Բաժիններ՝

«Ամեն օր անհանգիստ սպասումների մեջ էի…». ասում է սահմանները պաշտպանելիս զոհված միլիցիայի սերժանտ Գեղամ Քոչարյանի կինը

Արցախյան ազատամարտի տարիներին կանգնելով աշխարհազորի կողքին՝ միլիցիայի ծառայողները փառավոր էջեր գրեցին Հայաստանի ոստիկանության պատմության մեջ: Մարտական հարուստ ու արժանապատիվ կենսագրություն, որի աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի սահմանամերձ տարածքներն ու Արցախը:

994 թվականի հունվարն էր. ազգային-ազատագրական պայքարը մեծ թափ էր առել, սահմանամերձ գոտիներում կենաց-մահու կռիվներ էին. ազերիներն ամեն գնով փորձում էին խլել հայ քաջորդիների ազատագրած տարածքները: Հակադարձ պատասխանը մեկն էր՝ հաղթել կարելի է հերոսությամբ, անձնազոհությամբ, մեծ կամքի, աննկուն ոգու շնորհիվ միայն:

Եվ հայ քաջորդիները պայքարեցին ու հաղթեցին:
Հայրենի հող ու սահման պահող զինվոր դարձած հայորդիներից մեկն էլ Նաիրիի շրջանի ներքին գործերի բաժնի աշխատակից, միլիցիայի սերժանտ Գեղամ Քոչարյանն էր:
Չորս մանկահասակ զավակների հայր Գեղամ Քոչարյանին հորդորեցին սահման չմեկնել: Չլսեց գործընկերների հորդորը եւ Եղվարդի ներքին գործերի բաժնի մի խումբ աշխատակիցների հետ գնաց սահման:

Ծանր մարտեր էին. պայքարելու աննկուն կամք, հաղթելու մեծ հավատ էր պետք: Նշանառու Գեղամ Քոչարյանն ու նրա մարտական ընկերներն ունեին այդ կամքն ու հավատը…

Գեղամ Քոչարյանը զոհվեց 1994 թվականի հունվարի 31-ին:
«Ամեն օր անհանգիստ սպասումների մեջ էի: Երեխաներս փոքր էին, շատ դժվար էր: Հունվարի 31-ին ինձ զանգեցին ներքին գործերի բաժնից, թե Գեղամը տուն է գալիս: Այդ օրը մեր ամուսնության տասներկուերորդ տարեդարձն էր: Ոգեւորված՝ տոնական սեղան էի պատրաստում, նաեւ հարազատներ էին եկել մեր տուն, սպասում էինք սրտատրոփ, երբ հանկարծ լացելով, ճչալով, ներս վազեց աղջիկս՝ Աննան. «Մամա՛, պապայի մասին շատ վատ բան են ասում, պապան չի գալու»: Չէի հասկանում՝ ի՞նչ է ասում, կարծես քարացել էի…»,- դաժան օրը հիշում ու հուզվում է տիկին Հասմիկը:

Չորս դուստրերին մեծացնելու հոգսը մնաց կնոջ վրա. մեծը տասնմեկ տարեկան էր, փոքրը՝ մեկ: Տիկին Հասմիկը նաեւ ամեն օր փոքրիկ Մարիամիկի հարցերին պիտի պատասխաներ. «Բա պապան ե՞րբ է գալու, բա ինչո՞ւ մի անգամ էլ ինքն իմ հետեւից մանկապարտեզ չի գալիս»: «Միայն ես, իմ երեխաներն ու վերեւ Աստված գիտի, թե ինչ դժվարություններ, ինչ նեղություններ եմ քաշել»,- հուզմունքից դողացող ձայնով ասում է տիկին Հասմիկը:
Նեղություններից, դժվարություններից պատվով է դուրս եկել. մեծացրել է օրինակելի զավակներ: Լիլիթն ու Գեղանուշը պետական համալսարանն են ավարտել, Աննան բուժքույր է, Մարիամը՝ ծրագրավորող: Տիկին Հասմիկի ուրախությունը նաեւ թոռնիկներն են, հատկապես՝ փոքրիկ Գեղամը. այս չարաճճին դեռ չգիտի իր առավելությունը մյուսների նկատմամբ. ինքը Գեղամ պապի անունն է կրում, եւ տատիկն առանձնակի քնքշանքով է տալիս իր անունը:

21 տարի առաջ Գեղամ Քոչարյանը դուրս եկավ տնից ու չվերադարձավ: Գնաց, որ նաեւ ի՛ր արյամբ սրբացնի հայրենի հողը: Այս տան ամեն անկյունը նրա հիշողությունն է պահում: Նրա համազգեստները սուրբ մասունքի պես են, հանրապետության նախագահի կողմից շնորհված «Արիության» մեդալը, ոստիկանության պետի կողմից՝ «Սխրագործության համար» մեդալը, լուսանկարները միայն հիշողություն չեն…
«Շատ հպարտ էի, բայց եւ շատ տխուր, երբ ինձ հանձնվեցին Գեղամի մեդալները»,- ասում է տիկին Հասմիկն ու առանձնացնում մի շատ թանկ մասունք: Հազար տեղից ծալծլված թուղթ է, վրան՝ ամուսնու՝ խրամատում գրած բանաստեղծությունը…
Գեղամ Քոչարյանի դուստր Գեղանուշն այն ժամանակ հինգ տարեկան էր. անունն Անուշ էր, Գեղանուշ հետո՝ հոր պատվին դարձավ:

«Մի դրվագ հիշողությունիցս երբեք չի ջնջվում: Ամեն օրվա վերջին երեք քույրիկներով (Մարիամը փոքր էր, մեր այս մրցույթի մեջ չկար) շարվում¬սպասում էինք, թե ով է առաջինը վազելու եւ գրկելու հայրիկին: Ես միշտ հաղթում էի: Քույրիկներս ինձնից մեծ էին, երեւի թույլ էին տալիս, որ հաղթեմ իրենց…

Շատ էի խանդում, երբ հայրիկը որեւէ մեկին ավելի էր ուշադրություն դարձնում, ավելի էր սիրում: Համոզված էի, որ նա բոլորից շատ ինձ է սիրում…»:
Ի տարբերություն Գեղանուշի՝ Մարիամը հորը չի հիշում, բայց եւ հպարտ է, որ հենց իր որդին է հոր անունը կրում:

Հիշողություննե՜ր, հիշողություննե՜ր, որ ապրեցնելու, ուժեղ լինելու խորհուրդ ունեն, որ հպարտ ապրելու ուժ են տալիս:

Արայի լեռան հարեւանությամբ վեր է խոյանում զոհված ազատամարտիկների հուշակոթողը: Այս վայրը սրբատեղի է Գեղամ Քոչարյանի կնոջ ու դուստրերի համար:
Աննան այն ժամանակ տասը տարեկան էր. հոր զոհվելու լուրն առաջինը լսեց ու իր ողբով սարսափեցրեց տոնական սեղան պատրաստող մորը… Հոր մասին շատ հիշողություններ ունի: Հայրը կատակով ասում էր՝ Աննան իմ տղան է՝ նկատի ունենալով դստեր անվախ, համարձակ բնավորությունը: «Քսանմեկ տարի է անցել, բայց ես միշտ մտովի հորս հետ եմ խոսում, կիսվում: Նա իմ հերոսն է, իմ իդեալը»,- ասում է Աննան ու ինքնաբուխ արտասանում Հորադիզում հոր գրած բանաստեղծությունը…
Ժամանակները հերոսական էին, ու այդ հերոսական ժամանակներում այդպիսին էին նրանք՝ օրենքի ու Հայրենիքի զինվորները՝ հավերժության հետ խոսողներ, որ պատգամում են՝ աչքի լույսի պես պահպանեք հայրենի հողը…

Հասմիկ ՊՈԴՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս