Դա կարող է պատահել նույնիսկ, երբ տվյալ ֆիլմի նկարահանման աշխատանքները վաղուց արդեն ավարտված են»,- ասաց դերասանուհին:

Կինսկին այն կարծիքին է, որ չնայած իր ընտրած մասնագիտության բազմապիսի դժվարություններին, ինքը, այնուամենայնիվ, իր համար ճիշտ մասնագիտություն է ընտրել ու չի ափսոսում նման ընտրության համար. «Եթե ընտրել ես այս ուղին, ուրեմն պետք է բաց լինես՝ պատրաստ գնալու ամեն տեղ և ընդունելու ամեն բան»:

Կարդացեք նաև

kinski2
Կինսկին պատմում է, որ մեծ կինոյում իր մուտքը կայացել է՝ շնորհիվ գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսի կնոջ, ով իրեն պատահականորեն հանդիպել է դիսկոտեկում պարելիս և ենթադրել, որ ինքը հոյակապ թեկնածություն է ամուսնու «Կեղծ շարժում» ֆիլմի համար: Այսպես սկսվում է Կինսկիի կինոկարիերան, որն այնուհետև Գերմանիայից պիտի տեղափոխվեր ԱՄՆ և էլ ավելի մեծ հռչակ բերեր նրան: «Երբ մարդ իսկապես սիրում է այն աշխատանքը, որով զբաղվում է, պետք է այդ ոլորտը սերտի որքան հնարավոր է շատ, աշխատի տքնաջան, որպեսզի կարողանա հասնել իր առջև դրված նպատակներին»,- ասում է դերասանուհին:

kinski3

Հանդիպման ընթացքում Նաստասյա Կինսկին թվարկեց սեփական մասնակցությամբ, իր կարծիքով, ամենից նշանավոր ու հաջողված դերերը: Դրանք են՝ Պոլ Շրյոդերի «Կատու-մարդիկ», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ամբողջ սրտով», Ժան-Ժան Բենեքսի «Լուսինը՝ հոսող առվում» Ալբերտո Լատուադայի «Այնպիսին, ինչպիսին որ կաս», Ժակ Դերեի «Սիրային հիվանդությունը», Լինա Վերտմյուլլերի «Լուսնային գիշերով», Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրությունը» ֆիլմերի իր դերերը: Կինսկին առանձնացրեց նաև Տավիանի եղբայրներին, Եժի Սկոլիմովսկուն, Անդրեյ Էշպային ու նաև հայազգի ամերիկաբնակ ռեժիսոր Դերան Սարաֆյանին ու վերջինիս «Անկման արագությունը» կինոնկարը, որում նույնպես հանդես է եկել: Ցուցակը եզրափակում է Վիմ Վենդերսը՝ հատկապես «Փարիզ, Տեքսասը» ֆիլմով, որն այս օրերին կցուցադրվի «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում:

kinski4

Հանդիպումն ավարտվեց դերասանուհու լավատեսական նոտայով. «Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ինձ ոչինչ չի պակասում, և, կարծես թե, ամեն ինչ շատ լավ է իմ կյանքում: Ինձ համար թե՛ հաջողությունները, և թե՛ պարտությունները բնական զարգացումներ են եղել, պարզապես պետք է կարողանալ ամեն անգամ վեր կենալ և շարունակել առաջ շարժվել, չընկճվել, չհուսահատվել, երբեք չնահանջել: Ես խորապես համոզված եմ, որ մարդուն սեր և խաղաղություն է պետք, որովհետև մարդ էակն իրականում ամենից շատ միայն սիրո ու երջանիկ լինելու կարիք ունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս