Ինչպես Հայաստանը հայտնվեց ճգնաժամի մեջ

Հուլիսի 11-ին բրիտանական The Guardian-ը կրկին անդրադարձավ Հայաստանին։ Այս անգամ խոսքը Քիմ Քարդաշյանի մասին չէր, և ոչ էլ «Ո՛չ թալանին» ակցիայի։ Խոսքը պարտքային ճգնաժամի մասին էր։

The Guardian-ը հղում էր արել Jubilee Debt Camaign կենտրոնի հետազոտությանը, որտեղ նշվում էր, որ Հունաստանից բացի` ևս 2 տասնյակ երկրներ կարող են լրջագույն խնդիրներ ունենալ` կապված արտաքին պարտքի հետ։ Եվ այդ երկու տասնյակի թվում էր նաև Հայաստանը` Բելիզի, Կոստա-Ռիկայի, Ճամայկայի և այլ երկրների հետ միասին։

Ավելին ասենք, Jubilee Debt Camaign-ը պարտքային խնդիրներ ունեցող երկրները բաժանել էր մի քանի խմբի` ճգնաժամի ռիսկի տակ գտնվող և փաստացի պարտքային ճգնաժամի մեջ գտնվող։ Մենք երկրորդ խմբում ենք հայտնվել։ Այսինքն` Jubilee Debt Camaign-ը համարում է, որ Հայաստանի վիճակը տխուր է։ Կարելի է ասել, որ այդպես է համարում նաև Եվրոպական Միությունը, քանի որ այս հետազոտությունը կատարվել է եՄ աջակցությամբ (չնայած հատուկ նշվում է, որ այն չի արտահայտում եՄ պաշտոնական տեսակետը)։

Որքանո՞վ է ճիշտ այս հետազոտությունը։ Այն, որ Հայաստանը բավականին ծանր պարտքային բեռի տակ է, գաղտնիք չէ։ Սակայն արդյո՞ք առկա վիճակը կարելի է համարել ճգնաժամային։ Ահա այս հարցում որոշ «բայց»-եր կան։

Նախ` հասկանանք, թե ի՞նչ չափանիշով է Jubilee-ը մեզ տեղավորել «ճգնաժամի» մեջ։
Դասակարգման համար հեղինակը հիմնվել է 2 չափանիշների վրա` պարտքի չափը և արտաքին պարտքի գծով պետական վճարումների ծավալը։

Այն երկրները, որտեղ արտաքին զուտ պարտքի ծավալը գերազանցում է 30%-ը, իսկ այս պահի դրությամբ արտաքին պարտքի գծով վճարումների տեսակարար կշիռը գերազանցում է պետբյուջեի եկամուտների 15%-ը, համարվել են ճգնաժամի մեջ գտնվող։ Իսկ ռիսկային խմբում ներգրավվել են այն երկրները, որոնք նույնպես ունեն 30%-ից բարձր պարտք, սակայն պարտքի գծով վճարումները պետբյուջեի 15%-ը գերազանցելու են ապագայում։ Այսինքն` համարվում է, որ ՀՀ արտաքին պարտքի սպասարկման գծով վճարումները գերազանցում են պետբյուջեի եկամուտների 15%-ը։

Արտաքին պարտքի մեծության առումով խնդիր չկա` ամեն ինչ ճիշտ է` Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 30%-ը։ ՀՀ արտաքին պարտքն ամենաթարմ տվյալներով (2015թ. մայիսի վերջի դրությամբ) կազմել է 1 տրիլիոն 888.7 մլրդ դրամ 3 մլրդ 947 մլն դոլար (այս թվի մեջ չի մտնում վերջերս հաստատված ռուսական 200 մլն դոլարի վարկը)։ 2014 թվականի ՀՆԱ-ն կազմել է 4 տրիլիոն 526 մլրդ դրամ։ Այսինքն` արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն այս պահին կազմում է 41.7%։
Սակայն արտաքին պարտքի սպասարկման առումով ամեն ինչ միանշանակ չէ։ Գերազանցո՞ւմ է արդյոք արտաքին պետական պարտքի ՀՀ վճարումները` պետբյուջեի 15%-ը։ Ըստ ՀՀ պաշտոնական տվյալների` ոչ։

Սկսենք ամենաթարմ տվյալներից։ 2015 թվականի պետբյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 191.5 մլրդ դրամ։ Իսկ պարտքի տոկոսավճարների սպասարկման համար նախատեսված է 73.8 մլրդ դրամ, որից արտաքին պարտքի սպասարկմանը` 38.6 մլրդ դրամ։ Ստացվում է` արտաքին պարտքի տոկոսավճարները չեն գերազանցում բյուջեի եկամուտների 3.3%-ը։ Անգամ, եթե բյուջեն թերակատարվի, դժվար թե տոկոսավճարները գերազանցեն 4%-ը, որը նշված 15%-ի շեմից մի քանի անգամ ցածր է։

partq-1

Նախորդ տարիների փաստացի տվյալները ցույց են տալիս, որ արտաքին պարտքի սպասարկում/պետբյուջեի եկամուտներ հարաբերակցությունը նույնպես քիչ է եղել։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2014 թվականին արտաքին տոկոսավճարների սպասարկմանն ուղղվել է 28.6 մլրդ դրամ, որը կազմել է պետբյուջեի փաստացի եկամուտների (1 տրիլիոն 127.2 մլրդ դրամ) 2.5%-ը։ 2013 թվականին արտաքին տոկոսավճարների գծով վճարվել է 16.8 մլրդ դրամ, իսկ բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 57.8 մլրդ դրամ։

Այսինքն` սպասարկում/պետբյուջեի եկամուտներ հարաբերակցությունը եղել է 1.6%։ Սակայն, արի ու տես, որ ըստ Jubilee-ի հետազոտության` մեզ մոտ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող պետական վճարումները կազմել են 2013 թվականի բյուջեի եկամուտների 23.4%-ը։

Սա նշանակում է, որ մենք արտաքին պարտքի սպասարկմանը 2013-ին ուղղել ենք 247.5 մլրդ դրամ։ Այն ժամանակվա փոխարժեքով դա կազմում է շուրջ 611 միլիոն դոլար։
Ո՞րն է գաղտնիքը։

Բանն այն է, որ 2013 թվականին Հայաստանը վաղաժամկետ մարել էր Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարի վարկը։ Հենց այդ ցուցանիշն էլ նպաստել է, որ մենք հայտնվենք «պարտքային ճգնաժամի» մեջ։

Սակայն նման մոտեցումը միանշանակ չէ։

Նախ` ֆինանսական ոլորտի մասնագետների մի մասի կարծիքով` նման ցուցանիշներ հաշվարկելիս մայր գումարի մարումները չպետք է հաշվի առնել։ Այսինքն` արտաքին վարկի սպասարկման ծանրությունը գնահատելու համար` պետբյուջեի եկամուտների հետ համեմատության մեջ, պետք է հաշվի առնել միայն տոկոսավճարները։ Սակայն, ինչպես երևում է, Jubilee-ի մասնագետներն այս հարցում այլ կարծիք ունեն։
Եվ երկրորդ, 2014-ին մենք նման խոշոր մարում չենք ունեցել։ Ու ստացվում է` փաստացի դուրս ենք եկել պարտքային ճգնաժամից, սակայն մեզ «դատում են» դեռ 2013 թվականի տվյալների հիման վրա ու տեղավորում ճգնաժամի մեջ գտնվող երկրների շարքում։

partq-2

Այսինքն՝ ստացվում է, որ պնդումը, թե Հայաստանը գտնվում է պարտքային ճգնաժամի մեջ, այնքան էլ ճիշտ չէ։ Թե ինչու են զեկույցի հեղինակներն այդքան կտրուկ գտնվել, դժվար է ասել։ Միգուցե դա մեզ ուղղված ինչ-որ մեսիջ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հետազոտությունն անցկացված է Եվրոպական Միության օժանդակությամբ։

Անկախ այս ամենից, կրկին նշենք, որ Հայաստանի պարտքային բեռը ծանր է։ Սակայն միայն պարտքի մեծությունը քննադատության առարկա դարձնելը սխալ է։ Շատ ավելի կարևոր է, թե ներգրավված պարտքերն ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվել` նպաստե՞լ են տնտեսության աշխուժացմանը, թե՞ ծանրացրել են որոշ մարդկանց գրպանները։ Պատկերավոր ասած, պարտք վերցնելն ինքնին վատ բան չէ (սակայն, ինչ խոսք, ցանկալի չէ)։ Պարտք ուտելն է վատ բան։ Իսկ Հայաստանի ներգրաված պարտքերի ո՞ր մասն է «կերվել», հետազոտություններն այդ մասին լռում են։

Տեսանյութեր

Լրահոս