«Երբ բախման վտանգը ռեալ ու իրական դառնա՝ «կենդանի պատը» այնտեղից ուղղակի կգոլորշիանա»
Այսօր «Նյութ» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ: Ասուլիսի թեման «Ոչ թալանին» նախաձեռնության պայքարի արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակն է:
Վահրամ Մարտիրոսյանը կարծում է, որ մեծ թվով մարդկանց օրեր շարունակ փողոց դուրս բերած այս պայքարը պետք է դիտարկել ոչ թե քաղաքական, այլ սոցիալ-հոգեբանական հարթության մեջ: Նազարեթ Կարոյանն այն կարծիքին է, որ եթե անգամ այս պայքարը քաղաքական իրադրություն է գեներացրել, այնուամենայնիվ, այն ուժերը, ովքեր ներգրաված են այստեղ՝ ամբողջովին քաղաքացիական բնույթ են կրում: Բանախոսը նախընտրում է կոնկրետ օրինակ նշել՝ երբ նախագահ Սարգսյանի հայտարորությունից հետո շարժման ներսում տեղի ունեցան խմորումներ՝ ուղեկցված ակնհայտ տրոհումներով:
«Եթե դիտարկենք նախագահի հայտարարությունը ապա պետք է ասենք, որ դա Բաղրամյան պողոտայի վրա մնացածներին թույլ էր տալիս իրավիճակը ներկայացնել հաղթանակի դիրքերից, բայց քանի որ իրենք քաղաքացիական դիրքերի վրա էին, մերժեցին քաղաքական խաղի մեջ մտնելու առաջարկը: Արդյունքում տեղի է ունեցել նահանջ՝ իշխանությունների կողմից և եթե իրենք էլ ձևացնեին նահանջ իրենց դիրքերից, ապա թույլ չէին տա այն պառակտումը, որ եղավ: Քաղաքական խաղերին չտրվելու արդյունքում տեղի ունեցավ ռադիկալիզմ»:
Նազարեթ Կարոյանը գտնում է, որ այն, ինչ այսօր կատարվում է Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում իրականում գեներացումն է քաղաքական այն կապիտալի, որ անխնա և դաժանաբար մսխվել է վերջին տասնամյակներին իշխանությունների կողմից, որի արդյուքում կանգնած ենք այսպիսի ողբերգական իրավիճակի առջև:
Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով՝ խորքում այս շարժումը քաղաքական բնույթ ունի և դա են ապացուցում կարգախոսներից մի քանիսը, որոնք հնչում են Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում, ըստ էության, ընդունելի լինլով բոլորի կողմից՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան»: Ըստ բանախոսի, ինչքան էլ տարօրինակ թվա, բայց անկախության հռչակումից 25 տարի անց նոր սերունդը վանկարկում է հենց այս կարգախոսները:
Գրողը կարծում է, որ այս կարգախոսները ակնարկ են՝ գաղութատիրության դեմ պայքարին և ինքչան էլ այս շարժման նախաձեռնողները չեն բարձրաձայնում այդ մասին, ակնհայտ փաստ է, որ Հայաստանը գտնվում է տնտեսական գաղութացման կարգավիճակում, իսկ նախաձեռնության գլուխ կանգնած երիտասարդները ողնաշարով են զգում այդ ճնշումն ու նվաստացումը: Բանախոսն այն կարծիքին է նաև, որ այս պայքարը յուրօրինակ է դարձնում, այսպես ասած՝ «ինտերնետ սերնդի» տարբերությունը «ջինսի սերնդից».
«Վերջին սերնդից ենք ես ու Նազարեթ Կարոյանը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ապրել են սրված՝ կոմունիստական և լիբերալ դեմոկրատական կամ կապիտալիստական գաղափարախոսությունների պայքարի շրջանում:
«Ինտերնետի սերունդը» մեզնից տարբերովում է իր ռացիոնալիստությամբ, իրազեկությամբ, միֆական գաղափարախոսություններից ազատված լինելու առավելությամբ: Արդյուքնում «ինտերնետ սերունդը» հակված է առավել ռացիոնալ խնդիրներ լուծելու՝ «Մաշտոցի պուրակ», «150 դրամի» պայքար, էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացում և այլն:
Այս պայքարի դուրս եկածներն ունեն արժանապատվության խնդիր և նրանց հայտնություն այնքան գեղեցիկ էր, որ բոլորը սիրեցին իրենց ու ուզեցին նրանց կողքին լինել՝ նույնիսկ իշխանությունները, որի փորձը մենք արդեն տեսանք: Նրանցից մի քանիսը եկան, փորձեցին քսմսվել, ինչը նրանց չհաջողվեց»:
Այն հարցին, թե ինչպես են բանախոսները գնահատում չեզոք մտավորականների դերը այս շարժմանը, արվեստի տեսաբան Նազարեթ Կարոյանը պատասխանեց, թե նրանք իշխանությունների հետ սերտ կապված շահեր ունեն, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի այդ շահերի բախում տեղի ունենա: «Կենդանի պատի» դեմ բանախոսը ոչինչ չունի և գտնում է, որ սա ևս պայքարում մասնակցություն ունենալու որոշակի դրսևորում է.
«Հարցն այն է՝ ինչքանո՞վ է այդ պատը ֆորմալ ներկայացուցչական, ինչքան ռեալ և կոնկրետ բնույթ կրում և բախման դեպքում ինչքանո՞վ կարդարացնի իրեն»,- ասում է բանախոսը:
Գրող Վահրամ Մարտիրոսյանի տեսակետը ձեռնպահ մտավորականների հարցում կտրուկ է. «Նրանք պարզապես վախկոտ են ու վախենում են սեփական մորթու համար, և վերջ»:
«Կենդանի պատը» Վահրամ Մարտիրոսյանին զավեշտալի է թվում, երբ նա նայում է այնտեղ հավաքված մարդկանց, որովհետև նրանց մեծ մասը, ըստ բանախոսի, լավ կանեին մինչ այս իրավիճակը հասարակության համար «Կենդանի պատի» դեր տանեին. «Երբ բախման վտանգը ռեալ ու իրական դառնա՝ նրանք այդտեղից ուղղակի կգոլորշիանան, թեե այնտեղ մի քանի րոպե կանգնելը գուցե ոմանց ուղեղների համապատասխան տեղերում ազդանշաններ տա, որ պետք չէ այնուամենայնիվ այդքան եռանդուն կերպով ծառայեն իշխանություններին:
Շարժման ընթացքում ծեծն էլ «փաթեթի» անբաժանելի մասն է, և եթե մենք գնում ենք այնտեղ, ենթադրում ենք, որ կարող է նման բան պատահել մեզ հետ, ինչպես արդեն օրինակ պատահեց Նազարեթ Կարոյանի հետ, որը ինքը սակայն պատեհ-անպատեհ չի շահարկում»,- հավելեց Վահրամ Մարտիրոսյանը: