Բիբինն ով ա

Հեքիաթը կայացավ։ Ափսոս վերջում երեք խնձոր չընկավ։ Երևի ոչ մեկիս չէր հասնում։ Ո՛չ սեփականատիրոջը, ո՛չ իշխանություններին` իրենց հարազատ Սակագնային հանձնաժողովի հետ, ոչ էլ մեզ` պարզ սպառողներիս։ Երկու զույգ, մի կենտ քանակով ոստիկաններ էին հսկում Սակագնային հանձնաժողովի խաղաղ նիստի անդորրը։ Մի զույգ, երկու կենտ ցուցարարներ փորձում էին խոչընդոտել նրանց։ Բայց ի՜նչ կրքեր էին։ Համարյա էպիկական։ Բոլորը խոսեցին օրեր շարունակ։

Հանրային խորհրդի ոչինչ չպարտադրող նիստերի ընթացքում։ Կամ օրենսդիր գերագույն մարմնի` ԱԺ քննարկումների ընթացքում։ Իշխանական պատգամավորներից` մինչև ընդդիմադիրներ։ Ահագին բան բացահայտվեց։ Հրապարակվեցին տվյալներ։ Դրանցից յուրաքանչյուրը բավական էր տասնյակ հատորներով քրեական գործեր հարուցելու համար։ Կողոպուտի կամ թալանի մեղադրանքով։ Անհավանական է, բայց համարյա նույն քանակի քրգործ կարելի էր հարուցել իմանալ-չհայտնել հոդվածով։ Պարզվեց` բոլորն ամեն ինչ գիտեն, բայց միայն նոր են զարմանում, որ երկրի ամենաապահովված համարվող ու մոնոպոլիստ կառույցը` ՀԷՑ-ը, համարյա սնանկ է։

Չնայած գիտեին այս կառույցի անհավանական տնտեսական արկածները։ Պարզվում է` հոսանքի սակագինը մուծողները` տնտեսվարողներից մինչև պարզ սպառողներ, տնտեսական տարօրինակ արկածներ են ֆինանսավորել։ Ինձ, օրինակ, ամենաշատը ոգևորեց այն փաստը, որ հարազատ իշխանությունները` ներառյալ սիրելի Սակագնային հանձնաժողովը, գիտեին, որ սակագնի մեջ ներառված է ՀԷՑ-ի վարձակալած «Լեքսուս» կամ նման տարօրինակ անուններ ունեցող ավտոմեքենաների արժեքը։ Այս բոլոր մեքենաները ՀԷՑ-ին տրամադրել է ՀՀ քաղաքացի Գեղամ Կարապետյանի սեփականություն հանդիսացող ընկերությունը։

Լրատվամիջոցները պարզեցին, որ այս քաղաքացին իրականում գոյություն ունի։ Ավելին` նա գոնե վերջին չորս տարում ավտոմեքենա վարձակալության տալիս է միայն պարոն Բիբինի ղեկավարած կազմակերպությանը։ Այդ նույն կազմակերպությանը, որ հպարտորեն կրում է Հայաստանի էլեկտրացանցեր խրոխտ անունը։ Ուրիշ ոչ մի այլ կազմակերպության։ Բայց սա չէ զարմանալին։

Լրատվամիջոցները պարզեցին, որ վերոհիշյալ պարոնի` Գեղամ Կարապետյանի ընկերությունը գրանցված է նույն հասցեում, ինչ ՀԷՑ-ը։ Ա. Արմենակյանի 127 հասցեում գործող ընկերության հետ տնտեսական պայմանագիր կնքած ու նույն հասցեում գործող ՀԷՑ-ի գործունեության փաստը ոչ ոք տարօրինակ չհամարեց։ Իսկապես, հավանաբար, Էքյուլ Պուարոյի կամ Ագաթա Քրիստիի շնորհն էր պետք ունենալ` այստեղ կրիմինալ փաստ նկատելու համար։ Բայց հարազատ Սակագնային հանձնաժողովից նման ակնկալիք ունենալն իրատեսական չէ։ Ինչպես` ոչ պակաս հարազատ ԱԺ պատգամավորներից ու մեր երկրի տնտեսությունը կառավարող հմուտ չինովնիկներից։

Բայց ամեն ինչ ավելի խոստումնալից էր։ Հեռուստաընկերություններն իրար հերթ չտալով` դիմադիր ու ընդդիմադիր պատգամավորների ելույթներ էին հրապարակում։ ԱԺ Տնտեսական հանձնաժողովի, ներողություն` եթե սխալվում եմ, նախագահ Վարդան Այվազյանը գոռգոռալով հայտարարում էր, որ վիրավորված է։ Բոլորն էին վիրավորվել։ Ռոբերտ Նազարյանը, նույնիսկ Խոսրով Հարությունյանը պնդում էին, որ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինի բացակայությունն ԱԺ-ի ու Սակագնային հանձնաժողովի նիստերին անթույլատրելի է։ Անթույլատրելի է ու վիրավորական։

Պարոն Բիբինն այս քննարկումներին նույնիսկ ներկայացուցիչ չէր ուղարկել։ Ուր մնաց թե` անձամբ ներկայանար։ Մերոնք ահագին ջղայնացան։ Հոգիները թեթևացրին։
Վարդան Այվազյանը նույնիսկ հայտարարեց, որ «Որևէ կազմակերպություն չի կարող պետության դեմ դուրս գալ, փոշմանելու է»։ Ցավոք, չնշեց, թե ով է պետությունը, և ով է փոշմանելու ի վերջո։ Բայց դատելով այս հանրահայտ գործչի ելույթից` կարելի էր ենթադրել, որ խոսքը ՀՀ-ի ու ՀԷՑ-ի մասին է։

Ավելին` Այվազյանը ոգևորվեց ու հռետորական հարց ձևակերպեց` «Ո՞վ է Բիբինը, կներեք»։ Իսկապես, թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում շատ քչերը գիտեն, թե ով է Բիբինը։

Փոխարենը` բոլորս իմացանք,. որ նրա ղեկավարած ընկերության հայցով Սակագնային հանձնաժողովը 7 դրամով բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը։ Իմացանք նաև, որ ԲԻԲԻՆԸ իր հայցի 17 դրամի փոխարեն 7 դրամն անբավարար է համարում։ Անբավարար է համարում ու սպառնում է «հովհարային անջատումներով»։

Այս տերմինն իր նամակներում Բիբինը չի օգտագործում։ Մարդը, հավանաբար, երբևէ չի ապրել մի երկրում, ուր հովհարային անջատումներ են եղել։ Բայց հաստատ գիտի` ում և ինչով է սպառնում։ Որևէ մեկդ գիտե՞ք, թե ինչ են հակադարձելու մերոնք։

Տեսանյութեր

Լրահոս