Առայժմ՝ միայն հետաքրքրվածություն, շահագրգռվածություն

Մեր զրուցակիցն է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը

– Պարոն Շաբոյան, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

– ՀՀ տնտեսվարողները բավականին հետաքրքրված են, և բավականին շատ տնտեսվարողներ կան, որ ակտիվացել են ԵՏՄ անդամ երկրներ ներմուծումներ և արտահանում իրականացնելու ուղությամբ, հատկապես արտահանումների ուղղությամբ: Կոնկրետ վիճակագրությանը չեմ տիրապետում, կոնկրետ օրինակներ չեմ կարող ասել, բայց միանշանակ վստահորեն կարող եմ ասել, որ հետաքրքրվածությունը, շահագրգռվածությունը տնտեսվարողների շրջանում շատ բարձր է, հատկապես՝ պետական գնումների մասով և ԵՏՄ անդամակցությունից հետո բավականին շատ տնտեսվարողներ դիմում են մեր հանձնաժողովին և հետաքրքրված են պետական գնումներով՝ առանձին ուղղություններով:

Երբ նայում ու համեմատում ենք պետական գնումների գործընթացը և իրավիճակը, ասեմ, որ բավականին շատ տնտեսվարողների շահագրգռում է: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ավելանալու է տնտեսվարողների թիվը, որոնք ԵՏՄ անդամ պետությունների տարածք արտահանումներ կիրականացնեն: Միանշանակորեն ասում եմ, որ հետաքրքրությունը շատ բարձր է, և շատ տնտեսվարողներ են ցանկանում ԵՏՄ տարածքում տնտեսական գործունեություն իրականացնել:

– Սակայն դոլար/դրամ և մյուս արժույթների փոխարժեքի տատանումների հետ կապված` արտահանողները բավականին խնդիրների առաջ կանգնեցին, և ռուսական ապրանքները մեզ մոտ ավելի մրցունակ դարձան, քան հայկականը` Ռուսաստանում, ու շատերը պարզապես դադարեցրել էին արտահանումը:

– Բնականաբար, ռուսական ռուբլու արժեզրկումն իր ազդեցությունը թողել է մեր արտահանման ծավալների վրա, և դա օբյեկտիվ գործոն է հանդիսանում: Ամեն դեպքում, վերջին ժամանակներս ռուսական ռուբլու փոխարժեքի հետ կապված էլ փոփոխություններ եղան, այսինքն՝ ռուսական ռուբլին սկսեց նաև որոշակիորեն արժևորվել և, բնականաբար, հայկական արտահանող ընկերությունների համար շահավետ պայմաններ ստեղծել այս առումով: Ճիշտ է, եթե ռուսական ռուբլու արժեզրկումը չլիներ, շատ ավելի լավ պայմաններում կհայտնվեին հայկական ընկերությունները, այդուհանդերձ, այս ամենի պարագայում, այս ամենով հանդերձ, նորից եմ կրկնում, բավականին շատ հայկական ընկերություններ հետաքրքրված են ԵՏՄ անդամ պետությունների շուկայով, հատկապես՝ Ռուսաստանի տարածքում տնտեսական գործունեություն իրականացնելով:

– Եթե համեմատենք, տարածաշրջանում հայկական դրամն ավելի շատ արժեզրկվեց, քան հարևան երկրների արժույթները: Չե՞ք կարծում, որ սրա հիմքում գուցե մրցակցային խնդիրներ կան, որ դրամը չկարողացավ դիրքերը պահպանել, և ավելի վատ պայմաններ ստեղծվեցին ՀՀ տնտեսվարողների համար:

– Գիտեք, եկեք փոխարժեքային քաղաքականությունը թողնենք, դա Կենտրոնական բանկի իրավասությունն է հանդիսանում, և ես ձեռնպահ կմնամ հայկական դրամի հետ կապված որևէ մեկնաբանություններ կատարելուց, քանի որ ամբողջությամբ դրամավարկային քաղաքականության շրջանակներում է գտնվում այդ խնդիրը:

– Պետական գնումների հետ կապված` ԵՏՄ-ում ի՞նչ հնարավորություններ ունեն մեր տնտեսվարողները, արդյոք մրցունա՞կ են:

– Ես կարծում եմ, որ տնտեսվարողներն ինքնուրույն ուսումնասիրություններ են իրականացրել, և շատ տնտեսվարողների կարծիքով` որոշ ոլորտներում իրենք ունեն առավելություններ:

– Ո՞ր ոլորտներն են դրանք:

– Մեզ դիմել են շինանյութերի, կոշիկի արտադրության, պահածոների արտադրության, հյութերի և նմանատիպ ոլորտների տնտեսվարողներ, որոնք շատ հետաքրքրված են պետական գնումներով: Եվ, ըստ նրանց, հիմնական խնդիրն ընթացակարգերն են: Կան որոշակի ընթացակարգային խնդիրներ, դիմել են մեզ, և հանձնաժողովը զբաղվում է դրանով: Նաև մյուս խնդիրը, որ տնտեսվարողները բարձրացնում են, տեղեկատվության խնդիրն է:

Տեղեկատվությունը լիարժեք հասանելի չէ տնտեսվարողներին և այս ուղղությամբ մենք աշխատանքներ ենք իրականացում: Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, ստեղծում ենք միասնական տեղեկատվական բազաներ: Դրանցում կտեղադրվի ԵՏՄ 4 անդամ պետությունների պետական գնումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ ինչպես կոնկրետ պետական գնումների, այնպես էլ` ընթացակարգերի վերաբերյալ, որպեսզի տնտեսվարողները հնարավորություն ունենան 1 աղբյուրից ձեռք բերել պետական գնումների վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն, ինչպես նաև այն բոլոր ընթացակարգերը, որոնցով նրանք պետք է անցնեն, որ հնարավորություն ունենան մասնակցելու այդ մրցույթներին:

– Ձեր գնահատականով՝ հայ արտադրողները մրցունա՞կ են ԵՏՄ շուկայում, եթե համեմատենք մյուս երկրներում ապրանքների ինքնարժեքը, գները:

– Միանշանակ գնահատական տալը ես ճիշտ չեմ համարում, դա կախված է ոլորտներից և ուղղություններից: Բայց ես կարծում եմ, որ ոլորտներ կան, որ հայկական ընկերությունները կարող են մրցունակ լինել ԵՏՄ անդամ պետությունների տարածքում:

– Իսկ վերջին զարգացումների հետ կապված՝ էլեկտրաէներգիայի թանկացումը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդի ՀՀ տնտեսվարողների մրցունակության վրա:

– Եկեք ես կարծիք չներկայացնեմ, որովհետև այդ ոլորտը գտնվում է մեր հանձնաժողովի կարգավորման դաշտից դուրս:

– ՀԷՑ-ի գործունեությունը ՀԾԿՀ իրավասություների տիրույթում է, սակայն ՏՄՊՊՀ-ն անելիք չունի՞ այն տնտեսվարողների հետ, որոնցից ՀԷՑ-ը բարձր գներով ծառայություններ ու ապրանքներ է ձեռք բերել:

– Ոչ, բնականաբար, որովհետև այդ ոլորտը պետականորեն կարգավորվում է, բնական մենաշնորհ է հանդիսանում, և ոլորտն ամբողջությամբ կարգավորվում է այլ պետական մարմնի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս