Ինչու այծի պանիրը չդարձավ «Շանելին» հավասար բրենդ
«Էդպես հնարավոր իլյուզիաներ մենք շատ ենք ունեցել՝ Գյումրին դարձնել մշակութային կենտրոն, Ջերմուկը դարձնել չգիտեմ ինչ… ուզում եմ հիշեցնել, որ նախորդ վարչապետի հերթական իդեան՝ այծի պանիրը դարձնել «Շանելին» հավասար բրենդ, որ այդպես էլ չդարձավ: Բա որ էդ բիզնես արտոնություններ տվեինք, էդ ներդրումները չեղան, ի դեպ՝ «Արմավիայից» գցված օդաչուների աշխատավարձերը վճարելու համար կառավարության ներկայացուցիչն ասաց, որ տարածք են տրամադրել, որպեսզի ինչ-որ մեկը բարի կամք դրսևորի, ներդրումներ անի ու գումարների արդյունքում փակեք օդաչուների աշխատավարձը, ցավոք սրտի, ներդրում անող չկա: Հիմա բա որ այս պրոյեկտն էլ արժանանա Տիգրան Սարգսյանի այծի պանրի համաշխարհային բրենդ սարքելու տեսլականի ճակատագրին, ի՞նչ ենք անելու»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ «Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրիանագծի քննարկման ժամանակ:
Նախագծով նախատեսվում է խթանել Դիլիջան քաղաքի և հարակից տարածքների որպես կրթական, պատմամշակութային, տուրիստական կենտրոնի ձևավորման, քաղաքի և հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ներդրումային միջավայրի բարելավման շրջանակներում՝ սահմանվում են հարկային և մաքսային արտոնություններ այն ներդրողների համար, որոնց ծրագրերը հավանության կարժանանան ՀՀ կառավարության կողմից:
Ն.Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ո՞ւմ են հաշվետու լինելու այս պրոյեկտի պատասխանատուները՝ արվեցի՞ն ներդրումները, քաղաքապետը թույտվություն տվե՞ց, թե՞ ոչ հատուկ գոտիներում գործունեությամբ չզբաղվելու համար. «Անընդհատ կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ՝ ոչ այծի պանիրը դարձավ բրենդ, ո՛չ Գյումրին մշակութային կենտրոն, ո՛չ Ջերմուկը չգիտեմ ինչ: Ո՞րն է երաշխիքը, որ ներդրողները իրար տրորելով կգան Դիլիջան»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, թե վերջերս Ջերմուկում բրենդային հյուրանոցային համալիր ու գյուղատնտեսական կենտրոն բացվեց. «Դիլիջանում ծրագիրը սկսվել է մի քանի տարի առաջ, այն ժամանակ ցանկությունները ինչ-որ չափով մասնակի իրականություն են դարձել, Դիլիջանում դպրոցի առկա փաստը Ձեր հարցի լավագույն պատասխանն է»: Թե ի՞նչ երաշխիքներ ունենք կամ ովքե՞ր են երաշխիքներ տալու, Վ.Տերտերյանը հայտարարեց, որ խոսքը կոնկրետ ներդրողների մասին է, որ մեզ համար տեսանելի են, հստակ ուրվագծված մարդիկ կան, մասնավորապես՝ դպրոցն առաջին փուլն էր, կա երկրորդ փուլը և արդեն իսկ գործընթաց կա: Նա նշեց, որ դպրոցի կառուցման արդյունքում 600-ից ավելի միլիոն հակային եկմուտներ են ապահովվել:
Նկատելով, որ Գյումրիում ծավալերր շատ ավելի մեծ են, փոխնախարարը կոչ արեց պեսիմիստի փոխարեն օպտիմիստ լինել ու փորձել որոշակի առաջընթաց ապահովել միասին: