«Արցախի հեռավոր գյուղերում համացանցի ապահովումը Ղարաբաղ Տելեկոմի առաջնահերթ նպատակներից է».Կարեկին Օդաբաշյան
Հունիսի 17-ից անլար (Wi-Fi) տեխնոլոգիայի միջոցով տրամադրվող բարձրորակ և արագ համացանցային ծառայությունը հասանելի կլինի Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր և Նոր Կարմիրավան համայնքների բնակիչներին:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը Նոր Հայկաջուր և Նոր Կարմիրավան համայնքների ղեկավարներ Ռոբիկ Դանիելյանը և Վիտալի Բեջանյանը շնորհակալություն են հայտնել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին՝ նման կարևոր գործունեություն ձեռնարկելու համար։ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Կ. Օդաբաշյանը նշել է, որ Արցախի հեռավոր գյուղերում համացանցի ապահովումը «Ղարաբաղ Տելեկոմ»-ի առաջնահերթ նպատակներից է:
«Մենք մեծապես կարևորում ենք գյուղական համայնքներին համացանցային հասանելիության տրամադրումը՝ ապահովելու համար աշխարհի հետ այդ բնակիչների անխափան հաղորդակցման կապը՝ միաժամանակ խթանելով այս գյուղերի և Արցախի Հանրապետության առևտրային, կրթական և սոցիալական զարգացումը»,- ասել է Կ. Օդաբաշյանը և հավելել, որ հատկապես մեր երկրի համար համացանցը կենսականորեն կարևոր է, և իրենք ամեն ինչ անելու են, որ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի ունենա այդ հնարավորությունը։
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Մարտակերտի շրջանում կա 34 գյուղ, որ օգտվում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի որակյալ համացանցի ծառայությունից։
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը ևս կարևորել է մանավանդ վերաբնակեցված գյուղերում համացանցի ապահովումը՝ համոզված լինելով, որ առավել անհրաժեշտ է այն դպրոցներին, որպեսզի աշակերտներն անհրաժեշտ գիտելիքներ և ինֆորմացիա ստանան։
Միջոցառմանը Կ. Օդաբաշյանը հանդես է եկել նաև հայտարարությամբ՝ նշելով, որ տարիներ շարունակ ԼՂՀ-ի և ՀՀ-ի սահմանային միջանցքը զրկված է եղել որակյալ բջջային ցանցի հնարավորությունից։
Ուրախ է հայտարարելու, որ մինչև այս շաբաթվա վերջ կապահովվի անխափան ցանց։
«Արցախպրես»-ի թղթակցի պարզաբանում պահանջող հարցին, թե ինչպիսին է համագործակցությունը ՀՀ երեք օպերատորների հետ, Կ. Օդաբաշյանը ասել է. «Անշուշտ, մենք մեկ հայրենիք ենք, բայց երկու անկախ պետություններ՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ 3 օպերատորներն աշխատում են Արցախում՝ թեև նրանց թույլատրված չէ այլ երկրում աշխատելը։ Միջազգային բջջային կապի ասոցիացիայի պահանջներով, ինչպես բոլոր զարգացած երկրներում, յուրաքանչյուր օպերատոր պետք է աշխատի միայն իր համար սահմանված տարածքում»։
Նոր Կարմիրավան համայնքի բնակիչ Օֆելյա Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել համայնքում համացանց ունենալու համար, որն իրենց հնարավորություն է տալու հաղորդակցվել աշխարհի հետ։ Դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպվել է հանդես, որից հետո բնակիչների մի մասը տեղում կնքել է բաժանորդագրման պայմանագիր։ Համայնքների բնակիչները նաև ստացել են «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բազում հուշանվերներ:
Նոր Հայկաջուր և Նոր Կարմիրավան գյուղերում համացանցային ծառայության մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, ինչպես նաև «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ աշխատակիցներ և համայնքի բնակիչներ։ Ի լրումն այս ամենի՝ նշենք նաև, որ այսօր հանրապետության 159 գյուղեր և քաղաքներ, այլ կերպ ասած՝ բնակչության շուրջ 99 տոկոսը, հնարավորություն ունի օգտվելու «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից տրամադրված համացանցային կապից: