Օսկար Ուայլդ. «Չինացի իմաստունը»
Էսսե
Օքսֆորդի երեւելի աստվածաբաններից մեկը մի անգամ նկատել է, որ ժամանակակից առաջընթացն իրեն ձեռք չի տալիս այն բանով, որ առաջ է շարժվում, այլ ոչ թե ետ: Այդ միտքն այնքան հիացրեց մի արտիստիկորեն տրամադրված շրջանավարտի, որ նա տեղնուտեղը մի խոհագրություն գրեց նախկինում ոչ մեկի կողմից չնկատված սովորական խեցգետնի եւ գաղափարների զարգացման միջեւ եղած նմանության մասին: Ես համոզված եմ, որ նույնիսկ «Սփիքերի» ամենանվիրված բարեկամները չեն կասկածի այդ ամսագրի համակրության մեջ առ այնպիսի մոլորամտությունը, ինչպիսին հետադիմությունն է: Սակայն պետք է ընդունեմ, որ ժամանակակից կյանքի ամենաթունոտ քննադատությունը ես գտա նրա էջերում, գիտուն այր ՉԺուան Ցզիի ստեղծագործություններում, որոնք վերջերս թարգմանել է մեր գռեհիկ լեզվի պարոն Հերբերթ Ջայլսը, Տյանցզինում Ձերդ Մեծության դեսպանը:
Կրթության աճն, անշուշտ, հայտնի դարձրեց լայն հասարակությանն այդ մեծ մտածողի անունը, եւ, այդուհանդերձ, հանուն քչերի, որոնց այն ոչինչ չի ասում, ինչպես նաեւ` գերկրթվածների համար, ես իմ պարտքն եմ համարում պատմել, թե ով էր նա իրականում, եւ համառոտ պատկերացում տալ նրա փիլիսոփայության մասին:
Չժուան Ցզին, ում անունն ամենեւին էլ այնպես չի արտասանվում, ինչպես գրվում է, ծնվել է Քրիստոսի ծննդից առաջ չորրորդ հարյուրամյակում, Դեղին գետի ափին, Ծաղիկների Երկրում, խորունկ մտորմունքի մեջ թռչող վիշապի վրա նստած այդ զարմանալի իմաստունի պատկերները այժմ էլ կարելի է տեսնել թեյի անպաճույճ սկուտեղների եւ մեր ծայրամասերի շատ հարգարժան ընտանիքների տների փոքրիկ վարագույրների վրա: Ազնիվ հարկատուն եւ նրա կենսուրախ բարեկամները, դե, իհարկե, հաճախ էին քմծիծաղում փիլիսոփայի բարձր եւ ուռուցիկ ճակատի վրա, զվարճանալով նաեւ անսովոր բնանկարից, որի ֆոնի վրա նա պատկերված է: Եթե նրանք իմանային, թե ով է այդ մարդը, ապա վախից կսրսփային: Չէ՞ որ Չժուան Ցզին իր ողջ կյանքն անցկացրել է` քարոզելով Անգործունեության մեծ ուսմունքը, ապացուցելով, այսպես կոչված, օգտակար բաների լիովին անպիտանությունը։ «Ոչինչ մի արա, եւ ամեն ինչ կարվի ինքնաբերաբար»,- այդ նշանաբանը նա ժառանգել է իր մեծ ուսուցիչ Լաո Ցզիից: Գործողությունը վերածել մտքի, իսկ միտքը` վերացարկման, այդպիսին էր նրա դավադիր ու դժվարիմաց նպատակը: Հին հունական փիլիսոփայական մտքի վաղ շրջանի քիչ հայտնի փիլիսոփայի նման, նա հավատում էր «հակադրությունների միասնությանը», ինչպես եւ Պլատոնը, իդեալիստ էր եւ այդ պատճառով քամահրում էր բոլոր օգտապաշտական հղացքները, ինչպես նաեւ միստիկ էր` Դիոնիսոսի, Սքոթ Էրիուգենայի եւ Յակոբ Բյոմեի հանգույն, ենթադրելով, ինչպես եւ նրանք, եւ նրանց հետ` նաեւ Փիլոնը, որ կենաց նպատակը անձի ազատագրումն է սեփական «եսից» եւ դրա վերածումը բարձրագույն նպատակի անգիտակից կատարողի: Ըստ էության` Չժուան Ցզին իր ուսմունքով կանխում էր եվրոպական բնազանցության եւ միստիկայի բոլոր ուղղությունները` Հերակլիտեսից մինչեւ Հեգել: Նրա մեջ ինչ-որ բան կար նաեւ քվիետիստից, եւ Ոչնչի իր աստվածացման մեջ նա ինչ-որ չափով կանխատեսում էր տարօրինակ միջնադարյան երազողներին, ովքեր Թաուլերի եւ Մայսթեր Էքհարթի նման խոնարհվում էին purum nihil-ի (բացարձակ Ոչնչի) եւ Անհունի առջեւ: Մեր հասարակության ունեւոր շերտերը, որոնց մենք, ինչպես հայտնի է, պարտ ենք մեր ծաղկման համար, իսկ գուցեեւ` քաղաքակրթության, երեւի թե ուսերը կթոթվեն եւ ոչ առանց հիմքի կհարցնեն, թե նրանց ինչին է պետք այդ «հակադրությունների միասնությունը», եւ ինչու այդքան անհրաժեշտ է սեփական «եսից» ազատագրվելը` իրենց ամենաէական առանձնահատկությունից: Սակայն Չժուան Ցզին ոչ միայն մետաֆիզիկոս եւ լուսավորիչ էր: Նա կկամենար կործանել հասարակությունը` նրա այն հասկացողությամբ, որը ներհատուկ է եւ մեր ունեւոր շերտերին, ցավալի է, որ խոսելով այդ մասին, նա զուգակցում է Ռուսոյի կրքոտ պերճախոսությունը Հերբերթ Սփենսերի գիտական տրամաբանության հետ: Նրա մեջ սենտիմենտալիստից ոչինչ չկա: Հարուստներին նա ավելի շատ է կարեկցում, քան աղքատներին, եթե նրան ընդհանրապես ծանոթ է կարեկցանքը, իսկ բարեկեցությունը նրան պատկերանում է նույնքան ողբերգական ճակատագիր, որքան եւ տառապանքը: Նրան խորթ է կարեկցանքն առ ձախողակները, որ բնորոշ է մեր ժամանակի մարդուն, եւ նա չի առաջարկում, բարոյական նկատառումներից ելնելով, շահումային տեղերը տալ նրանց, ովքեր մրցակցության մեջ վերջինն են տեղ հասնում: Եթե նա առարկում էլ է ինչ-որ բանի դեմ, ապա միայն` հենց մրցավազքի, իսկ ինչ վերաբերում է բարեգործությանը, որ մեր օրերում շատ գործունյա մարդկանց հոգսն է դարձել, ապա նա կարծում է, որ ուրիշներին բարիք գործելը նույնքան դատարկ զբաղմունք է, որքան «փախստականին գտնելու համար անտառի մեջտեղում թմբուկ զարկելը»: Այդ ամենը էներգիայի զուր վատնում է: Ահա այդպես: Չժուան Ցզիի աչքին ալտրուիստը` մարդ է, ով անընդհատ ջանում է լինել ինչ-որ այլ մեկը եւ, հետեւաբար, զրկվում է սեփական գոյության միակ արդարացումից:
Թող դա անհավանական թվա, բայց այս զարմանալի փիլիսոփան ափսոսանքով մորմոքում է անցած Ոսկե դարի համար, երբ չկային կոնկուրսային քննությունները, միսիոներների ուսուցման ուժասպառիչ համակարգը, բարեգործական ճաշկերույթները, պետական եկեղեցիները, մարդասիրական ընկերությունները, մերձավորի հանդեպ պարտքի մասին տաղտկալի քարոզները եւ ամենատարբեր թեմաներով ձանձրացուցիչ դասախոսությունները; Այն իդեալական ժամանակներում, ասում է նա, մարդիկ պարզապես սիրում էին իրար, ոչինչ չիմանալով մարդասիրության մասին եւ ոչ էլ դրա մասին թերթերում հոդվածներ թխելով: Նրանք առաքինի էին, թեպետ ալտրուիզմի մասին գրքեր չէին գրում: Մարդիկ յուրաքանչյուրին իրազեկ չէին դարձնում իրենց իմացություններին, եւ այդ պատճառով աշխարհին անծանոթ էր սկեպտիցիզմի նզովքը, նրանք չէին հռչակում նաեւ իրենց առաքինությունները, եւ այդու` ոչ ոք նրանց գործերին չէր խառնվում: Նրանք ապրում էին պարզ ու խաղաղ կյանքով, բավարարվելով այն սննդով եւ հագուստով, ինչ ունեին: Հարեւան գյուղակների բնակիչները կարող էին միմյանց տեսնել եւ լսել աքլորականչն ու շների հաչոցը, բայց նրանք ապրում էին կյանքն ու մահանում էին, այդպես էլ միմյանց հյուր չգնալով: Խելոք մարդկանց մասին չէին բամբասում: Առաքինիներին չէին գովաբանում: Պարտքի անտանելի զգացողությունը դեռեւս անհայտ էր: Բարի գործերը մոռացվում էին, այլ ոչ հառնում էին` որպես կշտամբանք հետագա սերունդների համար, անհեռատես պատմաբանների գրչի տակ:
Բայց ահա գեշ պահին աշխարհում հայտնվեց Ֆիլանտրոպը (մարդասերը), իր հետ բերելով Ղեկավարման վնասակար գաղափարը: «Եթե պետք էլ է ինչ-որ բան անել,- ասում է Չժուան Ցզին,- ապա դա մարդկությանը հանգիստ թողնելն է, ղեկավարվող մարդկությունը` դա անհեթեթություն է»: Ղեկավարման բոլոր ձեւերն արատավոր են, դրանք ոչ գիտական են, քանզի փորձում են փոխել մարդու բնական միջավայրը, դրանք անբարոյական են, քանզի կոպտորեն ներխուժելով անհատի կյանքի մեջ` ծնում են անհատապաշտության ամենաագրեսիվ ձեւերը, նրանք տգետ են, քանզի ջանում են տարածել կրթությունը, նրանք ինքնասպան են, քանզի անարխիա են ծնում: «Հնում,- շարունակում է նա,- Դեղին Նախնին սկզբում բոլորին ստիպեց կատարել իրենց պարտքը, եւ մերձավորների հանդեպ անել գթասրտության գործերը եւ դրանով խոչընդոտել բնական մարդկային բարության դրսեւորումները: Արդյունքում Յաոն եւ Շունյը այնպես էին աշխատում իրենց ժողովրդին կերակրելու համար, որ նրանց ոտքերի բոլոր մազերը թափվեցին: Նրանք բռնաբարում էին իրենց, որպեսզի արթնացնեն իրենց ոչ ներհատուկ առաքինությունները: Նրանք պարպեցին իրենց էներգիան, ստեղծելով օրենքներ, բայց այդպես էլ ոչնչի չհասան»: Մարդկային սրտերը, ասում է այնուհետեւ փիլիսոփան, կարելի է «ստիպել բաբախել ավելի արագ կամ դանդաղ», բայց արդյունքը ցանկացած դեպքում էլ ողբալի կլինի: Յաոն մարդկանց չափազանց երջանիկ դարձրեց, եւ նրանք գերհագեցան: Շունյը նրանց աղքատության հասցրեց, եւ նրանք վրդովվեցին։ Հետո սկսվեցին վեճերն այն մասին, թե ամենից լավ ինչպես կարելի է օգնել հասարակությանը։ «Ինչ-որ բան պետք է անել, դա ակնհայտ է,- ասում էին բոլորը, եւ սկսվեց սարսափելի իրարանցումը: Դրա հետեւանքներն այնքան սահմռկելի էին, որ ղեկավարությունը անկարգությունները ճնշելու համար հարկադրված էր բռնության դիմելու,- արդյունքում «Կարգին մարդիկ թաքնվեցին լեռնային քարանձավներում, իսկ ղեկավարները նստած էին, վախից դողալով, իրենց կալվածքներում»: Ի վերջո, երբ իշխեց կատարելագույն քաոսը, իշխանության գլուխ եկան Հասարակական Բարենորոգիչները եւ սկսեցին քարոզել փրկությունը չարիքներից, որոնք հենց իրենք էլ բերել էին: Խեղճ Հասարակական Բարենորոգիչներ: «Նրանք խիղճ չունեն, նրանք ամոթ էլ չունեն»,- ահա դատավճիռը, որ կայացնում է նրանց համար Չժուան Ցզին:
Այդ նշաձեւ աչքերով իմաստունը թողել է նաեւ բազում կարծիքներ տնտեսական հարցերի շուրջ եւ փողի բերած նզովքի մասին, գրում էր ոչ պակաս պերճաբան, քան պարոն Հայնդմենը: Նա չարիքի գլխավոր ակունքն էր համարում փողերի կուտակումը` դրանք ուժեղներին դաժան են դարձնում, իսկ թույլերին` դժբախտ: Դրանք ծնում են ինչպես աննշան գողին, ում բամբուկե վանդակի մեջ են զետեղում, այնպես էլ փորձված գողին, ում ճերմակ նեֆրիտից գահ են բարձրացնում: Դրանք կյանքի են կոչում մրցակցության ոգին, որը կենաց էներգիայի զուր վատնում է, եւ ավելին` քայքայում է: Բնության մեջ ներդրված են հանգստությունը, կրկնությունը եւ խաղաղությունը: Հոգնությունն ու պատերազմը` արհեստական հասարակության ծնունդն է, որ հիմնված է փողի իշխանության վրա, որքան հասարակությունը հարուստ է դառնում, այնքան այն տանուլ է տալիս, որովհետեւ չի կարողանում ըստ արժանվույն գնահատել բարին եւ պատժել չարը: Հարկ է նաեւ հիշել, որ աշխարհիկ ընծաները ապականում են մարդուն ոչ պակաս, քան պատիժը: Աստվածացնելով հարստությունը, մեր ժամանակը փտեց: Ինչ վերաբերում է ուսուցմանը, ապա ճշմարիտ իմաստություն անհնար է սովորել, ինչպես եւ անհնար է սովորեցնել այն: Դա որոշակի հոգեվիճակ է, որին հասնում է լոկ նա, ով բնության հետ ներդաշն է ապրում: Մեր իմացությունը չնչին է, եթե այն համեմատենք չիմացյալի մեծության հետ, եւ միայն անըմբռնելին է արժեքավոր: Հասարակությունը ծնում է խաբեբաներին, եւ կրթությունը նրանցից ոմանց մյուսներից խելոք է դարձնում: Ահա եւ դպրոցական խորհուրդների ողջ արժանիքը: Նաեւ` փիլիսոփայության տեսակետից ի՞նչ արժեք կարող է ներկայացնել կրթությունը, եթե այն նպատակ է դնում ընդամենը ստիպելու մարդուն տարբերվելու իր հարեւանից: Դա տեղնուտեղը ծնում է կարծիքների քաոս, տարատեսակ կասկածներ, վիճելու գռեհիկ սովորությունը, իսկ նա, ով վիճում է, ինտելեկտուալ առումով, անշուշտ, պարտություն է կրում: Վերցնենք, օինակ, Գույ Ցզիին. «Նա բազում գաղափարներ ուներ: Նրա աշխատություններով հինգ սայլ կբարձեիր: Սակայն նրա հայացքները վիճելի են: Նա ասում էր, որ եթե ճուտիկի վրա փետուրներ կան, ապա դրանք պետք է լինեն եւ ձվի մեջ, որ շունը կարող էր եւ ոչխար լինել, քանզի բոլոր անվանումները պատահական են, որ գոյություն ունի այնպիսի պահ, որ թռչող նետը չի շարժվում, բայց եւ հանգստի վիճակում չէ, որ եթե վերցնենք մի ոտնաչափ երկարությամբ փայտ եւ օրեցօր այն երկու մասի բաժանենք, ապա այդ գործը մի ամբողջ կյանք կձգվի, որ աշխետ ձին եւ մոխրագույն զամբիկը` երեք արարած են, քանզի, երբ նրանք վերցվում են առանձին` նրանք երկուսն են, իսկ երբ` միասին, ապա մի ամբողջություն են, իսկ երկուսը գումարած մեկի` հավասար է երեքի: «Նա նման էր մի մարդու, ով վազեվազ ընկած է իր ստվերի ետեւից եւ ջանում էր ճիչով խլացնել արձագանքը: Նա խելացի էր, բայց ձանձրացուցիչ, ինչպես պիծակը: Ի՞նչ օգուտ նա կարող էր բերել»:
Բարոյականության հետ, կարծում եմ, բանն այլ է: Այն ամենեւին մոդայից դուրս եկավ, պնդում է Չժուան Ցզին, երբ մարդկությունը սովորեց բարոյախոսել: Մարդիկ այդժամ ետ վարժվեցին իրենց անմիջական պահելուց եւ ըստ ներըմբռնման գործելուց: Նրանք դարձան ինքնագոհ, անբնական եւ այնքան անողջախոհ, որ սկսեցին իրենց առաջ կենաց նպատակներ դնել: Այնուհետե հայտնվեցին Կառավարությունն ու Ֆիլանտրոպիան` մեր ժամանակի երկու ժանտախտները: Առաջինները ջանում էին բռնի կերպով մարդկանց լավը դարձնել, եւ, հետեւաբար, արմատախիլ էին անում նրանց բնական բարությունը: Երկրորդները` ագրեսիվ, տաղտկալի գլուխ արդուկողների խառնամբոխը` ուր որ հայտնվում էին, խռովություն էին բերում: Նրանք այնքան տխմար էին, որ սկզբունքներ ունեին, եւ այնքան դժբախտ, որ հետեւում էին դրանց: Նրանք բոլորը վատ վերջացրին, իրենց կյանքով ապացուցելով, որ համընդհանուր ալտրուիզմը ոչնչով համընդհանուր անհատապաշտությունից լավ չէ: «Նրանք մարդկանց ներքաշում էին գթասրտության մեղքի մեջ եւ մերձավորներին ոտուձեռով կապում էին»: Հիացմունքից շնչահեղձ լինելով` նրանք խոսում էին երաժշտության մասին եւ շատ աղմուկ էին բարձրացնում զանազան արարողությունների կապակցությամբ: Այդ ամենի արդյունքում աշխարհը կորցրեց իր հավասարակշռությունը եւ մինչեւ այժմ չի կարողանում այն վերագտնել:
Իսկ ո՞վ է այդուհանդերձ Չժուան Ցզիի աչքին ճշմարիտ մարդը: Եվ ո՞րն է նրան ներհատուկ ապրելակերպը: Նա, ով ոչ մի գործողություն չի կատարում, այլ լոկ հայում է կյանքը. «Այդպիսի մարդն աշխարհայացք չունի: Շարժվելիս նա նման է ջրի, հանգստության մեջ` նման է հայելու, եւ պատասխանում է միայն, հանց արձագանք, երբ նրան կանչում են: Նա արտաքին հանգամանքների վրա ուշք չի դարձնում: Ոչ մի նյութական բան չի կարող նրան վնասել, ոչ մի հոգեւոր բան չի կարող նրան ցավ պատճառել: Նրա հոգեւոր հավասարակշռությունը նրան աշխարհի վրա իշխանություն է տալիս: Նա երբեք հանգամանքների գերին չի դառնա: Նա գիտի. «Ինչպես լավագույն բառերը նրանք են, որ արտաբերված չեն, այնպես էլ լավագույն արարքն այն է, որը չես կատարի: Նա պասիվ է եւ հետեւում է հենց կյանքի օրենքին: Նա անգործունյա է, թողնելով աշխարհին լինել այնպիսին, ինչպիսին արժանի է, որ լինի: Նա չի ջանում «շուրջը բարիք սփռել»: Նա սովոր չէ իր ուժերը վատնելու: Հարգանքն ու ճանաչումը նրան չեն հուզում: Նա գիտի, որ իրերն ըստ էության այնպիսին են, ինչպիսին նրանց բնույթն է, եւ ամեն ինչ կպատահի այնպես, ինչպես վիճակված է: Նրա բանականությունը` «գոյության հայելին է», իսկ նա ինքը միշտ հաշտ է ինքն իր հետ:
Այդ բոլոր մտքերը, իհարկե, շատ վտանգավոր են, բայց պետք չէ մոռանալ, որ Չժուան Ցզին ապրել է մեզանից ավելի քան երկու հազար տարի առաջ եւ հնարավորություն չուներ ծանոթանալու մեր անզուգական քաղաքակրթությանը: Սակայն, եթե նա վերադառնար երկիր եւ ընկներ մեր հասարակության մեջ, նա, հնարավոր է, կգտներ, թե ինչ ասի պարոն Բոլֆուրին Իռլանդիայում կատարվող ճնշամիջոցների եւ նրա խելքից դուրս գեշ ղեկավարության կապակցությամբ, նրան կծիծաղեցներ մեր մարդասիրական ազարտը, եւ նա չէր խրախուսի մեր կազմակերպված բարեգործությունը, նրա վրա տպավորություն չէին գործի ոչ մեր դպրոցական խորհուրդը, ոչ էլ մեր հարստանալու տենչը, նրան կզարմացնեին մեր իդեալները, իսկ իմանալով, թե մենք ինչի ենք հասել, նա կվշտանար: Այնպես որ, միմիայն լավ է, որ Չժուան Ցզին չի կարող վերադառնալ:
Այնինչ, շնորհիվ պարոն Ջայլսի եւ պարոն Քվորիթչի, մեզ ի մխիթարանք կա նրա գիրքը` հիասքանչ, գրավիչ ընթերցանություն: Չժուան Ցզին Դարվինից շատ առաջ ծնված դարվինիստ է: Նա քննում է մարդու զարգացումը, սկսելով կյանքի պրիմիտիվ ձեւերից, եւ տեսնում է նրա անխափան կապը բնության հետ: Նա արտասովոր հետաքրքիր է` որպես մարդաբան, նրա` մեր նախնադարյան նախնու նկարագրությունը, որ ապրել է ծառերի վրա, հավերժական ահը սրտում կենդանիներից եւ ծնողներից միայն մեկին ճանաչող, եւ հենց մորը, դա պատիվ կբերեր Թագավորական միության դասախոսին: Պլատոնի նման, նա ինքնարտահայտման համար օգտագործում է երկխոսությունը։ «Խոսքը տալով այլոց,- ասում էր նա,- ես հասնում եմ ավելի ընդարձակ ընդհանրացումների»: Որպես պատմող` նա անկրկնելի է: Փառաբանված Կոնֆուցիոսի հանդիպումը հանրահայտ ավազակ Չզիի հետ արված է փայլուն եւ խաղացկուն, եւ անհնար է չծիծաղել իմաստունի վերջնական պարտության վրա, ում անպտուղ բարոյախրատական ասացվածները այնքան անխղճորեն է պսակազերծում հաջողակ ավազակը: Նույնիսկ իր բնազանցությունը Չժուան Ցզին զվարճալի է մատուցում: Նա անձնավորում է աբստրակցիաները. ստիպելով դրանց մեր առաջ ներկայացում խաղալ: Ամպերի Ոգին, ուղեւորվելով Արեւելք, հանդիպում է Կենաց Սկզբունքին: Նա խփում էր կողերին եւ մի ոտքի վրա ցատկոտում: Ամպերի ոգին չդիմանալով` հարցրեց. «Ո՞վ ես դու, ծեր մարդ, եւ ի՞նչ ես դու անում»։ «Զբոսնում եմ,- պատասխանեց Կենաց Սկզբունքը, առանց կանգ առնելու, քանզի ամենայն գործունեություն անընդհատական է: «Ես ուզում եմ ինչ-որ բան իմանալ»,- շարունակում է Ամպերի Ոգին: «Այ թե ինչ»,- գոչեց Կենաց Սկզբունքը` չխրախուսելով, այնուհետեւ նրանց միջեւ տեղի ունեցավ հիանալի մի զրույց, որ ինչ-որ բանով հիշեցնում է Քիմերի եւ Սֆինքսի զրույցը Ֆլոբերի հետաքրքրական դրամայում: Չժուան Ցզիի առակներում եւ պատմություններում զրուցում են եւ կենդանիները, այսպես ընդմեջ առասպելի եւ պոեզիայի երաժշտական արտահայտություն է գտնում նրա տարօրինակ փիլիսոփայությունը:
Իհարկե տխուր է, երբ քեզ ասում են, որ գիտակցաբար բարիք գործելը` անբարոյություն է, եւ ընդհանրապես ինչ-որ բան անելը` պարապության վատթարագույն ձեւն է: Բավ է, որ մենք ընդունենք փիլիսոփայի տեսանկյունը` հարկ չկա առնվելու գործերին, որ քեզ չեն վերաբերում, եւ հազարավոր երեւելի, հիրավի լուրջ ֆիլանտրոպներ անգործ կմնան: Բոլոր օգտակար բաների անպիտանության մասին ուսմունքը ոչ միայն սպառնալիքի տակ է դնում մեր գերազանցությունը այլ ազգերի հանդեպ առեւտրի բնագավառում, այլ նաեւ ստվեր է նետում մեր առեւտրի շատ ու շատ հաջողակ ու պատկառելի ներկայացուցիչների վրա: Իսկ ի՞նչ կլինի մեր հանրահայտ եկեղեցականների հետ, Էքսթեր-Հոլլի մեր հռետորների հետ, մեր աշխարհիկ ավետարանականների հետ, եթե մենք դիմենք նրանց Չժուան Ցզիի խոսքերով` «Մժղուկներն իրենց խայթոցներով մարդուն գիշերով չեն թողնում քնել, նույնպես եւ այդ բոլոր խոսակցությունները մերձավորների հանդեպ գթասրտության եւ պարտքի մասին կարող են խելքահան անել: Պարոնայք, աշխատեք աշխարհը պահպանել իր նախնական պարզության մեջ, եւ թող փառաբանվի առաքինությունը, բնականաբար, ինչպես քամին, որ փչում է այն կողմ, ուր կամենում է: Ինչի՞ն է պետք էներգիայի այդ զուր վատնումը»: Իսկ ի՞նչ կլինի կառավարության եւ պրոֆեսիոնալ քաղաքագետների ճակատագիրը, եթե մենք գանք այն եզրակացության, որ չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին մարդկությունը ղեկավարելն է: Պարզ է, որ Չժուան Ցզին շատ վտանգավոր հեղինակ է, եւ նրա գրքի հրապարակումը Անգլիայում, նրա մահից երկու հազար տարի հետո, ակնհայտորեն վաղաժամ է եւ կարող է սուր ցավ պատճառել շատ հարգարժան ու աշխատասեր մարդանց: Ի դեպ, նրա ինքնակատարելագործման եւ ինքնազարգացման իդեալները, որ նրա պատերացմամբ` կյանքի իմաստն են եւ փլիսոփայության հիմքը, անհրաժեշտ են այնպիսի դարաշրջանի, ինչպիսին մերն է, երբ մարդիկ այնքան մտահոգված են այն բանով, որպեսզի զարգացնեն իրենց հարեւաններին, որ ինքնազարգացման ժամանակ չի մնում: Սակայն արդյո՞ք արժե այդ մասին խոսել: Ինձ թվում է, որ եթե մենք, թեկուզ ինչ-որ բանում, ընդունեինք Չժուան Ցզիի քայքայիչ քննադատության ուժը, ստիպված կլինեինք կասկածի տակ առնել ինքնաերկրպագման ազգային սովորությունը, բայց չէ՞ որ միակ բանը, որ մխիթարում է մարդուն այն տխմարություններում, որ նա գործում է` դա այն է, որ նա իր արժանիքն է համարում: Սակայն, գուցե թե, գտնվեն մի քանի մարդիկ, ովքեր հոգնել են տարօրինակ ժամանակակից սովորությունից` ինտելեկտի աշխատանքը փոխարինել էնտուզիազմով: Նրանց եւ նրանց նմանների համար Չժուան Ցզին ավելի քան հարմար կգա: Բայց թող որ իրենք կարդան նրան: Նրա մասին պետք չէ խոսել: Նրա մասին խոսակցությունները ճաշկերույթների ժամանակ բավականություն կառաջացնեն, դրանք անտեղի են հետճաշյա թեյախմության ժամանակ, քանզի նրա ողջ կյանքը բողոք էր հասարակական քարոզների դեմ: «Ճշմարիտ մարդը մոռանում է իր մասին, աստվածային մարդը ոչ մի գործողություն չի կատարում, իսկական իմաստունն անտարբեր է իր համբավի հանդեպ»: Ահա Չժուան Ցզիի սկզբունքները:
ԱՆԴՐԵ ԺԻԴ ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ
Մեկ տարի առաջ, հենց նույն ժամանակ, Բիսկրում, ես թերթերից իմացա Օսկար Ուայլդի տխրալի մահվան մասին: Տարածության հեռավորությունը թույլ չտվեց ինձ, ավաղ, միանալ նոսր թափորին, որ նրա մասունքները տանում էր գերեզմանոց, ես վհատ հուսահատության մեջ էի այն բանից, որ իմ բացակայությունը հավանաբար կնեղացնի հավատարիմ մնացած ընկերներիս առանց այն էլ սահմանափակ շրջանակը: Այդ պատճառով ես կամեցա փութով գրել դե թեկուզ այս տողերը, սակայն երկար ժամանակ Ուայլդի անունը կրկին դարձավ թերթերի սեփականությունը… Այժմ, երբ զանազան անհամեստ ասեկոսեները այդքան տրտմալի աղմկահարույց անվան շուրջ խաղաղվել են, երբ ամբոխը, գովեստներ շաղ տալով, հոգնեց զարմանալուց, իսկ շուտով` եւ նզովելուց, թող որ թույլատրվի նրա ընկերոջը արտահայտել իր դեռեւս զգալի տխրությունը եւ դնել հանց ծաղկեպսակ անտերունչ գերեզմանի վրա, այս կապվածության, հիացմունքի եւ հարգալից կարեկցանքի էջերը:
Երբ սկանդալային դատավարությունը, որ հուզեց Անգլիայի հասարակական կարծիքը, սպառնում էր կործանել նրա կյանքը, գրողների եւ արվեստագետների մի խումբ փորձեց խեղդվողին փրկելու յուրահատուկ մի եղանակ` գրականության եւ արվեստի միջոցներով: Հույս արտահայտվեց, որ գրողի փառաբանումը կօգնի մարդու ներմանը: Բայց, ավաղ, թյուրիմացություն տեղի ունեցավ, քանզի հարկ է ողջ անկեղծությամբ ընդունել` Ուայլդը «մեծ գրող» չէ: Կապարե փրկօղակը, որ նետեցին նրան, ի վերջո կործանեց նրան` նրա ստեղծագործությունները, նրան նեցուկ կանգնելու փոխարեն, սկսեցին նրա հետ մեկտեղ թաղվել: Զուր դեպի նա ձգվեցին ինչ-որ ձեռքեր: Մարդկային ալիքը խտացավ` ամեն ինչ վերջացած էր:
Այն ժամանակ ոչ մեկը չմտածեց միանգամայն այլ տեսակի պաշտպանության մասին: Ուայլդին իր ստեղծագործություներով ծածկելու փոխարեն, ամենից առաջ հարկ էր ցուցանել զարմանալի մարդուն, ինչպես այժմ փորձում եմ անել ես, եւ այդժամ հենց նրա ստեղծագործությունը կդառնա, ասես, նրա անձով շողարձակված:
«Իմ կյանքի մեջ ես ներդրեցի ողջ իմ հանճարը, իսկ ստեղծագործություններիս մեջ` միայն տաղանդս»,- ասում էր Ուայլդը: Նա «մեծ գրող» չէր, ալ «մեծ տեսանող», եթե այդ բառին հաղորդենք դրա լիարժեք իմաստը: Հունաստանի փիլիսոփաների նման, Ուայլդը չէր գրառում, այլ բառի եւ կյանքի էր վերածում իր իմաստությունը, անշրջահայացաբար վստահելով այն մարդկանց հոսանուտ հիշողությանը` նա գրում էր այն ջրերի վրա։ Թող մարդիկ, որ նրան շատ ավելի երկար են ճանաչել, պատմեն նրա կենսագրությունը, իսկ այժմ մեկը նրանցից, որ լսել է նրան գերագույն ագահությամբ, պարզասրտորեն հաղորդում է իր որոշ անձնական հիշողությունները:
1
Բոլոր նրանք, ովքեր շփվել են Ուայլդի հետ նրա վերջին տարիներին, նայելով այդ թույլ, վհատված մարդուն, ում այդպիսին էր վերադարձրել բանտը, դժվարությամբ կարող են դատել այն զարմանալի էակի մասին, ինչպիսին նա սկզբում էր:
Առաջին անգամ ես հանդիպել եմ նրան 1891 թվականին: Այն ժամանակ Ուայլդն ուներ այն, ինչը Թեքերեյը կոչում է «բոլոր մեծ մարդկանց գլխավոր շնորհը»` հաջողությունը: Նա շարժվում եւ նայում էր` որպես հաղթանակող: Նրա հաջողությունն այնքան անվարան էր, որ թվում էր, որ նա կանխում էր հենց Ուայլդի քայլերը` նրան միայն մնում էր առաջ գնալ: Նրա գրքերն ապշեցնում էին եւ հմայում: Նրա պիեսները ոտքի պիտի հանեին ողջ Լոնդոնը: Նա հարուստ էր, նա մեծ էր, նա գեղեցիկ էր, մինչեւ կոկորդը երջանկությամբ եւ մեծարանքով լեցուն էր: Ոմանք նրան համեմատում էին ասիական Բաքոսի հետ, մյուսները` հռոմեացի կայսրերի, այլք` նույն ինքը` Ապոլոնի, եւ իրոք, նրանից լույս էր ճառագում:
Փարիզում, հենց նա այնտեղ հայտնվեց, նրա անունը շուրթեշուրթ էր անցնում, նրա մասին պատմում էին ամենաանհեթեթ անեկդոտները, այն օրերին Ուայլդը դեռ ոսկե ծխամորճով ծխախոտ ծխող եւ ձեռքին արեւածաղիկ բռնած զբոսնող մարդ էր: Տիրապետելով փառք ստեղծող մարդկանց քթից բռնած տանելու արվեստին, Ուայլդը կարողացավ ստեղծել, իր ճշմարիտ կերպարի հետ մեկտեղ, ինչ-որ զվարճալի ֆանտոմ, որով նա սրամտորեն խաղում էր:
Ես նրա մասին լսեցի Մալարմեի մոտ, նրան նկարագրում էին` որպես փայլուն զրուցակցի, եւ ես կամեցա նրա հետ ծանոթանալ, առանց դա երբեւէ իրականացնելու հույսի: Երջանիկ դիպվածը, ավելի շուտ` մի ընկեր, ում ես պատմեցի իմ ցանկության մասին, ինձ ծառայություն մատուցեց: Ուայլդը ճաշի էր հրավիրված: Դա ռեստորանում էր: Մենք չորս հոգի էինք, սակայն խոսում էր միայն Ուայլդը:
Նա չէր զրուցում, նա պատմում էր: Ճաշկերույթի ողջ ընթացքում նա անդադար պատմում էր: Նա պատմում էր ցածրաձայն եւ դանդաղ, եւ հենց ձայնը նրա հրաշք էր: Նա հիանալիորեն ֆրանսերեն գիտեր, բայց ձեւացնում էր, թե բառ է փնտրում, եւ դիտավորյալ ստիպում էր սպասել: Նա համարյա ակցենտ չուներ կամ, ավելի ճիշտ, անքան, որքան նա ուզում էր ցույց տալ եւ հենց դրանով իր խոսքերին նոր, երբեմն տարօրինակ տեսք հաղորդել: Նա անընդհատ scepticisme-ի փոխարեն` արտասանում էր skepticizme: Պատմությունները, որոնք նա անդադար պատմում էր այդ երեկո, դժգույն էին եւ լավագույններից չէին իր խաղացանկում: Դեռեւս չվստահելով, Ուայլդը փորձում էր մեզ: Իր իմաստությունից, ինչպես նաեւ` իր խելահեղություններից, նա բացում էր միայն այն, ինչը, ըստ իր կարծիքի, կարող էր ունկնդիրը գնահատել: Յուրաքանչյուրի համար նա պատրաստում էր սնունդ, որը կհամապատասխաներ նրա ախորժակին, մարդիկ, որ նրանից ոչինչ չէին սպասում, ինչ-որ թեթեւ սնունդ եւ կամ ոչինչ չէին ստանում, եւ քանի որ նրա գլխավոր հոգսը զվարճացնելն էր, մարդկանցից շատերը, որ կարծում էին, թե նրան ճանաչում են, նրա մեջ գիտեին միայն զվարճացնողին:
Ճաշից հետո մենք դուրս եկանք: Ընկերներիցս երկուսը միասին գնացին: Ուայլդը ինձ մի կողմ տարավ:
– Դուք աչքերով եք լսում,- ասաց նա ինձ փոքր-ինչ անսպասելի,- ահա թե ինչու ես ձեզ այսպիսի մի հեքիաթ կպատմեմ. «Երբ Նարկիսոսը մահացավ, դաշտերի ծաղիկները վշտացան եւ գետից ջրի կաթիլներ խնդրեցին, որպեսզի ողբան նրա համար:
– Ա՜խ, – պատասխանեց նրանց գետը,- եթե իմ բոլոր կաթիլներն արցունքի վերածվեն, դրանք այդժամ էլ ինձ չեն բավի այն բանի համար, որ ինքս ողբամ Նարկիսոսի մահը` ես սիրում էի նրան:
– Ա՜խ,- ասացին դաշտի ծաղիկները,- ինչպե՞ս դու կարող էիր Նարկիսոսին չսիրել: Նա գեղեցիկ էր:
– Մի՞թե նա գեղեցիկ էր, – հարցրեց գետը:
– Ո՞վ դա քեզնից լավ գիտի: Ամեն օր, ափի մոտ կռացած, նա հայում էր իր գեղեցկությունը քո ջրերում…»:
Ուայլդը մի ակնթարթ կանգ առավ…
«- Ես սիրում եմ նրան այն բանի համար,- ասաց գետը,- երբ նա կռանում էր իմ ջրերի վրա, ես տեսնում էի նրա աչքերում իմ ջրերի արտացոլանքը»:
Ուայլդը շտկվեց եւ ինչ-որ տարօրինակ ծիծաղով հավելեց.
– Դա կոչվում է «Աշակերտը»:
Մենք մոտեցանք նրա դռանը եւ միմյանց հաջողություն մաղթելով` բաժանվեցինք: Նա ինձ խնդրեց այցելել իրեն: Այդ եւ մյուս տարի ես նրան հաճախ էի տեսնում եւ տարբեր վայրերում:
Օտարների մոտ, ինչպես ես արդեն ասացի, Ուայլդն անտեսանելի դիմակ էր հագնում, որ նախատեսված էր այն բանի համար, որպեսզի զարմացնի, զվարճացնի, իսկ երբեմն էլ` այն բանի համար, որ հոգեհան անի: Նա չէր սիրում լսել եւ մտքին քիչ տեղ էր հատկացնում, եթե դա իրեն չէր պատկանում: Հենց որ նրան չէր հաջողվում փայլել, նա քողարկվում էր: Նա իրեն գտնում էր միայն այն ժամանակ, երբ մենք առանձնանում էինք:
Բավ էր, որ մենք միմյանց հետ առանձնանայինք, նա մեկեն սկսում էր.
– Ի՞նչ եք դուք արել երեկվանից:
Եվ քանի որ այն ժամանակ իմ կյանքն առանց ցնցումների էր անցնում, այն ամենը, ինչ ես կարող էի նրան հաղորդել, նրա համար ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում: Ես հնազանդորեն նրան էի հաղորդում զանազան մանրապճեղ փաստեր եւ նկատեցի, որ իմ պատմելու ժամանակ Ուայլդը սկսեց ճակատը կնճռոտել.
– Եվ դուք իրոք միայն դրանո՞վ էիք զբաղված:
– Այո,- պատասխանում էի ես:
– Դուք ճի՞շտ եք ասում:
– Իհարկե, ճիշտ:
Այդ դեպքում, ի՞նչ կարիք կար դա շարադրելու: Դուք հիանալիորեն գիտեք, որ դա հետաքրքիր չէ։ Հավատացեք, որ գոյություն ունի երկու աշխարհ` այն, որ մենք ունենք, եւ որի մասին սովորաբար խոսում են, այն մենք կոչում ենք իրականության աշխարհ, քանզի այն բանի համար, որ այն տեսնես, ամենեւին էլ դրա մասին խոսելու հարկ չկա: Բայց եւ կա այլ մի աշխարհ` արվեստի աշխարհը` նրա մասին մենք պարտավոր ենք խոսել, քանի որ այլապես նա չէր կարող գոյություն ունենալ:
Թարգմանությունը՝ Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆԻ
«168 ԺԱՄ»