Բաժիններ՝

Աուդիտի արդյունքը կախված է պատվերի բովանդակությունից

Էներգետիկ կրքերի ապագան այժմ ամբողջովին կախված է ՀԷՑ-ում իրականացվելիք միջազգային աուդիտի արդյունքներից: Սակայն մինչ օրս պարզ չէ դրա ընթացքում ո՛չ ստուգումների ուղղությունը, ո՛չ իրականացնող կազմակերպությունը, և ո՛չ էլ, թե ի վերջո այդ աուդիտի համար ո՞վ է վճարելու: ՀԷՑ-ի սեփականատեր «ՌԱՕ ԵԷՍ»-ն արդեն ընկերությունում սկսել է ներքին աուդիտ անցկացնել, բայց դա «սեփական կարիքների» համար է:

ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ միջազգային աուդիտի արդյունքը միանշանակ կախված է պատվերի բովանդակությունից: Ըստ նրա՝ այն ընկերությունը, որը պետք է իրականացնի աուդիտը, կարող է հեշտությամբ մի փաստաթուղթ մոգոնել, որով սակագնի բարձրացումը լիովին կհիմնավորվի: Վ. Խաչատրյանի կարծիքով՝ ֆինանսական աուդիտի կարիք չկա, տեխնիկական աուդիտն այլ հարց է, չարաշահումներ բացահայտող աուդիտը՝ այլ: Եվ, թե ինչ պահանջներ կառաջադրվեն, ըստ այդմ էլ, Վ. Խաչատրյանի խոսքով, ստացված արդյունքը տարբեր կլինի:

Սակայն կա մի հնարավորություն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքը ստուգումներ սկսի ՀԷՑ-ում՝ հարկային եկամուտների վերաբերյալ, ինչը, չարաշահումների բացահայտումների դեպքում, կարող է վերածվել քրեական հետաքննության առարկայի: Վ. Խաչատրյանը մատնանշում է ՀԷՑ-ի և «ՌԱՕ ԵԷՍ»-ի 2014 թ. հաշվետվությունները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ի հասույթն անցած տարի կազմել է 300 մլն դոլար: Սակայն, միաժամանակ, ռուսական ընկերության Կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկն օրերս դժգոհություն էր արտահայտել, թե 11 տարիների ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը և մյուս գործոնները հանգեցրել են մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 մլրդ դրամի եկամուտ չի ստացել: ՀԷՑ-ի կրած վնասների համար Կովալչուկը մեղավոր է համարում Հայաստանում գործող կարգավորման համակարգը: «168 Ժամը» Վ.Խաչատրյանից հետաքրքրվեց, թե այդ հասույթի առկայության պարագայում ինչո՞վ է պայմանավորված Կովալչուկի դժգոհությունը:

– Գուցե իրենք ավելի շատ ակնկալիքներ ունեին: 2014-ի հաշվետվությունում իրենք արձանագրում են նախորդ տարվա համեմատ` հասույթի 65% աճ: Բոլոր դեպքերում ՀԷՑ-ը հասույթ ունեցել է, այսինքն՝ իր տնտեսական գործունեությունը, սահմանված սակագինը թույլ են տվել հասույթ ստանալ: Դրանից հետո է ձևավորվում շահույթ, ամորտիզացիա են հանում, և այլն, դա ուրիշ խնդիր է: Բայց տվյալ դեպքում իրենք արձանագրում են, որ 65% հասույթն ավելացել է: Նույն Կովալչուկին ես կարող եմ հարց ուղղել՝ երբ 2014 թ. կամ 2013թ. ձեր դուստր ձեռնարկությանը փոխառություն եք տալիս, չե՞ք հարցնում՝ ինչների՞դ է պետք, և, եթե փոխառություն եք տալիս, ինչո՞ւ եք 10%-ով տալիս, ինչո՞ւ 2-3%-ով չեք տալիս, կամ ընդհանրապես անտոկոս:

Չէ՞ որ ձեր դուստր ձեռնարկությունն է, այսինքն՝ դուք էլ մասնակից եք եղել, որ ֆինանսական վիճակը վատանա: Եթե 2012 թ. և 2013 թ. պորտֆելը նայում ենք, կարելի է մտածել, որ իրենք կանխամտածված գնում էին սրան: Ուրեմն րոպեական խնդիրներ լուծելու կամ աշխատավարձ վճարելու համար վերցնում են 12-14%-ով վարկ, երբ իրենց վարկային պորտֆելի մեջ կային 4-6%-ով վարկեր: Հիմա ինչո՞ւ պետք է դրա պատասխանատվությունը մենք կրենք: Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի փոխարեն` մենք կրենք այդ վնասը: Ջրային և մյուս գործոնների մասին հեքիաթ են պատմում: Ո՞վ ասաց, որ այդպես է: Ես էլ կարող եմ այլ ձևով խնդիրը դնել՝ ՀԷՑ, հոսանք ես գնում, ինձ բավարարի էն գնով, ինչ տրված է, Վրաստանից գնիր 22 դրամով: Ինչո՞ւ պետք է ինձ հետաքրքրեն Հրազդանի ՋԷԿ-ի աշխատողները, ինչո՞ւ են 7800 հոգով աշխատում, 300 հոգի 4 տարվա մեջ աշխատող են ավելացրել, երբ աշխարհում նույն աշխատանքն առնվազն կես թվով են անում: Թող նայեն մյուս երկրներում իրենց դուստր ընկերությունների կառուցվածքը, աշխատողների թիվը, ու արդյունավետության ցուցանիշ կիրառեն` մեկ քաղաքացու հաշվով ինչքան էլեկտրաէներգիա է արտադրում, կամ մեկ քաղաքացու եկամտի հաշվով ինչքան կարող ենք գնել, կամ մեր եկամուտների մեջ էներգետիկ ծախսերն ինչքան են կազմում: Բա դուք ձեր բիզնես պլանը կազմելուց հաշվի չեք առնո՞ւմ այս ամենը:

– Տեսակետ կա, որ այս ամենն իրականում խաղ է, ու Սերժ Սարգսյանն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ կարող է նա ունենալ:

– Ես այդ տեսությունները չեմ կիսում, շատ ավելի ռեալ եմ նայում ու տեսնում եմ, որ այսօրվա մեր վիճակով, չգիտեմ ինչ խաղեր ուզում է խաղան, ես նայում եմ քաղաքացու տեսակետից՝ մենք ի վիճակի չենք հոսանքի այդպիսի գին վճարել, ավելին՝ մեր տնտեսությունն ի վիճակի չէ այդպիսի գին վճարել: Մեր տնտեսությունն իր բոլոր առավելությունները, որ ուներ 5 տարի առաջ, կորցրել է: Եթե ինչ-որ մրցակցային առավելություն ուներ, գազի, հոսանքի և տրանսպորտի սակագների բարձրացման հետևանքով այդ առավելությունը կորցրել ենք:

– Եթե այսքան տարի անարդյունավետ է կառավարվել ընկերությունը, արդյոք ճիշտ չի՞ լինի սեփականատիրոջը փոխել, նորին պահանջներ ներկայացնել, նաև նոր ներդրումներ կլինեն:

– Ինձ համար անընդունելի են այն մեթոդներն ու նորմերը, որ հիմա փորձում են կիրառել: Ցանկացած սեփականատիրոջ փոփոխություն, եթե դա պայմանավորված է տնտեսական արդյունավետության բարձրացման հանգամանքով, միանշանակ ողջունելի է: Բայց դա կախված պետք է լինի սեփականատիրոջ ցանկությունից, ինքը պետք է անի: Եվ երկրորդը, իհարկե, եթե խնդիրը դրվի` ՀԾԿՀ-ի կողմից այլ նորմատիվներ սահմանվեն, այլ խնդիրներ բարձրացվեն, օրինակ, հիմա հանձնաժողովն ասում է` սակագինը 10%-ով բարձրացնելն է օպտիմալ, 40%-ին համաձայն չեմ, այդ դեպքում սեփականատերը կարող է ինքն ասել՝ ես հեռանում եմ ձեզանից:

– Հատկապես որ` «ՌԱՕ ԵԷՍ»-ն էլ է դժգոհ:

– Այո, կամ կարող են ասել` պարոն Կովալչուկ, դժգո՞հ ես, քեզ ոչ ոք չի պահում այստեղ, և դու բարեգործություն չես անում: Ի դեպ, ամենակարևոր հարցը նաև սա է՝ ոչ ոք թող չգա ՀՀ-ում ՀՀ քաղաքացու համար բարեգործություն անի: Ես ոչ մեկի աշխատանքն այստեղ բարեգործություն չեմ համարում: Դուք գալիս եք՝ ձեր շահն ունեք, ես էլ իմ շահն ունեմ, եկեք այնպես անենք, որ մեր երկուսի շահը համադրելի լինի: Այսինքն՝ ձեր տված ծառայության համար ես կարողանամ վճարել: Իշխանությունը պետք է այդ խնդիրը դնի, որ ՀՀ քաղաքացիների միջին աշխատավարձի X%-ից բարձր չլինի սակագինը: Էներգետիկ համակարգի ռազմավարական ծրագիր ես չեմ տեսնում, մենք ստեղծում ենք համակարգեր՝ համակարգերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս