Պոչամբարները վստահում են հանցագործությունների հետ կապ ունեցող ընկերությունների՞ն
Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում է «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրինագծի քննարկումը, որով նախատեսվում է «Ալյոտիգ» ընկերությանը արտոնություններ տրամադրել պոչամբարների մշակման նպատակով:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ«Ալյոտիգի» հիմնադիրներն անհայտ անձինք են, գիտնականներ չեն, ճանաչված չեն, այդ աշխատանքների համար «նոու հաու» չունեն, իսկ ֆինանսավորողը «Վի-էս-ի-այ» ձեռնարկությունների խումբն է, որի բաժնետերը Եվգենի Գինեռն է, իսկ այդ կազմակերպությունը կապ չունի հանքարդյունաբերության հետ, գործունեություն է ծավալել անշարժ գույքի և այլ տարբեր ոլորտներում:
Սակայն, ըստ Փոստանջյանի, մինչև առևտրով զբաղվելը, այս ընկերությունը տարբեր հանցագործությունների հետ է կապ ունեցել. «Ո՞ւմ ենք մենք տրամադրում այսպիսի արտոնություն, ես չգիտեմ: Ո՞նց կարելի է ընդունել այսպիսի օրենք և նաև տրամադրել տարածքներ մարդկանց, որոնք բացարձակ ո՛չ կապ ունեն ոլորտի հետ, ո՛չ էլ կապ ունեն գիտության հետ»:
Զ. Փոստանջյանի խոսքով՝ Ողջին ու Փխրուտը փակ կոնսերվացված պոչամբարներ են և, եթե իրոք այդպիսի տնտեսական շահ կա և այդպես արդարացված է այսպիսի արտոնություն տրամադրելը, անհասկանալի է, թե Արծվանիկի հսկայածավալ բաց պոչամբարը թողնելով ինչո՞ւ են փակված պոչամբարները տրամադրում:
Պատգամավորը մեջբերում արեց ծրագրից, որտեղ խոսվում էր, որ ֆինանսավորող ռուսական ընկերությունն օտարերկրյա պետություների կողմից կիրառված սանկցիաների ազդեցության տակ է, որն անհնար են դարձնում ներդրումների իրականացումը, այսինքն՝ արդեն իսկ խնդիրներ ունեցող ընկերությանն են վստահում նման ծանր գործ: Նա հիշեցրեց անհաջող փորձերը՝ ուրանի հանքավայրի հետ կապված, Քաջարանի գյուղի մոտակայքում պաշարները նույնպես ԶՊՄԿ-ին պետք է տրվեր, բայց այդ ծրագրերը չգործեցին, որովհետև և՛ հանրությունն էր հասկանում, և՛ կառավարութունն էլ հասկացավ, որ չեն կարող դրանք գործել:
Ըստ Փոստանջյանի՝ դյուրին ոլորտ չէ, միայն թանկարժեք գյուտերի միջոցով կարելի է այս պոչամբարները մաքրել, բայց դրանք ամբողջ աշխարհում դեռ չկան: Նրա խոսքով՝ եթե ինչ-որ մեկն այս գյուտն արել է, հենց գյուտն ինքը շատ թանկարժեք կլիներ ու նրանք որպես գիտնականեր հայտնի կլինեին ամբողջ աշխարհին, բայց կրկնեց պատգամավորը, նրանց անունները կապված են հանցագործությունների հետ: