«Ես մի քիչ «ինքնաբուխ» երիտասարդ եմ». ասում է դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ Հայկ Պետրոսյանը
«Հայկ Պետրոսյանը երգում է Ազնավուր»։ Հունիսի վերջին կայանալիք համերգի մասին ազդարարող այս հրավեր-հայտարարությունը միայն վերջերս է տեղ գտել Վարդան Պետրոսյանի որդու` Հայկ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում։
Որքան էլ որ զարմանալի է հնչում, սակայն իրապես ընդամենն օրեր հետո կայանալիք համերգի գովազդով Հայկը սկսել է զբաղվել միայն վերջերս։ Մեր զրույցի ընթացքում պարցվեց, որ դա Հայկի, ինչպես ինքն է նշում` «ինքնաբուխ երիտասարդ» լինելու դրսևորումներից միայն մեկն է։
Մասնագիտությամբ դիվանագետ Հայկ Պետրոսյանին սկսեցին ճանաչել տարիներ առաջ կայացած «Հայ սուպերսթար» նախագծի շրջանակներում, որից հետո նա հոր` Վարդան Պետրոսյանի հետ համատեղ համերգներ ունեցավ` երգելով Շառլ Ազնավուրի երգացանկից։ Համերգներն ընդհատվեցին Հայկի բանակ զորակոչվելու պատճառով։ Այսօր արդեն Հայկը կրկին հանդիսատեսին հրավիրում է համերգի, որի շրջանակներում երգելու է Շառլ Ազնավուր. այս անգամ` արդեն միայնակ, սակայն` նվագախմբի ուղեկցությամբ։
– Կպատմե՞ք կայանալիք համերգի մտահղացումից։
– Նախքան բանակ գնալս «Գաֆէսճեան» կենտրոնում հայրս` Վարդան Պետրոսյանը, «Հայ սուպերսթարի» մասնակիցներ Իվետա Մուկուչյանը, Րաֆֆի Օհանյանը և ես համերգ տվեցինք, որի շրջանակներում երգում էինք Շառլ Ազնավուրի երգերը։ Բայց ընդամենը երկու համերգ ունեցանք, որից հետո ես գնացի բանակ։ Ինչ վերաբերում է այս համերգին, ապա ես այն ուզում էի իրականացնել դեռևս անցյալ տարի` Ազնավուրի 90-ամյակին նվիրված։ Մենք բոլորս շարունակ կրկնում ենք, թե որքան շատ ենք սիրում Ազնավուրին, ոմանք նաև նրա անունով «երդվում» են։ Սակայն նրա 90-ամյակին նվիրված որևէ միջոցառում` պետական մակարդակով, այդպես էլ տեղի չունեցավ։ Իր 90-ամյակին նա եկավ երգեց ու գնաց։ Ազնավուրին ես շատ եմ սիրում, բայց և չեմ ուզում ասել, թե այս համերգը նվիրված է նրան, որ խոսքերս պաթոսով հնչեն։ Սա, կարելի է ասել, հարգանքի տուրք է Մեծ վարպետին։
– Ի՞նչ է այդ օրը տեսնելու հանդիսատեսը։
– Համերգին հնչելու է 16 երգ` ֆրանսերեն, անգլերեն և մի քանիսն էլ` հայերեն թարգմանությամբ։ Ինչպես նաև` լինելու է պոպուրի, որտեղ կներկայացնեմ, թե ի՞նչ երգեր էր սիրում Ֆրանսիան մինչև Ազնավուրը։
– Ընթացքում լինելո՞ւ են stand up-եր, ինչպես Վարդան Պետրոսյանն էր անում ելույթների ժամանակ` և՛ երաժշտություն, և՛ հումորային մենախոսություններ։
– Խոսք լինելու է, բայց ոչ stand up։ Հումորային անցումներ են լինելու։ Ինչպես նաև` մի քանի երգեր կան, որոնց նախքան երգելն ուզում եմ պարտադիր ներկայացնել, մեկնաբանել։ Շատերը սիրում են Ազնավուրի երգերը` առանց հասկանալու, թե ինչի մասին է նա երգում։ Համերգն ունի սցենարական գիծ` ընթացքում պատմելու եմ Ազնավուրի անցած ուղին, նրա կյանքի հետաքրքիր դրվագները։
– Մտավախություն չունե՞ք, որ կլինեն նաև մեկնաբանություններ, որ, օրինակ, Դուք օգտագործում եք Ազնավուրի անունը` Ձեր համերգի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։
– Հուսամ` այդպես չի դիտարկվի։ Այդպիսի մտադրություն չունեմ, քանի որ շատ եմ սիրում Ազնավուրին։ Մարդիկ դա կզգան։ Բացի այդ, ես շատ կուզեմ, որ մարդիկ գան` հենց միայն Ազնավուրի անվան պատճառով, որ հերթական անգամ լսեն նրա երգերը, ասելիքը։ Ոչ այն պատճառով, որ այդ անվան շնորհիվ ես տոմս կվաճառեմ։ Ի դեպ, տոմսերի գինը բավականին ցածր է, զուտ ծախսերը ետ բերելու համար։ «Պապու» և հատկապես «տատու» գներ չենք դրել տոմսերի համար։
– Ի դեպ, հունիսի 29-ին և 30-ին կայանալիք համերգներին հաշված օրեր են մնացել։ Տոմսերը վաճառվո՞ւմ են։
– Տոմսերի վաճառքը մի քանի օր առաջ ենք սկսել, անկեղծ ասած։
– Ինչո՞ւ։
– Ֆեյսբուքում հրավերի և համերգի մասին հայտարարությունը մի քանի օր առաջ եմ տեղադրել։ Սովորաբար նման համերգների տոմսերի վաճառքով և գովազդով առհասարակ սկսում են զբաղվել առնվազն երկու ամիս առաջ։ Բայց դե, ես մի քիչ ինքնաբուխ երիտասարդ եմ։ Մի անգամ էլ եմ նման ռիսկի դիմել, երբ տարիներ առաջ մայիսի 1-ին որոշել էի, որ մայիսի 10-ին պետք է համերգ ունենամ։ Համառորեն կազմակերպեցի ամեն ինչ և, փառք Աստծո, բարեհաջող անցավ։ Հուսամ` այս անգամ ևս լավ կլինի։
– Երգելուց, անհատական ներկայացումներ կազմակերպելուց բացի, ինչո՞վ եք զբաղվում։ Բեմն ու հանդիսատեսը, իհարկե, գայթակղիչ են, բայց այդ ամենից զատ` ինչպե՞ս եք գումար աշխատում։
– Վարում եմ կորպորատիվ երեկոներ, հարսանյաց հանդիսություններ։ Բայց դա ժամանակավոր բնույթ է կրում։
– Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում։ Նկատվում է, որ շատ արտիստներ նույնիսկ խուսափում են այդ թեմայի շուրջ խոսել, ինչո՞ւ։
– Ոչ մի վատ բան չկա։ Հարցը լավ ու վատի մեջ չէ։ Խնդիրը նրանում է, թե ինչ կարգավիճակի ես հասել։ Ես դեռ երիտասարդ տղա եմ և ինքս իմ առջև նշաձող չեմ դրել, թե` այսինչ գործով երբեք չեմ զբաղվելու։ Ես նոր եմ սկսում իմ ճանապարհը։ Ի դեպ, կորպորատիվ երեկոներ վարելը բավականին բարդ աշխատանք է, եթե ուզում ես, որ այն լավ անցնի։ Բայց ես երբեք չեմ ցանկանա, որ այն դառնա իմ մշտական, այսպես ասած` հացի աղբյուրը։ Ես շատ այլ նպատակներ ունեմ իրականացնելու։
– Որքա՞ն գումար եք պահանջում կորպորատիվ կամ հարսանյաց խնջույք վարելու դիմաց։
– Աստղաբաշխական թվեր չեմ «կրակում» և միշտ աշխատում եմ մտնել մարդկանց դրության մեջ։ Ամեն դեպքում մարդ պետք է իր աշխատանքը գնահատել իմանա։ Զուտ այդքանը։ Ես ունեմ առավելություններ, կարող եմ վարել և՛ անգլերեն, և՛ ֆրանսերեն լեզուներով։ Կարող եմ նաև ընթացքում մի քանի երգ կատարել։ Այլ կերպ ասած` բազմաֆունկցիոնալ եմ։
– Ի՞նչն է Ձեզ ամենից շատ զվարճացնում մեր հայկական խնջույքների ընթացքում։
– Վերջերս մի թամադայի եմ տեսել, ով հատուկ խորովածի մուտքի համար բանաստեղծություն էր հորինել և ինչքան ուժ ուներ` պաթոսով արտասանեց այդ «հանճարեղ» քառատողը։
– Թերևս, միակ ազգն ենք, չէ՞, ով խորոված միս տեսնելիս` երգում ու պարում է և պաշտոնապես հայտարարում «գալիք հրաշքի» մուտքի մասին։
– Պետք է խոսել խորովածի մասին, քանի որ միակ ուտեստն է աշխարհում, որն այդքան պատիվ ունի։ Դուք լսե՞լ եք, որ իտալական սպագետին, ուզբեկական փլավը կամ ուկրաինական բորշչն այդքան «պատիվ» ունենան։ Իսկ մեր խորովածը «պատմական» ուտելիք է։ Խորովածի համար հատուկ երաժշտություն, հատուկ ներկայացնելու ձև կա, որ անգամ չալաղաջն է հուզմունքից «քրտնում», որ շուտով իր մուտքն է լինելու։
– Հարցազրույցներից մեկում նշել եք, թե մինչ «Հայ սուպերսթարին» մասնակցելը դերասան դառնալու մտադրություն չեք ունեցել, և, որ ճանաչված լինելու «համը» հենց այդ նախագծի ժամանակ եք զգացել։ Ուզում եք ասել` հանկարծակի՞ զգացիք, որ ուշադրության կենտրոնում լինելը հաճելի է։
– Բեմի մարդկանց հատուկ է եսակենտրոնությունը։ Հոգեբաններն ասում են, որ արտիստները, ովքեր սիրում են լինել ուշադրության կենտրոնում, մեծամասամբ մանկության ժամանակ քիչ սեր ստացած մարդիկ են։ Իմ պարագայում, փառք Աստծո, նման խնդիր երբեք չի եղել։ Ես փոքրուց սիրված երեխա եմ եղել։ Անշուշտ, հանդիսատեսի ծափահարությունները շոյում են յուրաքանչյուր արտիստի ինքնասիրությունը։ Բայց այդ հաճույքը երբեք չի կարող լինել գլխավոր նպատակ` բեմ բարձրացող մարդու համար։ Գլխավոր նպատակը հանդիսատեսին ասելիքդ փոխանցելն է, հուզելը, ուրախացնելըգ
Բայց եթե հանդիսատեսը դահլիճից «դատարկ» դուրս եկավ, ուրեմն մի բան սխալ է արված։
– Հայտնի մարդկանց զավակներին մշտապես համեմատում են իրենց հայրերի հետ, հատկապես, երբ նրանք ընտրում են նույն ուղին։ Ձեզ մոտ չկա՞ մտավախություն, որ որքան էլ լավը լինեք բեմում, միևնույն է` գնահատականներ տալիս առաջին հերթին` համեմատելու են հայրիկի` Վարդան Պետրոսյանի հետ։
– Լավ հիշում եմ, երբ 2010 թվականին խաղացի իմ առաջին stand up-ը։ Այդ ժամանակ պապան Ամերիկայում էր` հյուրախաղերի։ Զանգեցի խոսելու և ասացի, որ նրա կարիքը շատ ունեմ, ասացի, որ գա, տեսնի, իր խորհուրդը տա։ Պատասխանեց, թե շատ ավելի լավ կլինի, որ միայնակ անեմ ամեն ինչ` իմ տարբերակով, առանց խորհուրդների, առանց միջամտության։ Հայրս հասավ միայն 4-րդ ներկայացմանն ու ասաց, որ շատ է հավանել արածս աշխատանքը։ Այն, որ ինձ համեմատում են պապայի հետ, դա ինձ երբեք չի խանգարել, բայց շատ է պարտավորեցնում։ Եվ այդ պարտավորվածության զգացողությունը մղում է նրան, որ ես ավելի շատ աշխատեմ, հղկեմ ինձ, պատասխանատու լինեմ։
– Բեմ բարձրանալիս կա՞ զգացողություն, որ Դուք դեռ պետք է ապացուցեք հանդիսատեսին, որ բացի Վարդան Պետրոսյանի որդին լինելուց, նաև դերասան Հայկ Պետրոսյանն եք։ Կարողացե՞լ եք գտնել Ձեր տեղը հանդիսատեսի սրտում։
– Կոնկրետ նպատակ չեմ հետապնդում` ելույթ ունենալ և ապացուցել, որ ես` ես եմ, հետո նոր` Վարդան Պետրոսյանի որդին։ Երբե՛ք։ Համաձայն եմ, որ հանդիսատեսի մեջ կա նման զգացում, որ ես առաջին հերթին` հորս որդին եմ, հետո նոր` մի տղա, ում ելույթին եկել են ականատես լինելու։ Բայց մյուս կողմից` լավ է, որ համեմատում են։ Եթե «ծանր դեպք» լինեի, անգամ չէին համեմատի։ Բայց ես դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ, որ գոնե մոտենամ հորս` յուրաքանչյուր հարցում։
– Շատ կենսուրախ, կատակասեր երիտասարդի տպավորություն եք թողնում, չնայած բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ճանաչում են Ձեր հորը, կռահում են, թե իրականում ինչ է կատարվում Ձեր ներսում հիմա։ Ի՞նչ զգացիք այն օրերին, երբ տեղի ունեցավ այն ողբերգալի ավտովթարը։
– Հասկանում եմ, որ շատերին է հետաքրքրում այս թեման։ Ես կարող եմ շատ երկար ծավալվել այս թեմայի շուրջ, բայց գտնում եմ, որ դեռ ժամանակը չէ։
– Ձեր կյանքում տեղի ունեցած ո՞ր դեպքից հետո եք զգացել, որ, այսպես ասած` հասունացել, մեծացել եք։ Այսինքն` դեպք, որը փոխեց Ձեր աշխարհայացքը։
– Առաջինը, երբ 16 տարեկանում գնացի Ֆրանսիա` սովորելու։ Երբ փոխում ես երկիրը, միջավայրն ու նայում ես քո անցած 16 տարիներին, ամեն ինչ այլ, նոր տեսանկյունից է երևում։ Հիմնականում մարդուն կոփում է դժվարությունների հաղթահարումը։ Հայրս միշտ ասում էր և ասում է, որ ամենադժվար, ամենաբարդ հաղթանակն այն է, երբ կարողանում ես հաղթել ինքդ քեզ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում կան այդպիսի փուլեր, փորձություններ, որոնք նա պետք է հաղթահարի։ Ասում եմ` պետք է, քանի որ, ըստ իս` մարդուն տրվում է միայն այն, ինչ նա կարող է հաղթահարել։ Եվ ոչ ավելին։
– Ձեր հոր խորհուրդներից ամենակարևորը ո՞րն է Ձեզ համար։
– Երբ հայրս խաղում էր «Ճակատագրի կատակներ» ներկայացումը, վերջում իր խոսքն ուղղելով հանդիսատեսին` ասում է մի նախադասություն, որն ասես ինձ ուղղված լիներ. «Կյանքում ոչինչ հեշտ չի տրվում։ Նվաճումները ձեռք են բերվում մաքառումների և տառապանքների գնով։ Այդ ճանապարհը լի է հուսախաբություններով, բայց մի վախեցիր։ Հիշիր, որ ամենաանելանելի իրավիճակում էլ ելք կա։ Երբեք չհուսախաբվես, ձեռքերդ թափ չտաս, խաչդ վերցրու և միշտ առաջ գնա»։ Խորհուրդներ և իմաստուն խոսքեր հայրս շատ ունի, բայց այս մեկն ասես ամփոփիչ լինի։